«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կուսակցության համագումարից հետո՝ լրագրողների հետ զրույցում քառյակի մասին ասել էր, որ որպես այդպիսին քառյակ գոյություն չունի. «Դա փոքրիկ համագործակցություն է, որը իր մեջ չի պարունակում այսօրվա ազգային շահը սպասարկող քաղաքական օրակարգը: Դա խմբակցությունների փոքր համագործակցություն է, որը, ըստ էության որակական փոփոխությունների սկզբնաղբյուր չի կարող հանդիսանալ: Եթե կարելի է, որոշ հարցերի շուրջ համագործակցել դա ողջունելի է, բայց «քառյակը» չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքական շահը»:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է Զարուհի Փոստանջյանի այդ տեսակետի հետ, որ քառյակը չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքական շահը:
Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր համագործակցություն մենք ողջունում ենք, որն ի նպաստ ժողովրդի է եւ որը կարող է թեկուզ փոքրիկ խնդիրներ լուծել: Ինչ վերաբերում է քառյակին, դա ներխորհդարանական քառյակ է, կուսակցությունների մակարդակով աշխատում ենք, որպեսզի հնարավոր լինի ավելի ընդլայնել: Եթե հնարավոր լինի՝ կլինի, եթե ոչ՝ ուղղակի կմնա խորհրդարանական մակարդակի քառյակ: Կլինի 12 թե 24 կետ, որ կետերն էլ, որ կարողանանք քառյակի միջոցով, թե այլ ճանապարհով անցկացնել, դա ի նպաստ է մեր ժողովրդի»:
Մեր հարցին՝ քառյակի հետ համագործակցելիս ձեզ չի՞ խրտնեցնում ԲՀԿ-ի մասնակցությունը եւ հաշվի առնելով, որ ՀԱԿ դաշինքը հենց ԲՀԿ-ի հետ համագործակցության պատճառով փլուզվեց, սա «Ժառանգությանն» ինչքանո՞վ է սպառնում: Տիկին Մուրադյանը վստահեցրեց, որ դա «Ժառանգությանը» չի սպառնում. «Որովհետեւ Ժառանգությունն ազատ է ցանկացած պահին մեր խմբակցության պատգամավորին հետ կանչել քառյակից»:
Հարցին՝ քառյակը որակական փոփոխություններ կարո՞ղ է բերել, հույս կապո՞ւմ եք քառյակի հետ՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Չի բացառվում: Պետք է, որ ցանկացած համագործակցություն, որը կնպաստի որեւէ փոքրիկ հարցի լուծմանը, ռեժիմից շուտափույթ ազատմանը, մենք ողջունում ենք: Հույսեր, գիտեք, իսկ ինչի՞ չկապենք, որ: Լավատես լինենք ու սպասենք»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն ինչքանո՞վ եք զգում քառյակի թիկունքում: Տիկին Մուրադյանը պատասխանեց. «Չեմ զգում: Ինձ թվում է, դա արհեստականորեն արվում է, որպեսզի քառյակի գործունեության վրա ստվեր գցվի»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը համագումարից հետո վստահեցրել էր, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, ուստի քառյակի եւ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին Ստեփան Մարգարյանի հայտարարությունը տարօրինակ չի համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Զարուհին ճիշտ է և ընդիմադիր դիմակներին դուր չի գա իրական ընդդիմություն լինելը:
Վերնագրում՝ոչ թե Զ.Փոստանջյանը,այլ ՝Ռ.Քոչարյանն է ստվեր գցում քառյակի վրա։ Ուղղել։