Լրահոս
Օրվա լրահոսը

«Դ!եմ եմ»-ի ակտիվիստը արտագաղթել է, և իր հեռացումը համարում է պարտություն, ֆիասկո. «Առաջին լրատվական»

Հուլիս 01,2014 12:12

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանից արտագաղթած «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստ, ՏՏ ոլորտի մասնագետ Տիգրան Տերտերյանը, որը աշխատանքի հրավեր է ստացել և այժմ աշխատում է Jibe Mobile ընկերությունում (Գերմանիա, Դյուսելդորֆ):

-Տիգրան, Դուք «Դեմ եմ» շարժման ակտիվ մասնակիցներից էիք, իսկ հիմա ընտանիքով մեկնել եք Գերմանիա: Ի՞նչն էր Հայաստանից Ձեր հեռանալու պատճառը. արդյոք հենց Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրե՞նքն էր, որ լցրեց համբերության բաժակը:

-Անկեղծ ասած՝ հեռանալուս հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներով չէր պայմանավորված, ոչ էլ օրենքի փոփոխությամբ: Հայաստանում իմ աշխատանքը բարձր էր վարձատրվում, և ֆինանսական ոչ մի խնդիր չունեինք: Թե՛ ես, թե՛ կինս ծնվել ու մեծացել ենք Հայաստանում, ու շատ լավ կարող էինք ապրել մեր հայրենիքում: Հեռանալու պատճառն այն է, որ մեր զավակի համար ապագա չէինք տեսնում Հայաստանում:
Իհարկե, Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքն իր ազդեցությունն ունեցավ մեր որոշման վրա, որովհետև «Դեմ եմ» շարժմանն ակտիվ մասնակցություն ունեցան մեծ քանակությամբ մարդիկ, և կարծում էի՝ դա միակ եղանակն է մեր ձայնը լսելի դարձնելու, բայց անօգուտ: Փորձը ցույց տվեց, որ օրենքը գործում է մի խումբ մարդկանց համար, ովքեր էլ հենց հաշվի չեն առնում ոչ մեկի կարծիքը: Ամենաշատն անարդարության զգացումն էր վանում, որ ինչ ուզում ես արա՝ ոչ մի բանի չես կարող հասնել, եթե իրենցից մեկը չես: Եթե մի բանի էլ հասնում ես, իրենք ամեն ինչ կանեն, որ քո ձեռքից դա վերցնեն:

-Որքան հասկացա, երկար ժամանակով եք հեռացել երկրից, ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:

-Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ծնողներին, մեր ընկերներին, որոնց թողել ենք Հայաստանում: Չպետք է կարծել, թե Եվրոպայում ամեն ինչ հալած-թափած է: Այստեղ զրոյից պետք է սկսես, ընտանիքիդ համար նոր բնակարան ստեղծես, նոր պայմաններ: Այնքան ենք ուզում, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի, հնարավորություններ ստեղծվեն, որ կարողանանք այն, ինչ այստեղ ենք անում ուրիշ ընկերությունների համար, անենք մեր հայրենիքում հայկական կազմակերպությունների համար: Դա կարող է միայն այն դեպքում լինել, երբ իրական փոփոխություն տեսնենք: Գոնե զգանք, որ մեր միջամտությամբ, մեր մասնակցությամբ կարող ենք ինչ-որ բան փոխել Հայաստանում: Բայց մենք փորձեցինք ինչ-որ բան փոխել Հայաստանում, ու տեսանք, որ նույնիսկ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ոչինչ չի փոխվում: Այդ պայմաններում հետ գալն անիմաստ կլինի, կգանք միայն որպես զբոսաշրջիկ:

Շատ կարևոր հանգամանք է նաև կրթության ցածր որակը Հայաստանում: Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել, մինչև դարձել եմ այն մասնագետը, որին Գերմանիայից կանչել են աշխատանքի: Երևանում համալսարանի տված ուսմամբ Հայաստանում նույնիսկ միջին աշխատավարձ կարող է չստանաս: Ես ինքնուրույն եմ սովորել՝ գրքեր գտնելով, շատ թանկ վճարելով դրանց համար, մասնավոր դասընթացների գնալով և այլն:

Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031