Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Այդ մարդիկ մարդու իրավունքներ պաշտպանող չեն»

Հունիս 30,2014 13:06

«Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ միասնական փաստաթղթի շրջանակներում նախատեսվում են համակարգային տրամաբանական կապի մեջ գտնվող այնպիսի միջոցառումներ, որոնք վերաբերում են պետական ամենատարբեր ոլորտներին»,- այսօր ՄԱԿ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետը նկատեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների զարգացման տեսանկյունից կարևորագույն դերակատարություն ունեցավ 2012 թվականին ՀՀ Նախագահի կարգադրության հիման վրա ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Այն կարելի է համարել իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական և համակարգային քաղաքականության իրականացման կարևոր գործիք, որը նպատակ ունի ապահովել Սահմանադրությամբ ամրագրված և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում»:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընթերցեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարությունը ու շեշտեց, որ ծրագիրը կենդանի փաստաթուղթ է, որը կարող է ենթարկվել վերանայումների` առավել դինամիկ քայլեր ձեռնարկելու`բազմակարծության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ըստ Բուզետտոնի` ծրագիրը կարևորագույն հնարավորություն է հաշվետվողականություն ցուցադրելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ ծրագիրը ներառում է միջոցառումների մեծ շարք օրենքների ընդունման հարցում ճիշտ ու արդյունավետ պայմանների ստեղծմանն ուղղված գործողությունների իրականացման համար: Նախարարը ծրագիրն արդիական համարեց հատկապես սահմանադրական փոփոխությունների և առաջիկայում իրականացվելիք պետաիրավական բարեփոխումների համատեքստում:

Aravot.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց` այսպիսի փաստաթղթերն ի զորո՞ւ են քաղաքացու արժանապատվությունը պաշտպանել օրինակ` ոստիկանության գործողություններից, որոնց ականատեսը եղանք հունիսի 23-ին ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի տարածքում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ,  պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Պետական պաշտոնատար անձինք, որ խոսում էին, մեխանիկորեն բառեր էին արտահայտում, առանց հասկանալու դրանց բովանդակությունը և զգալու`ինչ են արտասանում: Այդ մարդիկ մարդու իրավունքներ պաշտպանող չեն, չեն հասկանում մարդու կարևորությունը, չեն հասկանում, որ պետականության կրողը ՀՀ քաղաքացիներն են: Սրանք վերամբարձ խոսքեր կամ կենաց չէ, այլ սա հռչակագրի դրույթ է: Մի քանի օր առաջ նախագահը հանձնարարություն է տվել արդարադատության նախարարին ոստիկանության հետ քննարկել ինչ-որ փոփոխություններ.սրանք կապ չունեն ժողովրդի հետ, դրանք յուրային իշխանություն չեն, իսկ ինքնիշխանության հատկություններից մեկը յուրային իշխանություն ունենալն է»:

Հետաքրքրվեցինք` այդ դեպքում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մեխանիզմը ո՞րն է, պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Ժողովուրդը պիտի իրացնի իր ինքնիշխանությունը»:

Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք` արդյոք համամի՞տ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն կարծիքին, թե Սարյան փողոցում ոստիկանությունը ճիշտ է վարվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Շարքային ոստիկանները ճիշտ չեն վարվել, ոստիկանապետը ճիշտ չի վարվել, իրենք անհիմն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30