Գոռ Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ. մարտի 4-ին Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում, Արսեն Գալստյանին «ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ», ապօրինի կերպով ձեռք բերված 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Գոռ Պոլեյանն իրեն մեղավոր չի ճանաչել վեց տարի առաջ կատարված սպանության համար:
Ըստ պաշտպանական կողմի, վերջին չորս նիստերի ժամանակ դատավոր Վլ.Գրիգորյանը «դատաքննության ժամանակ անընդհատ հայտարարում է, թե քրեական գործը ծանր է իր հետեւանքներով, ինքը՝ որպես դատավոր, ամեն ինչ անելու է իրականությունը պարզելու, վկաներին դատարան կանչելու համար»:
Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, մինչ օրս որեւէ վկա դատարան չի ներկայացել:
Ավելին, ըստ նրանց, դատարանը հիմք ընդունելով ոստիկանության գրությունը, հրապարակել է վկաների ցուցմունքները, «ակնհայտ կերպով պաշտպանելով մեղադրանքը»:
Կարդացեք նաև
Այս գործով կա «պաշտպանության միջոց կիրառված վկա», այլ խոսքով՝ «փակ վկա»՝ «գաղտնի վկա», որի անձը դատարան չի գալիս, որը պաշտպանվում է պետության կողմից, որն ունի գաղտնանուն:
Գաղտնի վկաների մասին մենք անդրադարձել ենք աշխարհի քառակի չեմպիոն Վարաժ Մանուկյանի գործով, Ավան եւ Նոր Նորք-վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Մեկ այլ գործով էլ՝ պաշտպան Ինեսա Պետրոսյանի պաշտպանյալի, որը չէր դանակահարել ընկերոջը, իսկ «գաղտնի վկան» չտեսնելով խմած հոգեգարի ինքնավնասումը, «տեսել» էր «դանակահարելը»:
Պաշտպանները միջնորդել էին, որ դատարան ներկայանա «գաղտնի վկան», սակայն առանց պաշտպանների միջնորդությունը քննարկելու, առանց մեղադրողի կարծիքը լսելու, «պաշտպանված վկան» դատարան չի ներկայացել, քանի որ դատավորն այդպես է որոշել:
«Դատավորն ասաց, թե պաշտպանված վկան դատարան չի գալու, քանի որ վախենում է իր եւ հարազատների համար: Դատարանը չփորձեց անգամ պարզել դիմումում նշված փաստերը, թե վկային որտեղից է հայտնի դարձել , որ գոռ Պոլեյանի հարազատները ճնշումներ են գործադրում վկաների վրա»,-նշվել էր դատավորին ուղղված պաշտպանական կողմի բացարկում:
«Փակ վկայի» պատճառով դատարանը լքել են ամբաստանյալի պաշտպանները:
Իհարկե, դատարան բերվեց «փակ վկան», երբ արդեն ուշ էր:
Չնայած, ով կարող է վկայել, թե «փակ վկան» դատարանում է գտնվել, հենց նա է եղել «փակ վկան» եւ նա ոչ քննիչն է ու կամ՝ նախաքննությունն իրականացրած ինչ -որ ոստիկան:
«Դատական նիստի կրիչի լսումից մեզ համար պարզ դարձավ, որ դատարանն առանց ամբաստանյալի եւ նրա պաշտպանների, հարցաքննել է վկային՝ պաշտպանական կողմին զրկելով հարցեր տալու իրավունքից»,-նշել են պաշտպանները:
Դատավորն, իհարկե, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, իր որոշմամբ մեղադրել է պաշտպաններին, որ նրանք առանց նախագահող դատավորի թույլտվության, «պաշտպանական միջոց կիրառված անձի հարցաքննությունը թատերական ներկայացում որակելով» հեռացել են դատական նիստերի դահլիճից:
Դատարանը դատական կարգադրիչների միջոցով նաեւ պահանջել էր, որպեսզի ամբաստանյալը դուրս գա դատարանի շենքում գտնվող «խցից», սակայն ամբաստանյալը դահլիճ չի ներկայացել:
Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ