«Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը նիստերի ընդմիջմանը առանց վախի ու անվստահության շփվում է ադրբեջանցիների հետ. նրա խոսքով` սա ապացուցում է այն, որ որքան էլ տարաձայնությունները խորը լինեն, այնուամենայնիվ հանդուրժողականություն որոշ խմբերի միջև հնարավոր է»,-ԵԱՀԿ պաշտոնական կայքում այսպիսի անդրադարձ կա Բաքվում հունիսի 28-հուլիսի 2-ը անցկացվող` ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում հայկական պատվիրակության գործունեությանը:
Հիշեցնենք` նստաշրջանում Հայաստանը Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեում ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Տնտեսության, շրջակա միջավայրի եւ տեխնոլոգիաների հարցերով կոմիտեում`ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեում`ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բաքվում կայացող նստաշրջանի ընթացքում ընդունվելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիա Կաումայի հեղինակած «Հելսինկի գումարած 40. հանուն յուրաքանչյուր անհատի անվտանգության» հռչակագիրը:
Հայկական պատվիրակությունը հռչակագրային դրույթների վերաբերյալ հանդես է եկել որոշ առաջարկություններով, որոնք ընդունվել են: Հայկական պատվիրակությունը մասնավորապես առաջարկում էր, որ հռչակագրում հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, թարմացվի և արդիականացվի Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ Վիեննայի փաստաթուղթը (Vienna Document):
Կարդացեք նաև
ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանի այսօրվա` հուլիսի 1-ի օրակարգով նախատեսված է հատուկ քննարկում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև լիագումար նիստին զուգահեռ քննարկումներ կանցկացվեն Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի, Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ