Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Բավականին լուրջ խնդիր է, երբ քաղաքացին իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չի գտնում»

Հունիս 30,2014 13:20

Այսօր Երեւանում անցկացվեց «Կարիերայի ուղղորդման հիմնախնդիրները եւ զարգացման միտումները» խորագրով գիտաժողովը, որի նպատակն է Հայաստանի դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում ընդլայնել մասնագիտական կողմնորոշման ոլորտի ընտրության հնարավորությունները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարիերայի ուղղորդումը որպես գիտական ծառայություն շատ կարեւորում է Հայաստանում. «Այսօրվա աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններն ուղղակի պարտադրում են, որպեսզի քաղաքացիները կարիերայի ուղղորդման վերաբերյալ տեղեկություններ ստանան, որն էլ թույլ կտա աշխատաշուկայի փոփոխվող պայմաններին համապատասխանող մասնագիտություն ունենալ»:

Պրն Ասատրյանի խոսքով՝ բավականին լուրջ խնդիր է, երբ քաղաքացին իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չի գտնում. «Սա մենք կոչում ենք կառուցվածքային գործազրկություն, ինչը առկա է Հայաստանում: Շատ դեպքերում էլ կան տարբեր աշխատատեղեր, բայց չկան համապատասխան մասնագետներ: Դրա համար կարեւորում ենք, որպեսզի քաղաքացիները անընդհատ տեղեկատվություն ստանան այս ուղղությամբ եւ կարողանան կառուցել իրենց կարիերան ամբողջ կյանքի ընթացքում»:

Պրն Ասատրյանը տեղեկացրեց, որ մարզերի եւ Երեւանի մի քանի դպրոցներում իրականացվում են փորձնական ծրագրեր՝ դասընթացներ, ուսուցիչների վերապատրաստումներ: «Ստեղծվել են նաեւ թեստեր, որոնք թույլ են տալիս ստուգել, թե որ մասնագիտությունն է համապատասխանում տվյալ անձին: Ծրագիրը իրականացվում է փորձնական տեսքով ՝ սկսելով դպրոցներից, որպեսզի այն աշակերտները, որոնք նոր պետք է ավարտեն դպրոցը ավելի հստակ իմանան, թե ինչ մասնագիտություն կցանկանան ընտրել, որով էլ հետագայում կաշխատեն»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ տնօրեն Հայկուհի Գեւորգյանն էլ նշեց, որ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանի դպրոցներում չեն իրականացվում ծրագրեր, որոնք աշակերտներին կուղղորդեն դեպի ապագա մասնագիտությունը, իսկ բուհերում վերջերս են ստեղծվել կարիերային կենտրոնները: Սակայն, նրա խոսքերով, այդ կենտրոններն էլ բավարար չեն, որպեսզի շրջանավարտը ավարտելուց հետո հեշտությամբ աշխատանք գտնի:

«Կարիերայի ուղղորդման հիմնախնդիրները եւ զարգացման միտումները» գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30