Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն անպտղության «սահմանագծին», վերարտադրողական առողջության ու պետության կայացման սերտ կապը

Հուլիս 01,2014 13:31

Երբ Ստոկհոլմում անցկացվող ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման համաժողովին՝ հուզված ու զայրացած ելույթ ունեցավ Աֆղանստանի պատգամավոր Ֆավզիա Քոֆին՝ պատմելով իրենց կանանց սարսափելի տանջանքների ու բուժօգնության անհասանելիության մասին, որտեղ  «տարեկան ավելի քան 6000 կին է մահանում ծննդաբերելիս, իսկ ծննդատուն հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում մեկ շաբաթ ճանապարհ գնալ», եզակի առիթ ունեցա ինձ բախտավոր համարելու, որ ծնվել ու ապրում եմ Հայաստանում:

Աշխարհում տարեկան 290 հազար հղի կին է մահանում՝ չստանալով համապատասխան բուժում ծննդաբերելիս կամ հենց հղիության ընթացքում, իսկ ամեն տարի իրականացվող 20 մլն անօրինական աբորտների  զոհ է դառնում 47000 կին:

Բարեբախտաբար այս թվերի մեջ Հայաստանը գրեթե մաս չի կազմում, վերջին  տասը տարիների ընթացքում մեր երկրում աբորտից  ոչ մի կին չի մահացել, իսկ մայրական մահացության դեպքերը նվազել են ավելի քան 10 անգամ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյան

«Եթե 2000-2002թթ. 100 000 ծնունդի դեպքում գրանցվում էր մոտ 72 մայրական մահացության դեպք, ապա վերջին 3 տարիներին դեպքերի միջին քանակը կազմում է 7-8, որը հետխորհրդային երկրների շրջանում լավագույն ցուցանիշներից է»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Առաջընթացը երկար ու նպատակաուղղված աշխատանքի արդյունք է, որն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, կառավարության հետ համագործակցության արդյունքում՝ ստեղծելով համայնքային բուժկետեր, գիտելիքներով ու հմտություններով զինելով մարզերում աշխատող մանկաբարձներին ու բժիշկներին:

«Մանկաբարձների հմտությունների բարձրացումն ու կրթումը ավելի շատ մարդու կյանք փրկեց, քան ժամանակին, երբ հայտնագործվեցին հակաբիոտիկները, սակայն ողջ աշխարհում դեռ 40 միլիոն կին ծնունդ է տալիս առանց առողջապահական որակյալ խնամքի, սա լուրջ վտանգ է»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինը՝ ողջունելով Հայաստանի կառավարությանը, որ «մեծ առաջընթաց է գրանցել մայրական մահացության և մանկամահացության դեպքերի կանխման գործում»:

Սակայն Հայաստանը կանգնած է մեկ այլ մարտահրավերի առաջ՝ անպտղության վտանգավոր ցուցանիշները, որոնք արդեն հատել են անգամ Առողջության համաշխարհային կազմակերպության սահմանած «15 տոկոսի վտանգավոր» շեմը:
Հայաստանում անպտղության ցուցանիշը 17 տոկոս է: Առաջնային անպտղությունը 5 տոկոս է, երկրորդայինը՝ 12, ինչի հիմնական պատճառները աբորտն ու սեռավարակներն են, որն էլ իր հերթին գիտելիքների, տեղեկացվածության ու սեռական կրթության պակասի հետևանքն է:

«Վերարտադրողական առողջությունն իրականում պետության կայուն զարգացման հիմքերից է, գուցե կարծեք սա չափազանցություն է, բայց եթե սեռական կրթության բացակայության պատճառով մեծանում է սեռավարակների թիվը, մեծանում է անպտղությունը՝ հանգեցնելով ծնելիության անկման, ապա ժողովրդագրական անկումն անպայման ազդում է տնտեսության և այլ ոլորտների վրա»,-ասում է շվեդ պատգամավոր Հանս Լինդեն:

Պատգամավորը շեշտում է, որ Շվեդիան 100 տարի առաջ Եվրոպայում ամենամեծ մայրական մահացության ցուցանիշներն ուներ, սակայն 50 տարի առաջ ներդնելով սեռական, վերարտադրողական առողջության մասին կրթությունը ուսումնական բոլոր հաստատություններում և ստեղծելով երիտասարդական հատուկ կլինիկաներ, որտեղ երիտասարդները ստանում են անվճար բուժօգնություն, ապահովված է գաղտնիությունն ու նրանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը, այսօր առաջնային դիրքերում է Եվրոպայում ոչ միայն վերարտադրողական առողջության, այլ նաև ծնելիության աճի տեմպերով:

խորհրդարանում Վերարտադրողական առողջության, իրավունքների  և սեռական կրթության հանձնաժողովի նախագահ Ուրլիկա Կարլսոն

խորհրդարանում Վերարտադրողական առողջության, իրավունքների և սեռական կրթության հանձնաժողովի նախագահ Ուրլիկա Կարլսոն

 

«Ես հարգում եմ ձեր ազգը, ձեր պատմությունը, դուք դժվար ճամփա եք անցել, ցեղասպանություն եք տեսել, կորցրել եք 1,5 մլն մարդ և այսօր դուք պետք է լրացնեք այդ բացը ծնելիության աճի տեմպերի բարձրացմամբ, բայց եթե այսօր չմտածեք սեռական առողջության մասին, հետո ուղղակի ուշ կլինի, հետևանքները հաճախ անդառնալի են»,- ասում է Լինդենը, ով 2012-ին նախաձեռնել և հեղինակել էր Ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որով Շվեդիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:

Այժմ Շվեդիայում գործում են 220 հատուկ երիտասարդական կլինիկաներ, որոնք ներդրվել են դեռևս 1980-ականներից և ինչպես հավաստիացնում է շվեդ պատգամավոր, խորհրդարանում Վերարտադրողական առողջության, իրավունքների և սեռական կրթության հանձնաժողովի նախագահ Ուրլիկա Կարլսոնը, դրանց գործարկումից ընդամենը մի քանի տարի անց զգալիորեն նվազել են աբորտների ու սեռավարակների թիվը:
«Այսօր Շվեդիան Եվրոպայում ամենաքիչ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր ունեցող երկիրն է: Եթե 80-ականներին բավական մեծ տարածում ունեին սեռավարակները՝ խլամիդիան, հոնորեան և սիֆիլիսը, հատկապես երիտասարդների շրջանում, ապա այժմ դրանց թիվը եռակի նվազել է»,-ասում է Կարլսոնը:

Անպտղությունը՝ սեռական կրթության պակասի հետևանք

Եթե Հայաստանում առաջնային անպտղության 5 տոկոսի պատճառները տարբեր են, ապա 12տոկոս երկրորդային անպտղության հիմնական պատճառը՝ սեռավարակներն են ու աբորտները, որն ուղղակի հնարավոր էր կանխել կրթության և տեղեկացվածության բարձրացման միջոցով:

Միգրացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ վերարտադրողական առողջության մասին հիմնական գիտելիքները դեռահասները ստանում են ոչ թե դպրոցում կամ բուհ-երում, այլ համացանցից, շատ դեպքերում՝ ոչ ճիշտ:

«Երկրորդային անպտղությունը տեղեկացվածության պակասի հետևանք է, ունի երկու պատճառ՝ աբորտներ և սեռավարակ, իսկ դրա միակ լուծումը գիտելիքն է, եթե դու տեղեկացված ես ու գիտելիք ունես, ապա կարող ես խուսափել թե սեռավարակներից և թե անցանկալի հղիությունից»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Հայաստանում դեռահասների (15-19) շրջանում հղիության արհեստական ընդհատման դեպքերն աճում են, պաշտոնական տվյալներով՝ 2011-ին 12.000 աբորտներից 600-ը դեռահասներն են իրականացրել, կամ 15-19 տարեկանների 5 տոկոսը (1000 կնոջ հաշվով), 2009-ին գրանցվել էր 4,6 տոկոս:

Սեռական կրթության խնդրի հաղթահարումը ոչ միայն դժվար է Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, քանի որ հետխորհրդային երկրները դժվարությամբ են հաղթահարում խորհրդային շրջանի «սեքս չկա» գաղափարախոսությունն ու դրա մասին լռելու ավանդույթը:

Երկար պայքարից հետո, միայն 2008-ին հանրակրթական դպրոցների բարձր դասարաններում ներառվեց «Կյանքի հմտություններ» առարկան, որում տարեկան 10-11 ժամ հատկացված է սեռական կյանքի, սեռավարակների, դրանցից խուսափելու վերաբերյալ տեղեկատվության, սակայն այս առարկայի, տվյալ թեմաների մատուցման և ուսուցանման որակը «խիստ կասկածելի է»:

«Մեր մոնիթորինգը բացահայտեց այն ինչ կասկածում էինք՝ դասավանդման որակը անբավարար է, ուսուցիչները դեռ չեն հաղթահարել իրենց մեջ սեռականության մասին խոսելու բարդույթը, և այդ պատճառով մենք ծրագրեր ենք մշակում, որ հենց մանկավարժական համալսարանում ներդրվի սեռական կրթություն առարկան, որպեսզի ապագա ուսուցիչները դեռ ուսանողության շրջանից սովորեն այդ մասին խոսել ու հոգեբանորեն հաղթահարեն այդ տաբուն»,- ասում է Հայրապետյանը՝ հավելելով.
«Մենք չենք կարող թույլ տալ մեզ անպտղության այս վտանգավոր «ճոխությունը»:

Համաժողով, որ փոխեց աշխարհը

Վերարտադրողական առողջության իրավունքն ու դրա հասանելիությունը 20 տարի առաջ՝1994-ին Կահիրեում կայացած 1-ին Բնակչության ու զարգացման համաժողովի ռազմավարական առաջնահերթություններից էր: Այս համաժողովը դարձավ աշխարհում առկա ժողովրդագրական, առողջապահական և իրավունքի իրացման խնդիրների լուծման անկյունաքար: Համաժողովի հարյուրավոր մասնակից երկրները համաձայնեցին ռազմավարական ուղղություններ մշակել՝ վերցնելով գենդերային անհավասարությունները, վերարտադրողական առողջության իրավունքների ու մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:

20 տարի հետո Ստոկհոլմում հավաքված 134 երկրների 260 պատգամավորներ հավաստիացնում էին, որ նպատակաուղղված այս քայլերը, որոնք դրվել էին համաժողովի «գործողությունների պլանում» անգնահատելի արդյունք են տվել:

Եվրախորհրդարանի Բնակչության և զարգացման ֆորումի նախագահ, բարոնուհի Ջենի Թոնգը Կահիրեի համաձայնագիրը համեմատում է Կոպեռնիկոսի հայտնագործության հետ:
«Ինչպես Կոպեռնիկոսը հայտնաբերեց, որ Երկիրը պտտվում է արևի շուրջ և դրանից են բխում մոլորակի այլ երևույթներ, այնպես էլ քաղաքական գործիչները Կահիրեում հասկացան, որ պետության կայուն զարգացումը, սոցիալական ու տնտեսական աճը անմիջականորեն կախված է և բխում է անհատների առողջության, վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման հնարավորություններից, որոնք պետք է ստեղծի հենց պետությունը»,- կարծում է բարոնուհի Թոնգը:

«Եթե երկիրն ունի առողջ հասարակություն, առողջ, կայացած, կրթություն ստացած կին, որը դաստիարակում է լավ երեխաներ, նվաստացված չէ ամուսնու կողմից, ապա այս շրջանը հանգեցնում է պետության կայունությանն ու զարգացմանը»,- հավելում է Թոնգը:
Հայաստանն այս համաժողովի գործողությունների պլանի շնորհիվ արձանագրել է մի շարք հաջողություններ՝ մայրական մահացությունը ողջ աշխարհում շնորհիվ այս գործողությունների պլանի նվազեց երկու անգամ, Հայաստանում՝ գրեթե 10 անգամ, մանկական մահացությունը՝ 5 անգամ:

«Երկար տարիներ աշխարհում այս խնդիրները լուծում չէին ստանում, քանի որ չկար ուղղորդված, հստակ ծրագիր և այս առումով համաժողովն իսկապես կարևոր առաջընթացի հնարավորություն տվեց՝ իր հստակ մեխանիզմներով ու գործողությունների պլանով, որով կառավարությունները ստանձնեցին պարտավորություն իրականացնել դրված պահանջները»,- ասում է Գարիկ Հայրապետյանը:

Առաջիկայում նոր մարտահրավերների համար են ծրագրեր մշակվելու, մասնավորապես Հայաստանը կանգնած է ծերացման խնդրի առաջ, ծնելիության անկման ու արտագաղթի հետևանքով բնակչության կազմի փոփոխությունն արդեն մտահոգիչ է նաև ողջ Եվրոպայում:

«Պաշտոնյաները հիմնականում գիտակցում են խնդիրները, սակայն միշտ չէ, որ առաջնահերթությունները ճիշտ են դրվում, եթե այս հարցերին չտրվեն հրատապ լուծումներ, վաղն արդեն ուշ կլինի»,-կարծում է Հայրապետյանը:

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031