2014 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ) շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում և այլ կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
Եվ այսօր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում տեղի ունեցավ մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:
Այս տարվա ծրագրին մասնակցում են 49 ուսուցիչներ 12 երկրներից (ՌԴ, Վրաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Իրան և այլն):
Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ուսուցչուհի Ելենա Արսլանյանը, որն այս ծրագրի շրջանակներում առաջին անգամ է լինում Հայաստանում, իր մեծ ուրախությունն արտահայտեց հայրենիքում լինելու և հենց այստեղ վերապատրաստվելու համար. «Ես ուղղակի ծարավի եմ սովորելու մեր հայրենիքում,- ասում է նա,- հուսով եմ, որ այս ծրագրի միջոցով շատ բաներ կսովորեմ ու կփոխանցեմ ԱՄՆ-ի մեր վարժարանին, որը մոտ 800 հայ աշակերտ ունի»:
Նշենք, որ վերապատրաստման դասընթացների իրականացման համար դասախոսներ են հրավիրվել Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանից և Կրթության ազգային ինստիտուտից:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ԿԳՆ-ն Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին շատ մեծ նշանակություն է տալիս. «Չպետք է պարզունակ կերպով հասկանալ այս ծրագրի իմաստն ու նշանակությունը,- ասում է նա,- այս ծրագիրը մի կողմից հնարավորություն է ընձեռում մեզ սփյուռքահայ մեր ուսուցիչների հետ հանդիպելու և տարաբնույթ հարցեր քննարկելու, մյուս կողմից էլ նրանց բերած նորարարությունները, նոր գաղափարներն ու նվաճումները և մեր ունեցածը միմյանց փոխանցելով՝ առաջավոր փորձի փոխանակում է կատարվում: Բացի դա, մարդն իր հայրենիքում անպայման պետք է լինի, որովհետև դա միայն սովորական ոգևորություն չէ, այլև ուժ է ու եռանդ, և, ինչու չէ, նաև աշխարհայացքի վերաիմաստավորում»:
ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականցվելու է հինգ խմբերում՝ մեկօրյա դպրոցներ, ամենօրյա դպրոցներ, մանկապարտեզներ, դպրոցների կառավարում և վերապատրաստողների վերապատրաստում:
Նա նաև նշեց, որ ուսուցիչների համար նախատեսված է ոչ միայն լսարանային, այլև արտալսարանային ծրագիր՝ նկատի ունենալով այցելությունները Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր՝ Մուղնի, Ամբերդ, Օշական, Սարդարապատ, Սևան, Հաղպատ և այլն: Նախատեսվում են այցելություններ նաև տարբեր թանգարաններ ու թատրոններ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ