Հունիսի 30-ին մի խումբ դիմորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ԿԳ նախարարության շենքի մոտ: Նրանք, մասնավորապես դժգոհել էին «Գծագրություն» առարկայի քննության պահանջներից:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը (լուսանկարում) հայտնեց, որ ընդունել է դիմորդներին եւ նրանց ծնողներին, լսել, առաջարկել պահանջները եւ ըստ իրենց առկա խնդիրները պարզ շարադրել ԿԳ նախարարին եւ Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի տնօրենին ուղղված նամակով: «Հիմնական հարցադրումը ճարտարապետության եւ շինարարության համալսարանի գծագրություն առարկայի վերաբերյալ էր: Դիմորդները ներկայացնում էին, որ տեղի է ունեցել ընթացակարգերի խախտում: Նամակը կուսումնասիրվի, եւ իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերին շատ արագ կտրվի պատասխան»,-հայտնեց պարոն Սուքիասյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք դրանք այդ առարկայից տապալված դիմորդներն էին: «Որքանով ես հասկացա, մեծ մասը դրական գնահատականներ էին ստացել, կար որ 8 միավոր էր ստացել, դիմորդ կար՝ 11,5 , մեկ ուրիշը՝ 12 էր ստացել: Իմ հարցադրումը հետեւյալն էր, որ եթե համաձայն չէին ստացած միավորի հետ, ըստ կարգի կարող են բողոքարկել քննության արդյունքը: Բայց իրենց հիմնական դժգոհությունները ընթացակարգերի հետ կապված խախտումներին էին վերաբերվում: Երբ նամակով ավելի մանրամասն ներկայացնեն, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ համատեղ կուսումնասիրենք, կաշխատենք մաքսիմալ արագ խնդիրին լուծում տալ, հաշվի առնելով, որ քննական շրջան է»,-ասաց ԿԳ նախարարության վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչո՞ւ չեն թույլատրել դիմորդները լուսանկարեն իրենց աշխատանքները։ Որ հետո ձեռքներին փաստ չլինի, չէ՞։ Ի՞նչ երաշխիք, որ վրան հետո ստուգողներն ըստ իրենց հայեցողության չեն ավելացրել-պակասեցրել։
Մի օր կնորմալանա՞ հայ կրթական համակարգը, թե՞ սերունդներով անընդհատ պիտի տուժենք անվերջանալի կոռուպցիայից։