Ինչպես տեղեկացրել ենք, «Գոլդեն փելես» հյուրանոցում ընթանում է «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը, որին մասնակցում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ֆորումի ընդմիջմանը, պատասխանելով լրագրողների հարցերին սահմանում իրավիճակի մասին, նախարարն ասաց. «ՀՀ սահմաններում եւ ԼՂ շփման գոտում իրավիճակը միշտ էլ մնում է լարված, ուղղակի կրակոցների թիվն է կամ ավելանում կամ պակասում: Վերջին շրջանում կրակոցները, սահմանային խախտումները մեր հարեւան Ադրբեջանի կողմից ավելացել են, ես գտնում եմ, որ այդ ավելացումները տեղի են ունենում քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակներում: Վերջերս նրանք բանակի տոնն էին նշում, դրա շրջանակներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացումներ եղան:
Իհարկե, դիվերսիոն գործողություններ չեն եղել, բայց դիպուկահարների կողմից տարբեր տիպի զինատեսակներից, անգամ նռնակաձիգերից կրակոցներ եղան, որին մեր դիրքապահները, տեղում իրադրության գնահատման արդյունքում համարժեք պատասխաններ տվեցին: Ես միշտ ասել եմ եւ ասում եմ, որ շատ դեպքերում մենք նաեւ կանխարգելիչ գործողություններ ենք անում՝ կանխատեսելով այս կամ այն հատվածում կրակոցների, խախտումների լարվածություն, կանխարգելում ենք դրանք: Այս վերջին օրերին որոշակի լարվածություն կա Հայաստանի հյուսիսում, Տավուշի մարզում, գնդակոծվել են սահմանային գյուղեր: Ճիշտ է, մեծ առումով տուժածներ չունենք, բայց մեր դիրքապահները համարժեք պատասխանել են»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանը չի՞ դիմել ՀԱՊԿ-ին, աջակցության համար, հատկապես Նախիջեւանի դեպքերից հետո, քանի որ ՀԱՊԿ-ի պատասխանատուները հայ լրագրողների հարցերին ի պատասխան, ասել են, որ Հայաստանից իրենց չեն դիմել: Նախարարը պատասխանեց. «Գիտեք, ՀԱՊԿ-ին դիմելու եւ ՀԱՊԿ ուժերի աջակցությունը ստանալու համար կան ընթացակարգեր: Երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը եւ համարվում է, որ պատերազմի սկսումն անխուսափելի է, գերատեսչությունների կողմից աշխատանքային ալգորիթմի շրջանակներում համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, որի կողմից էլ դիմում է հղվում ՀԱՊԿ ղեկավարությանը: Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե այսպիսի հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա համարժեք արձագանքել, ապա այդ բանակն էլ ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակը օրըստօրե ամրանում, ամրապնդվում է, ավելի մարտունակ է դառնում, այսօր հայկական բանակն իրավիճակի է ինքնուրույն այդ խնդիրները լուծել, եւ դա նորություն չէ: Երկրագնդի վրա չկա որեւէ հակամարտության գոտի, որտեղ առանց երրորդ ուժի կկարողանան ուժերի հավասարակշռության շնորհիվ պահպանել հրադադարի հարաբերական պահպանումը: Բայց մենք այսօր եւ Հայաստանի սահմաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերով, առանց երրորդ ուժի, միայն ուժերի հավասարակշռության շնորհիվ պահպանում ենք հրադադարը: Դա վերաբերում է ոչ թե քանական հավասարակշռությանն, այլ որակական ունակություններին եւ մեր զինծառայողների մարտական ոգուն: Այլ բան է ՀԱՊԿ-ին պետք է ցույց տալ եւ տեղեկացնել խախտումների մասին, որ համապատասխան հայտարարություններ արվեն, եւ շեշտեն, թե որ կողմից է խախտումն իրականացվում: Միանգամից ասեմ, որ մեր կողմից երբեւիցե ի սկզբանե խախտումներ չեն եղել, մենք միշտ հակադարձել ենք կամ ահազանգել»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ