Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կներեք, բայց ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին գնդակահարել»

Հունիս 30,2014 13:15

«Բացարձակ նման ծրագրեր չկան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին` «Ժառանգությունում» Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության ծրագրեր կա՞ն:

Հիշեցնենք, շաբաթ օրը կայացած կուսակցության հերթական համագումարից հետո, կուսակցության ակտիվ անդամներից երկուսը` Ստեփան Սաֆարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել էին կուսակցության վարչության կազմում ներկայացված լինել: Ավելի ուշ, 1in.am-ին  տված հարցազրույցում Ստեփան Սաֆարյանն ասել էր, որ պատրաստվում է լքել նաեւ կուսակցությունը. «Բնականաբար, ես չեմ կարող հանդուրժել իմ կուսակցության և Քոչարյանի միջև որևէ հնարավոր կապ: Հայաստանի սեփականության վաճառք, Հայաստանի անկախության վաճառք, սպանությունների մեջ մեղսակցություն ու Մարտի 1. սրանք բավական են, որ ես չընդունեմ նրա հետ որևէ համագործակցություն»:

Շրջանցելով Ստեփան Սաֆարյանի դիտարկումները, Արմեն Մարտիրոսյանն ասաց միայն, որ «Ժառանգություն» բոլորը կամավոր հիմունքներով են եկել եւ որեւէ պարտադրանք չի եղել ու ցանկացած կուսակցական ազատ է իր հետագա գործողություններում:

Հովսեփ Խուրշուդյանի մասով էլ ասաց, որ վերջինս դեռ նախորդ վարչության կազմում չի ցանկացել ընդգրկվել, բայց քանի որ առջեւում նախագահական ընտրություններ էին՝ բացառություն է արել: Նա մինչ այդ էլ կուսակցության վարչության անդամ չի եղել: Ավելի վաղ` 2010-11 թվականներից, ըստ Արմեն Մարտիրոսյանի, Խուրշուդյանը բարձրաձայնել է կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին` բավականին լուրջ բեռ որակելով այն: «Հիմա, ընտրական փուլն ավարտել ենք եւ մեր գործընկերոջ ցանկությունը մենք հարգել ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հովսեփ Խուրշուդյանի հետ զրուցել չհաջողվեց: Վերջինիս հեռախոսներն անջատված են: Այժմ, «Ժառանգության» մամուլի խոսնակը Դավիթ Սանասարյանն է:

Aravot.am-ի հարցին, եթե «Ժառանգությունում» Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն չեն տեսնում, ապա ինչո՞ւ բացասական արձագանք չեղավ նրա վերջին հարցազրույցին, որտեղ հնչած մտահոգություններն ուղղակիորեն համընկնում են խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հրապարակած 12 պահանջների հետ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ 12 կետերի հետ համակարծիք են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն, այլ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Դիտարկմանը` այլ բան է ՀՀ քաղաքացիների մեծամասնության համակարծիք լինելը, այլ բան` Ռոբերտ Քոչարյանի, մեր զրուցակիցը հակադարձեց. «Կներեք, բայց ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին գնդակահարել նրա համար, որ ինքը համաձայնվել է այդ 12 կետերից որոշ կետերի հետ»: Արմեն Մարտիրոսյանը նաեւ աբսուրդ որակեց նման դիտարկումներն ու հետեւությունները:

Հարցին` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, որ ինքը հավանական է համարում Ռոբերտ Քոչարյանի եւ խորհրդարանական քառյակի համագործակցությունը, «Ժառանգությունում» համամի՞տ են ԲՀԿ-ական գործընկերոջ հետ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Ժառանգությունում» հնարավոր չեն տեսնում այդ համագործակցությունը. «Ինչպես որ մեր ՀԱԿ գործընկերները հայտարարեցին, որ այդպիսի քաղաքական գործիչ, ըստ էության, չեն ճանաչում»:
Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ քառյակի համագործակցությունը խորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցություն է. «Ռոբերտ Քոչարյանը, կարծես, խորհրդարանական որեւէ ուժի ղեկավար չէ: Երկրորդ` Ռոբերտ Քոչարյանի խնդիրն օրակարգում չկա: Ես հասկանում եմ, իշխանություններին պետք է քառյակի համագործակցությանը կպնելու համար, ինչ-որ կեղծ թիրախներ ստեղծել, կպցնել քառյակին եւ դրանով փորձել հարվածներ հասցնել»:

Ճշտող հարցին` Ռոբերտ Քոչարյանին գործող իշխանություննե՞րն են ասպարեզ իջեցնում, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Չակերտավոր: Որովհետեւ ցանկացած պարագայում պարզ է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի խնդիր չկա»:

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին չի տեսնում առաջնորդի դերում, Քոչարյանն ինքն էլ պաշտոնապես չի հայտարարել իր վերադարձի ցանկության մասին, իսկ իր ակտիվության չափը յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում:
«Ես կարծում եմ, երրորդ նախագահի հետ էլ որոշ մարդիկ չպետք է համագործակցեն եւ համագործակցելով քար շպրտեն «Ժառանգության» վրա»,- ասաց նա` հրաժարվելով իր ակնարկի մանրամասները ներկայացնել: Արդյոք դա իր գործընկերներին` Ստեփան Սաֆարյանին եւ Հովսեփ Խուրշուդյանին է վերաբերվում հարցը պատասխան չստացավ: Արմեն Մարտիրոսյանը խորհուրդ տվեց ուշադրությամբ հետեւել զարգացումներին:
Նա նաեւ հիշեցրեց, որ «Ժառանգությունում» Հայաստանի զարգացման հեռանկարը երեք նախագահների եռանկյունուց դուրս են տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան says:

    Հովսեփ Խուրշուդյանի հեռախոսներն անջատված են, որովհետև նա Հայաստանում չէ….

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30