«Ձեր հարցին կպատասխանեմ այնպես, ինչպես ՀՀ ԱԳ նախարարն էր մի առիթով նշել՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը չպետք է արձագանքի սահմանային ամեն մի միջադեպի»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը անդամ երկիր Հայաստանի անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում սահմանային կրակոցներից մի շարք հայ զինծառայողներ են զոհվել, այսպես պատասխանեց ՀԱՊԿ-ի Գիտավերլուծական ասոցիացիայի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Պանարինը: Նա նշեց, որ Հայաստանից ՀԱՊԿ-ին պաշոտնապես այդ հարցով չեն դիմել, իսկ իրենք հիմնվում են պաշտոնական ինֆորմացիայի վրա, ուստի պաշտոնական դիմումի բացակայության դեպքում ՀԱՊԿ-ում կարծում են, թե դա երկկողմ հարաբերություններում լուծվող հարց է:
ՀԱՊԿ-ի հայաստանյան ներկայացուցչության և Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի շրջանակներում ՀԱՊԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում Իգոր Պանարինը հունիսի 30-ին երիտասարդ դիվանագետների համար կարդաց «ՀԱՊԿ-ը և Եվրասիական անվտանգությունը» թեմայով դասախոսություն: Ելույթի սկզբում նա նշեց. ««Հունիսի 27-ին կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրեցին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր: Այս փաստը իրավիճակ է փոխում Եվրասիական տարածքում»:
Իգոր Պանարինը նաև շեշտեց, թե այդ պատմական իրադարձությունից հետո ՀԱՊԿ-ի դերակատարությունը կմեծանա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ