Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում համերգով հանդես եկավ ԱՄՆ-ում բնակվող հանրաճանաչ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Նրա հայաստանյան կատարումները սկսվեցին Գյումրիից. նա նախքան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես գալը՝ ելույթ ունեցավ Գյումրիում:
Երգչուհուն Գյումրի էր հրավիրել «Մանուկյան պրոդաքշն» ընկերության հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը, որը և սովորաբար կազմակերպում է հանրաճանաչ ջազ երգիչների համերգները Գյումրիում: Նա վերջերս անգամ հիմնեց «Գյումրիի ջազ ակումբը»:
Ի դեպ, նշենք, որ երգչուհու ելույթից առաջ մի քանի խոսք ասաց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը. «Այսօր ջազային տոն է մեր քաղաքում, Գյումրի քաղաքում, արվեստաց քաղաքում: Ի ուրախություն մեզ և ի հպարտություն մեզ այսօր աշխարհի լավագույն ջազային երգչուհին առաջին անգամ Հայաստանում պիտի հանդես գա մեր քաղաքում: Նա այն հայը չէ, որը օվկիաններից անդին գտնվելով` հեռացել ու մոռացել է հայրենիքը»:
Հասմիկ Կիրակոսյանը հիշեցրեց, որ Տաթևիկ Հովհաննիսյանը Լենինականում վերջին անգամ եղել է 1982 թվականին, երբ արվեստաց տուն էին բացում այս քաղաքում: «Երկու երգահանների հետ` Արթուր Գրիգորյանի և մեր շատ սիրելի Ռոբերտ Ամիրխանյանի, եկավ Լենինական, փոքրիկ ինտիմ համերգ, հրաշք, էնպես որ մենք բոլոր գիտենք, որ փոքր եկեղեցիներում է նման պատարագ լինում, և մենք ունկնդիր եղանք այն արվեստագետին, որը պիտի զարմացներ աշխարհը: Եվ այսօր նա նորից մեր քաղաքում է», -շարունակեց Հասմիկ Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Գյումրեցի հանդիսատեսը խելագարի պես ընդունեց Տաթևիկ Հովհաննիսյանին` ոտքի վրա կանգնած, չդադարող բուռն ծափահարություններով… Հետաքրքիրն այն է , որ նրան երկրպագում էին երիտասարդները, որոնք, ի տարբերություն տարեցների, երբեք չէին լսել նրա կենդանի կատարումները:
Հանդիսատեսը չզգաց, թե ինչպես անցավ 2 ժամը: Հնչեցին ամերիկյան, բրազիլական ու հայկական երգեր` Կոմիտաս, Սայթ-Նովա… Հայկական երգերի մասին խոսելիս երգչուհին ասաց. «Սրանք հայկական մեր ժողովրդական երգերն են արմատներով, սակայն վերափոխված, վերականգնված, էսպես ասած, նոր հագուստով` ջազային մատուցմամբ, բայց մենք, անշուշտ, փորձել ենք պահպանել ոգին, երբեք չդարձնել արտասահմանյան, լինի Կոմիտաս, Սայաթ-Նովա, մտել են ջազի աշխարհ` պահպանելով հայկական ոգին»:
Երբ Տաթևիկ Հովհաննիսյանն ազդարարեց համերգի ավարտը , հանդիսատեսը բացականչեց`«Հով արեք, Հով արեք»: Երգչուհին, լսելով նրանց խնդրանք-աղերսանքը, սկսեց երգել Կոմիտաս: Այս կատարումից հետո էլ երգչուհին չհեռացավ բեմից, նորից սկսել երգել: Նա բավական դժվարությամբ բաժանվեց գյումրեցի հանդիսատեսից: Համերգի ավարտից հետո հեռանալով բեմից` Տաթևիկ Հովհաննիսյանը նորից վերադարձավ ու ասաց. «Անչափ շնորհակալ եմ, լսողը այսպես պիտի լինի»:
Հավելենք, որ մայրաքաղաքի բնակիչներից ոմանք, չհամբերելով Երևանում հուլիսի 4-ին նախատեսված նրա համերգը ունկնդրելուն, շտապել էին նրա անզուգական կատարումները վայելել Գյումրիում:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ