Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւը Բաքվում հայտարարել է` «Հայաստանը կազմավորվել է ադրբեջանական տարածքի վրա»

Հունիս 30,2014 16:40

«Ադրբեջանական պատվիրակության կողմից հակահայկական բան չի եղել: Առաջին օրը, իր բացման խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է խոսել: Հայաստանի մասին նա բավական երկար խոսեց ու ասեց այն, ինչը միշտ ասում են` փախստականներ, «օկուպացված տարածքներ»: Այս անգամ մի նոր բան էլ կար` որ Հայաստանը կազմավորվել է ադրբեջանական տարածքի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, Բաքվում անցկացվող ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանին, որի աշխատանքները մեկնարկել են երեկ, մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները: ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերն անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ:

Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, տնտեսության, շրջակա միջավայրի եւ տեխնոլոգիաների հարցերով կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեում մեր երկիրը ներկայացնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ Ալիեւի ելույթից հետո, երբ ինքը զրուցել է տարբեր երկրների պատվիրակների հետ, բոլորն էլ այն բնութագրել են «պարզունակ ելույթ»:

Մեր պատվիրակներն Իլհամ Ալիեւին հակադարձելու ուղղակի հնարավորություն չեն ունեցել: Աշխատանքային ձևաչափը թույլ չի տվել: Բայց Ստեփան Մարգարյանն ասաց, որ ուղղակի շփումներում եւ տարբեր հարցազրույցներում իրենք տվել են Ալիեւի պատասխանը: «Ես, օրինակ, ասել եմ, որ վստահ եմ, որ Ադրբեջանում կան լուրջ պատմաբաններ եւ նրանց կարծիքի վրա հենվել, ոչ թե հենց այնպես արած հայտարարության: Չնայած, վստահ եմ, որ Իլհամ Ալիեւը լավ գիտի այդ պատմաբաններին էլ, պատմությունն էլ, բայց ասաց մի բան, որը որեւէ մեկը լուրջ չի ընդունում»,- ասաց Ստեփան Մարգարյանը` հավելելով, որ Ալիեւի հայտարարությունները որեւէ ազդեցություն չթողեցին:

Ադրբեջանական լրատվամիջոցները  փոխանցել են հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթներն ու դիտարկումները, որոնք Հայաստանում արդեն քննադատության են արժանանում: «ՀՀԿ դուք ամոթ չունե՞ք, թե ում եւ որտե՞ղ եք ուղարկում Հայաստան ներկայացնելու համար: Ախր նա Մոսկվայի շահերն է այնտեղ ներկայացնում եւ ուրիշ ոչ մեկի… Եվրասիական «խաղաղության ագռավը» Բաքվում.
-երազում է, որ սահմանները վերանան Կովկասում, ինքը Բաքվում հարմարավետ՝ կոմֆորտ զգա, ադրբեջանցիներն էլ Երեւանում՝ տանը /ուշադրություն դարձրեք օգտագործած բառերի տարբերությանը/
-ողջունում է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների՝ Լ՛աքվիլայի, Մուսկոկայի ու այլ հայտարարությունները, որոնք, հիշում եք նախատեսում են ԼՂՀ-ի «շրջակա օկուպացված» տարածքների վերադարձ,
-ցանկանում է Հայաստանից բացի Ադրբեջանին էլ տեսնել Եվրասիական միությունում:
Չի լինի՞ ինքը շատ կոմֆորտնի հյուրընկալվի Բաքվում ու մնա… »,- նման ֆեյսբուքյան գրառում  է կատարել Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք` ինքն ի՞ նչ կարծիք ունի գործընկերոջ հայտարարությունների վերաբերյալ:

«Ես կդժվարանամ Գեղամյանի ելույթի մասին կարծիք հայտնել, մենք աշխատում ենք տարբեր հանձնաժողովներում: Աշխատանքները բավական երկար են ընթանում եւ մենք դեռ չենք հասցրել իրար մեջ ամփոփել եւ ի մի բերել աշխատանքները»,- ասաց Ստեփան Մարգարյանը` հավելելով, որ հանձնաժողովը, որում ինքն էր աշխատում, այսօր ավարտեց իր աշխատանքներն` ընդունելով տարբեր բանաձեւեր` պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների օգտագործման, դրանց ուղղությամբ պետությունների համագործակցությունների մասին եւ այլն:

Արտաշես Գեղամյանի հետ կապ հաստատել Aravot.am-ին դեռ չի հաջողվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հա, հա, հա…սերժիկ պատմաքաղաքաամենագետ…Օկուպացնելով չէ, նա ուռաա գոռալով չէ, չհասկանալ խոսելով չէ, ինձ ուտել ու մարսելով չէ…Ու այս կարգի լիքը չէ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30