«Երե 1»-ի 10-րդ եթերաշրջանի վերջին սերիաներից մեկը նախորդ շաբաթ եթեր է հեռարձակվել օրիգինալից մոնտաժված տարբերակով։ Ըստ ֆիլմի սցենարի, «Երե 1»-ի պերսոնաժներից Շահեն Վիպոյանը (կերպարը մարմնավորում է Մենչը՝ Արմեն Պետրոսյանը), ով պատրաստվում է իր թեկնածությունն աոաջադրել 2018 թ. նախագահական ընտրություններում, Ֆեյսբուքի մի օգտատերից հաղորդագրություն է ստանում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի նախագահ ես կոչվում, գործազրկության դեմ մի բան արա», ինչին Շահեն Վիպոյանը արձագանքում է՝ «էսի լլլլլլավ բան ա ասում, գիտես»։
Ինչպես հայտնի է, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության միջոցով հնարավոր է հեռուստահաղորդումների մոտ մեկ շաբաթվա արխիվը դիտել։ Այս սերիան մեկ անգամ եթեր է գնացել առանց մոնտաժվելու, բայց «Յուքոմ»-ի արխիվում այնտեղ բացակայում է «Երկրի նախագահ ես կոչվում, գործազրկության դեմ մի բան արա» գրությամբ դրվագը։ «Երե 1»-ը գրաքննելու պատճառների մասին «Արմենիա TV» տնօրեն Դավիթ Բաբախանյանից մեկնաբանություն ստանալ երեկ չհաջողվեց:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում