DASARAN.AM-ը ս.թ. հունիսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին:
Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տանիքի ներքո ժողովում է տեխնոլոգիայի և կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին իրենց մասնակցությունը բերեցին 75 երկրի շուրջ 4500 պատվիրակներ, այդ թվում նաև Նոբելյան վեց մրցանակակիր: Մասնակիցները ներկայացնում էին ընկերությունների և հաստատությունների բազմատարր աստղաբույլ, սկսած ԱՄՆ «Սիլիկոնային հավտի» տեխնոլոգիական ընկերություններից և վերջացրած «Ուսում խաղի միջոցով» նշանաբանով աշխատող դանիացի փորձագետներից:
Միջոցառման հիմնական նպատակն էր իրական ժամանակում տեղի ունեցող խմբային քննարկումների միջոցով խորհրդածել կրթության ոլորտի ներկայիս հարացույցի, այսինքն՝ տեսական հիմքերի և ուսման նորագույն լուծումների մասին: Մասնավորապես, համաժողով-փառատոնի հիմնական թեմաներն էին կրթության վերապատկերացումները, թվայնացման դարում կրթության և գիտության խնդիրները, գիտության ներսում միջոլորտային, ինչպես նաև գիտության ու հասարակության միջև «կամուրջների» ստեղծումը:
Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 22-ին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Կարդացեք նաև
Dasaran.am կրթական ծրագիրը, ունենալով դպրոցների գործունեության և կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորման առաքելություն, Կոպենհագենում ստացավ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեցող երկիր ներկայացնելու հնարավորություն: Հեղինակավոր այս միջոցառման ժամանակ «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին արժանանալը ևս մեկ անգամ վկայում է Dasaran.am-ի ձեռնարկումները միջազգային ասպարեզում արժանավորս գնահատվելու ու արժևորվելու մասին:
Համաժողովին ներկայացրած իր ելույթում Dasaran.am-ի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մասնավորապես նշեց. «Dasaran.am-ի նախաձեռնության առաջնային փիլիսոփայությունը հիմնված է այն ակնհայտ ճշմարտության վրա, ըստ որի՝ երիտասարդությանը զորակցելուն ուղղված կրթությունը հանդիսանում է ժամանակակից հասարակությունը վերափոխելու ամենահզոր և կենսական գործիքը»:
Կոպենհագենում գտնվելու ընթացքում Ս.Ալոյանն ու իր թիմը հանդիպումներ ունեցան նաև գիտակրթական ոլորտում գործունեություն իրականացնող եվրոպական մի շարք հաստատությունների ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ կրթության որակի բարելավման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Dasaran.am