Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա ծրագրով ասֆալտապատման աշխատանքների մեծ մասը ծայրամասային վարչական շրջաններում է իրականացվում

Հունիս 30,2014 16:44

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, այդ թվում բակային տարածքների, փողոցների, և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Մասնավորապես ընթացիկ նորոգման ենթակա 400 փողոցներից 300-ում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: 30 հազար քմ ծավալով մայթերի ասֆալտապատման աշխատանքները նույնպես ավարտված են: Ընթացքի մեջ են նաև բակային տարածքների ասֆալտապատման և փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել իրականացվող աշխատանքների նկատմամբ խիստ հսկողությունը՝ հատուկ ուշադրության դարձնելով պատշաճ որակի ապահովմանը:

«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման հարցում պետք է լինենք շատ խիստ և ցուցաբերենք կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում արդեն թերությունների վերականգնման կարիք այլևս չլինի: Եթե նախորդ տարիներին հիմնական շեշտը դրվում էր Կենտրոն վարչական շրջանի ասֆալտապատման վրա, ապա այս տարի նախատեսված ծավալների մեծ մասը՝ շուրջ 1,5 մլն քմ, բաժին է ընկնում այսպես կոչված ծայրամասային վարչական շրջաններին: Սա կարևոր ձեռքբերում է հատկապես մայրաքաղաքի համաչափ զարգացման տեսանկյունից: Մեր խոստմանը համաձայն նախատեսում ենք, որ մինչև 2017 թվականը ավարտենք բակային տարածքների հիմնական ասֆալտապատումը և այնուհետ կիրականացնենք արդեն ընթացիկ նորոգման աշխատանքներ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ քանդման աշխատանքներից հետո ի հայտ եկած որոշակի խնդիրներով պայմանավորված, որոնք դեռ 50 տարի առաջ կառուցված կոնստրուկցիաների հետևանքով են առաջացել, ճանապարհի վերականգնման և շահագործման հանձնման նախապես սահմանված ժամկետները երկարացվել են:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 10 դեպք է արձանագրվել: Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 14 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով արդեն իսկ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական ուշադրության կենտրոնում և բնակիչների հետ պարբերական հանդիպումների ժամանակ տեղեկացնել ապօրինի կառուցապատման կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պարզեցված ընթացակարգով տրվող շինթույլտվությունների մասին՝ այդպիսով բացառելով ապօրինության հնարավոր դեպքերը:

«Հարցի հիմնական լուծման հասնելու նպատակով պետք է շարունակենք հետևողական աշխատանքը: Այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կրկնակի կփորձեն ապօրինություն գործել՝ կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ՝ ընդհուպ քրեական պատասխանատվության կենթարկվեն: Նման զարգացումներից խուսափելու համար հանդիպումներ ունեցեք բնակիչների հետ և իրազեկեք որոշ շինթույլտվությունների տրամադրման պարզեցված նոր ընթացակարգի, ինչպես նաև գործող այլ կարգերի մասին, որոնք էապես խնայում են մեր համաքաղաքացիների ժամանակը և առավել արդյունավետ են դարձնում գործընթացը: Եվ շատ կարևոր է, որ բացառվի այն մտայնությունը, թե միջնորդությամբ հնարավոր է արագացնել կամ կարգավորել նման դիմումների ընթացքը, առավել ևս որ այնքան է պարզեցված գործընթացը, որ քաղաքացին սահմանված ժամկետում կարող է ստանալ օրինական թույլտվություն, այլ ոչ թե ապօրինություն կատարել»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքային աղբավայրերում հրդեհների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին՝ զեկուցվել է, որ հրդեհ բռնկված աղբավայր է տեղափոխվել շուրջ 200 մեքենա հող: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս խստորեն զգուշացնել աղբավայրերի վարձակալներին պարտավորությունների պատշաճ կատարման մասին:

Զեկուցվել է, որ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ նախորդ շաբաթ ՃՈ և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացվել ավելի քան 800 տրանսպորտային միջոցներում: Օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Զեկուցվել է նաև, որ չթույլատրված վայրերում ավտոտրանսպորտային միջոցների կայանման, վարորդների ծխելու, բջջային հեռախոսով խոսելու դեպքերը բացառելու նպատակով Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից մայրաքաղաքի կանգառագոտիներում կազմակերպվել է հերթական ակցիան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ շարունակել այդ ուղղությամբ աշխատանքներն ու նմանօրինակ ակցիաները: Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել ավտոկայանատեղերի համար սահմանված վայրերի մետաղական կոնստրուկցիաներով սահմանազատման դեպքերի մասով՝ բացառելով դրանց կրկնման հնարավորությունը:

Հանձնարարվել է համապատասխան նշաններով կահավորել Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված առանձին հատվածները` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
Գնումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում գնումների գործընթացի, ինչպես նաև համապատասխան մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ժամկետների և որակի նկատմամբ: Զեկուցվել է նաև, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտման դեպքերով որոշ կազմակերպությունների հետ պայմանագրերը խզվել են և տվյալներն ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «սև ցուցակում» ներառելու նպատակով: Կեղծ արտոնագրերի ներկայացման 2 դեպքի մասով պայմանագրերը դադարեցվել են և գործերն ուղարկվել դատախազություն:

«Մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները և ապահովել աշխատանքների պատշաճ որակ: Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք կխախտեն օրենքն ու պայմանագրի կետերը, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Այս հարցում մեր մոտեցումը շատ խիստ և կոշտ է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտական հանդեսների կազմակերպման գործընթացին՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներն ավարտած բոլոր երեխաներն ստացել են քաղաքապետարանի կողմից տրամադրված պայուսակներ ու գրենական պիտույքներ:
Մայրաքաղաքի բակային տարածքների նկարազարդման, շենքերի գունազարդման, ինչպես նաև նստարանների տեղադրման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նշվել է նաև, որ նախորդ տարվա 207 տարածքների համեմատ այս տարի 276 հասցեներում նախատեսված նկարազարդումներից 60-ում աշխատանքներն ավարտվել են: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ ներկվել և գունազարդվել է 6 շենք՝ շուրջ 6710 քմ մակերեսով: Պատրաստող կազմակերպության միջոցների հաշվին թարմացվել է նաև 830 նստարան:
Հանձնարարվել է գույքագրել և վերացնել մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության ցանցում առկա թերությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30