Օրերս ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Փամբակ համայնքում հանդիսավորությամբ բացվեց «Լոռվա oրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տունը:
Միջոցառումն իրականություն դարձավ «Սոսե» բարեգործական հ/կ-ի ջանքերով:
«Սոսե» հ/կ-ի տնօրեն Նելլի Սեդրակյանը, կարեւորելով կենտրոնի բացումը, նշեց, որ ծրագիրը միտված է մարզերում աղքատության ու գործազրկության վերացմանը:
«Այս ծրագիրն ուղղված է տեղի բնակչության շրջանում գործազրկության վերացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը։ Մենք անց ենք կացրել ուսումնասիրություն՝ պարզելու, թե գյուղական զբոսաշրջության որ ոլորտներն ունեն առավել մեծ պահանջարկ։ Արդյունքում կազմվել է ճամփորդական ուղեցույց, որը մոտ ժամանակներում կտրամադրվի տուրիստական գործակալություններին։ Դրանց միջոցով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կտեղեկանան Լոռու և Տավուշի մարզերում մշակութային ժամանցի հնարավոր տարբերակների մասին ու անմիջական կապ կհաստատեն տեղի բնակիչների հետ»,-նշեց Նելլի Սեդրակյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում նաև անց են կացվել անգլերենի դասընթացներ՝ ապահովելու համար նվազագույն շփումը զբոսաշրջիկների հետ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայկական հացի պատմությունն ու խորհուրդը, պատրաստման արարողությունը, Լոռու մարզի ուտեստները։ Ներկայացվեց նաև հայկական տարբեր երաժշտական գործիքների և ազգային պարի պատմությունը: Բացի այդ` միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան դիտելու տեղի բնակիչների ձեռքի աշխատանքները։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում «Սոսե» հ/կ-ի տնօրենը տեղեկացրեց, որ «Լոռվա օրրան»-ում 20 հոգու համար խոհարարության ոլորտում արդեն իսկ աշխատատեղ է ստեղծվել:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ 150,000 եվրոյով: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ