Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը պաշտպանում է ԲՀԿ-ին. «Էական չի, թե ովքեր են կանգնած ԲՀԿ-ի ակունքներում»

Հունիս 30,2014 21:44

Հնարավո՞ր է, որ քառյակի հետ համագործակցության արդյունքում «Ժառանգության» ներսում փլուզում սկսվի:

Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգության» փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մինչեւ համագումարն էլ էին ասում, որ իբր թե պառակտվում է Ժառանգությունը, բայց իրականությունը բոլորովին այլ է: Որեւէ խնդիր դա չի կարող առաջացնել, որովհետեւ խորհրդարանական 4 ուժերի համագործակցության շրջանակում չի եղել մի հարց, որ «Ժառանգությունը»իր արմատական պատկերացումներին հակընդդեմ քայլ կատարի: Մենք ողջունում ենք խորհրդարանական համագործակցությունը: Մենք չենք պատրաստվում այդ համագործակցությունը լքել: Ուղղակի մեր ցանկությունն է, որ այն ավելի ընդլայնվի, խորհրդարանից դուրս գա եւ արմատական փոփոխություններ բերի՝ իշխանափոխության, համակարգային փոփոխության»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համագումարի իր ելույթում սրտնեղել էր, որ «Չեմ թաքցնում, շատ թուլացել է կուսակցության կեցվածքը, երբ այդ գծին կուսակցության ներկայացուցիչները կամ վարչության անդամները դեմ են խոսել: Համաձայն եմ, որ յուրաքանչյուրը պետք է ունենա իր տեսակետը, բայց երբ ճշտվում է հստակ գիծ, այդ գիծը պետք է պահվի բոլորի կողմից, որովհետեւ նման կեցվածքը հարվածում է թե՛ խմբակցությանը, թե՛ կուսակցությանը, թե՛ կուսակցության առաջնորդին»:

Այս առնչությամբ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ ինքը որոշակի դժվարությունների առջեւ է, երևի թե, կանգնել, որ նմանատիպ հարց է բարձրաձայնում: Համագումարում յուրաքանչյուրն ազատ է իր մոտեցումը ներկայացնել, եւ պարոն Հակոբյանը, բնականաբար, պետք է արտահայտվեր: Իհարկե, դժվար է բանակցողների համար, երբ կուսակցության անդամները որոշակիորեն համասեռ չեն աշխատում: Բայց քանի որ կա կուսակցության քաղաքական որոշում, այդ դժվարությունը շատ հեշտ հաղթահարելի է Ռուբեն Հակոբյանի համար»:

Մեր հարցին՝ Ձեզ չի՞ մտահոգում ԲՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի կապը՝ մանավանդ, որ Ստեփան Մարգարյանը  չէր բացառել Քոչարյանի համագործակցությունը քառյակի հետ նաեւ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նմանատիպ հարց 4 ուժերի օրակարգում չկա: Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարց գոյություն չունի: Կարծում եմ, դա արհեստականորեն իշխանությունների կողմից բարձրացվող հարց է: Փորձում են ինչ-որ ձեւով հարվածներ հասցնել քառյակին՝ իմանալով, որ Ռոբերտ Քոչարյանը հասարակության մոտ չի ընդունվում: Ակնհայտ է, որ, համենայն դեպս, խորհրդարանական4 ուժերի օրակարգում այդ հարցը ընդհանրապես չկա»:

Մենք հիշեցրինք, որ Զարուհի Փոստանջյանը հենց  «Ժառանգության» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Քոչարյանի անմիջական մասնակցությամբ եւ տարօրինակ չէր համարել Ստեփան Մարգարյանի հայտարարությունը, որ քառյակի հետ կարող է համագործակցել նա: Մեր հարցին՝ նա էլ է ուրեմն իշխանության ջրաղացին ջուր լցնո՞ւմ ու փորձում սեւացնել քառյակը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, նա իշխանության ջրաղացին ջուր չի լցնում, բայց էական չի, թե ովքեր են կանգնած ԲՀԿ-ի ակունքներում: Տիգրան Թորոսյանն էլ ՀՀԿ-ի ակունքներում էր կանգնած, մինչեւ հիմա ՀՀԿ-ի հե՞տ է: Կարծում եմ, ճիշտ չէ այդպես մեկնաբանել իմ գործընկերուհու ասածը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն ինքնուրույն քաղաքական ուժ է, որն իր կենսունակությունն ապացուցել է: Ես որեւէ խնդիր այդտեղ չեմ տեսնում: Եթե այդ քաղաքական ուժը համագործակցել է ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ որոշակի հարաբերություններ է պաշտպանել, ապա դա դեռ չի նշանակում, որ դրա համար այդ կուսակցությանը պետք է քննադատության ենթարկել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30