Մենք, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, ցանկանում ենք մեր գոհունակությունն արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի ընդունման եւ Հայաստանի ողջ ժողովրդի համար մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար կարեւորության վերահաստատման կապակցությամբ։
Միջոցառումների ծրագիրը հանդիսանում է կարեւոր հանգրվան եւ պետական կառույցների կողմից համակարգված գործողությունների համար ծառայում է որպես «ճանապարհային քարտեզ»՝ ուղղված մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների կատարմանը։
Մենք ողջունում ենք այս առաջին փորձը՝ մեկ տանիքի տակ համախմբելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի մի լայն շրջանակ։
Մենք գիտակցում ենք, որ Միջոցառումների ծրագիրը կենդանի փաստաթուղթ է, որն իր գործողության շրջանում ենթարկվելու է վերանայումների եւ լրացումների։ Հեռանկարում՝ մենք կառավարությանը կոչ ենք անում շարունակել ծրագրի ընդգրկման ընդլայնումը եւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ ուղղված խտրականության բոլոր ձեւերի վերացմանը, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանը, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության առաջմղմանը, ինչպես նաև մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի, լրատվամիջոցներում բազմակարծության, տեսակետներ արտահայտելու եւ միավորումներ կազմելու ազատության ապահովմանը։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ այս ծրագիրը ճանաչում է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, եւ կառավարությանը կոչ ենք անում բազմապատկել այս ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ երաշխավորելու հավասար իրավունքներ եւ հնարավորություններ բոլորի համար։
Կարդացեք նաև
Սա կարեւորագույն հնարավորություն է՝ ցուցադրելու իրական հաշվետվականություն եւ ամրագրելու կոնկրետ պարտավորություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջընթացի հասնելու համար։ Հետեւաբար՝ մենք կառավարությանը խրախուսում ենք՝անհապաղ ձեռնարկելու գործողություններ հնարավոր ոլորտներում, օրինակ՝ ուղղված խտրականության դեմ պայքարի համապարփակ իրավական շրջանակի ստեղծմանը։ Կարեւոր է նաեւ ստեղծել խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեպքերի արդյունավետ հետաքննության մի համակարգ։
Ցանկացած ծրագրի համար էական նշանակություն ունեն նաեւ մշտադիտարկման եւ գնահատման արդյունավետ մեխանիզմները՝ ապահովելու հաշվետվականություն, գրանցելու առաջընթացը եւ հատկորոշելու վերանայման ենթակա ոլորտները։ Եվ վերջապես, այս ծրագրի արդյունավետ իրականացումը հաստատապես պահանջելու է համապատասխան մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հատկացում եւ տեղական ու մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանների եւ լայն հանրության լիարժեք մասնակցություն։
Մենք վերահաստատում ենք իր առանցքային առաքելությունն իրականացնելու գործում կառավարությանն աջակցելու մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության եւ առաջմղման ամրապնդման նպատակով։