«Սա տգիտության վրա հիմնված ապազգային մոտեցում է մեր ռեսուրսներին, համաշխարհային, զարգացման մայրուղիներին: Սա է այն ցավը, որը բոլորիս պատել է եւ մենք փորձում ենք հասկանալ, փոփոխությունների դեպքում ինչպիսի քաղաքականություն պիտի որդեգրի յուրային կառավարությունը»,- այսօր, Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունենացած հանրային քննարկման ժամանակ, ասաց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նախախորհրդարանը սկսել է «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտում» թեմայով նախագծի մշակման աշխատանքները:
Այսօր պարոն Չուգասզյանը ներկայացրեց գիտության եւ կրթության ոլորտը: Ըստ նրա, այսպես շարունակվելու պարագայում գիտության տեխնոլոգիաների համակարգը կկորցնի գիտության բաղադրիչը, տեխնոլոգիական առումով էլ Հայաստանը, անդառնալիորեն, կվերածվի կցորդի, իսկ կրթության մակարդակը կիջնի մինչեւ կենցաղային պարզունակ խնդիրների սպասարկման աստիճանի:
Կարդացեք նաև
Գարեգին Չուգասզյանի խոսքերով. «Ոչ այն է փակվենք աշխարհից, ոչ էլ այնքան բացվենք, որ կորցնենք մեր ունեցածը»: Մինչդեռ պարոն Չուքազսյանի համոզմամբ, Հայաստանն ունի գիտակրթական հսկայական ժառանգություն, որը վերջին տարիներին «բոլորիս աչքի առաջ հալվում է»:
Աշխարհի տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու համար, Գարեգին Չուգասզյանի խոսքերով, մարդը պետք է ամբողջ կյանքի ընթացքում կրթվի. «Քանի որ ահռելի տեղեկատվական հեղեղ է գալիս եւ անգամ բարձրագույն կրթության տարիների ընթացքում, մինչեւ մարդը կավարտի բարձագույն կրթությունը, ամեն ինչ կրկնակի անգամ հնանում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ