Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքում «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրով դրամական աջակցություն ստացավ զինվորների 25 ընտանիք:
ԱՀԹ Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը զինվորների ընտանիքներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ու երախտիքի խոսքերը, մանրամասն ներկայացրեց ծրագիրը:
Տեր հայրը կառուցվող եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ հոգեհանգստի կարգ կատարեց զոհված զինվորների հիշատակին և պահպանիչ աղոթք կարդաց այս պահին ծառայող զինվորների համար:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գյուլումյանը, կարևորելով ծրագիրը, ասաց, որ բարձր է գնահատում իրենց համայնքի և Հայ Եկեղեցու միջև գոյություն ունեցող ամուր կապը: Վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի նախաձեռնությամբ եկեղեցու երիցատանը զինվորների ընտանիքների համար հյուրասիրություն էր կազմակերպվել:
Կարդացեք նաև
Այսօր երեկոյան՝ ժ. 18.00, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ տեղի կունենա հոգևոր համերգ այս համայնքի զինվորների ընտանիքների համար: Համերգի ավարտին 21 ընտանիքի կհանձնվեն գումարները:
Մինչև հուլիսի 15-ը «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի ու Արարատի մարզի 302 ընտանիք գումարային աջակցություն կստանա: Օգնությունը տրամադրվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական բաժնի տրամադրած ցուցակով:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան