Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա մենք ձեր գրամի՞ն, թե՞ մեր աչքերին հավատանք. «Հրապարակ»

Հուլիս 01,2014 10:31

Ազգային վիճակագրական ծառայությունը գյուղատնտեսական մթերքների մասով, կպեղի-կգտնի այնպիսի գներ, որոնց շարքային քաղաքացին հազիվ թե անզեն աչքով հանդիպի։ Քանզի հենց գյուղատնտեսական արտադրանքի շուկայական գներն են, որ մանեւրելու ամենամեծ հնարավորություն են տալիս սպառողական գների ամսական ինդեքսը որոշող մասնագետներին։ Օրինակ, վիճակագիրները կարծում են, որ այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում շուրջ 14%-ի գնանկում է արձանագրվել։ Բայց թե կոնկրետ որ ապրանքատեսակների մասով է այն արձանագրվել, չի մանրամասնվում, այսինքն՝ լոլիկի, սմբուկի, խառը կանաչու, թե կաղամբ-բազուկի՝ հայտնի չէ:

Իսկ այն, որ հունիսին մայիսի համեմատ է բանջարեղենի գինը նվազել, ամենեւին զարմանալի չէ. զարմանալին այն ջանադիր մանրամասնությունն է, որի մեջ ընկել է ԱՎԾ-ն՝ այս դեպքում հատառհատ նշելով, թե որ բանջարեղենի գինը որքանով է իջել։ Հասկանալի է, որ հուլիսին էլ հունիսի համեմատ պետք է գյուղմթերքների գներն օրինաչափորեն իջնեն։
Ինչ վերաբերում է մրգի ապրանքախմբին, ապա այստեղ ԱՎԾ-ն իսկապես իր երեւակայությանը «զոռ է տվել», ի լուր սպառողների՝ հայտարարում է, որ այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, արձանագրվել է 2,1% գնանկում։ Հավանաբար, ԱՎԾ-ում կարծում են, որ սուտը որքան մեծ լինի, այնքան դրան ավելի շուտ կհավատան։ Մինչդեռ շարքային սպառողը, որի գրպանում հաշված դրամներ են, շատ լավ գիտի, թե նույն գումարով նախորդ տարի այս ժամանակ որքան գնումներ էր կատարում շուկայից եւ այս տարի՝ որքան։

Մենք ուշի-ուշով կհետեւենք՝ պարզելու, թե ԱՎԾ-ն այդ որ մրգերի մասով է գնանկում մատնանշելու, քանզի այս հրապարակման մեջ, ինչպես բանջարեղենի մասով է, նախորդ տարվա հունիսի համեմատ ոչինչ չկա նշված։ Իսկ գուցե ծիրանն ու կեռա՞սն են էժանացել, եւ սպառողը 3 հազար դրամը 300-ից չի տարբերում։

Հասկանում ենք, որ եթե հանձնարարվել է ցածր գնաճի հաշվետվություն մատուցել հանրությանը, ԱՎԾ-ն էլ որտեղի՞ց պիտի կառչի, եթե ոչ գյուղմթերքների գներից։ Բայց այսքան աղաղակող սուտ, թե իբր մրգի ապրանքախմբում, նախորդ տարվա համեմատ, գնանկում է եղել, ուղղակի անհարմար է։ Այդ դեպքում ոչ մի ուսումնասիրություն էլ պետք չէ անել, թող պարզապես հայտարարվի՝ ոչինչ էլ չի թանկացել, ու վերջ։

Ինչպես եւ փորձում են համոզել, որ պարենային ապրանքների գները, առանց ծխախոտի եւ ալկոհոլի, այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են ընդամենը 1,7%-ով։ Մի քիչ շատ մեծ սուտ չէ՞։ Եվ սրա արդյունքում չէ՞, արդյոք, որ ստացվել է սպառողական գների աճի 4%-անոց «հանդարտիկ» պատկերը՝ ստեղծելով տպավորություն, թե աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճը։

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031