Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Եթե Բան Կի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, Հայաստանի հանդեպ այդ պետության դիրքորոշումը նույնն է մնալու»

Հունիս 30,2014 15:45

«Սա թուրքական մեկ այլ հայտնի գաղափարի մի փոքր փոխված տարբերակն է. Այն, որ 1915 թվականին տեղի են ունեցել երկուստեք զոհեր»,- այսօր՝ հունիսի 30-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հոդվածին, հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ Դավութօղլուն ապրում է քաղաքական գործչի եւ տեսաբանի լուրջ ճգնաժամ եւ շփոթում է տեսությունները գործնական քաղաքականությունում: Նա նշեց, որ Դավութօղլուի առաջ քաշած բոլոր տեսությունները գործնական հարթությունում դատապարտվում են անհաջողության, եւ նա վստահ է, որ այս հայտարարությունը այդ դրսեւորումներից մեկն է լինելու.
«Դավութօղլուի այս հոդվածը եւ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը նույն օպերայի մասն են կազմում: Կարծում եմ՝ երկուսն էլ հստակ ապակառուցողական են՝ քողարկված, իբրեւ թե, կառուցողական, իբրեւ թե, հանդուրժողական դիմակով: Իմ կարծիքով՝ միջազգային հանրությունը՝ հատկապես այն հատվածը, որը ցանկանում է տեսնել իրականությունը, այս ամենին կվերաբերվի մեծ վերապահությամբ»:

Պարոն Մելքոնյանը համարում է, որ կարծիքները, թե պանթուրքիզմի գաղափարներն անցյալում է սխալ են, դրանից կարելի է վտանգ սպասել: Նա նշեց, որ պանթուրքիզիմի առաջին թշնամիներն են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը.
«Բայց պանթուրքիզմն ավելի շոշափելի է դրսեւորվում հատկապես մեզ համար, քանի որ մենք համեմատաբար ավելի թույլ պետություն ենք՝ այդ ամենին դիմագրավելու համար, եւ որովհետեւ պանթուրքիզմն իր գաղափարախոսական հիմքով ունի նաեւ հակահայկական բնույթ, ինչը չենք կարող տեսնել ուրիշ պետությունների հանգամանքում»:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունենալիք ընտրություններին՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան իր պատմության մեջ շատ հետաքրքիր փուլ է ապրում, քանի որ առաջին անգամ է, որ թուրք ժողովուրդն է ընտրելու իր նախագահին, որ նախագահն ունենալու է լայն լիազորություններ, եւ որ Թուրքիայի նախագահ հավակնում է դառնալ խարիզմատիկ առաջնորդ: Թուրքագետի կարծիքով՝ չնայած՝ նախագահական ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչ Էքմելլեդին Իհսանօղլուն, ի տարբերություն Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ունի գիտական ցենզ, բայց քաղաքական առումով նա զիջում է Էրդողանին.
«Ընդդիմության նպատակն իրականում, կարծում եմ, ոչ թե նախագահական ընտրություններում հաղթելն է, քանի որ այն ռեալ չէ, այլ նախագահական ընտրությունների շուրջ ակտիվություն ցուցաբերելն է, եւ քաղաքական իրենց կապիտալը բարձրացնելով՝ Էրդողանի կերպարը մի քանի առումներով խոցելն է»:

Եվ անկախ այն փաստից, թե ո՞վ կդառնա Թուրքիայի նախագահը, Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիայի քաղաքական հենքը եւ մտածողությունը հակահայկական են, եւ այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ էականորեն չի փոխվի.
«Պատմության ընթացքում եղել են թուրք ծայրահեղական նախագահներ, եղել են ավելի հանդուրժողական նախագահներ, բայց դրանից հայության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել, այսինքն՝ Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել, քանի որ այդ համակարգը իր բնույթով ունի հակահայկական կողմնորոշում: Եվ եթե Բան Կի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, միեւնույնն է, Հայաստանի եւ հայության նկատմամբ այդ պետության դիրքորոշումը շարունակելու է նույնը մնալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30