Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին դասերը Դուրգարյանն ինձնից է ստացել»

Հունիս 30,2014 14:05

Ճանաչված դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը՝
հայաստանյան «խզման» ու վերստեղծված կապերի մասին

Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի (լուսանկարում) ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի հայտագրի երեւալուն պես տարաբնույթ խոսակցություններ ծավալվեցին մասնագետների եւ երաժշտասերների շրջանում: Թեման մեկն էր՝ ինչո՞ւ դիրիժորն իր 50-ամյա հոբելյանը տոնում է ոչ թե Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգով, այլ Կամերայինի հետ: Իսկ խոսակցությունների պատճառն այն է, որ Փեհլիվանյանը թե Հայաստանում եւ թե եվրոպական երկրներում 1990-ականներին քանիցս ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկը, որի հետ երեւանյան վերջին համերգն էլ կայացել է 13 տարի առաջ: Անդրադառնալով 13 տարվա «լռությանը»՝ դիրիժորն ասաց. «Չէին հրավիրում Հայաստան: Իսկ Կամերային նվագախմբի այս հրավերը եղավ գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանից, որին պատահաբար հանդիպեցի Փարիզի ազգային օպերային թատրոնում»:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժորը հայտնեց, որ ընթացիկ տարվա սկզբից իր հոբելյանին նվիրված համերգները կայացել են Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ առանց կոնկրետ երկրներ նշելու էլ հայտնեց, թե առաջիկայում նախատեսված են հոբելյանական երեկոներ այլ երկրներում եւս: Արվեստագետին հիշեցրինք, որ 2001-ին մեզ հետ հարցազրույցում նշել էր, թե իր նվագացանկում իրենց մշտական տեղն ունեն Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները, որ դա հանդիսականի պահանջն է, ու հետաքրքրվեցինք՝ այսօր ավելացե՞լ է հայ կոմպոզիտորների թիվը: Ջորջ Փեհլիվանյանը նախ նշեց, որ ինքն անդրադարձել է Խաչատրյանի հոբելյանին, մեծանուն կոմպոզիտորի երկերը հնչեցրել Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Թել Ավիվում, Մադրիդում եւ այլն, իբրեւ մենակատարներ էլ հանդես են եկել մեր հանրահայտ երաժիշտները՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը եւ ուրիշներ: Ասաց նաեւ, որ վերջին 20 տարին ընտանիքով ապրում է Փարիզում, դասավանդում տեղի ազգային կոնսերվատորիայում եւ ուսանողներին ծանոթացնում է Կոմիտասի երկերի ասլամազյանական մշակումներին, որոնք ընդգրկել է Փարիզի ազգային կոնսերվատորիայի ուսումնական ծրագրում: Նշեց նաեւ, որ ինքը Եվրոպայում ժամանակին առաջին անգամ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան է հնչեցրել, մեկնաբանել Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից: Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչներին աշխարհին ծանոթացնելուն, դիրիժորը համոզված է, որ այս «դաշտում» աշխատանք ունեն կատարելու մշակույթի նախարարությունը եւ ինչու ոչ՝ պետությունը: «Պետք է զարկ տալ մենեջմենթի զարգացմանը Հայաստանում: Մեր օրերում դա խնդիր չէ, պարզապես պետք է ցանկություն ունենալ եւ թեկուզ հեռակա բանակցություններ վարել երաժշտական ագենտների հետ: Դրանց արդյունքում, համոզված եմ, կգտնվեն գործակալություններ, մենեջերներ, որոնք կստանձնեն հայաստանցի լավագույն երաժիշտների ու կոլեկտիվների ճանաչումն աշխարհում: Արդեն հյուրախաղերի կազմակերպմամբ, CD-ների հրատարակմամբ հայ կոմպոզիտորները կներկայանան ու ճանաչելի կդառնան արտերկրում: Գիտեմ, որ Հայաստանում դեռ գործում է Կոմպոզիտորների միությունը. այդ կառույցն էլ պետք է ձեռքերը ծալած չնստի: Կարճ ասած՝ ես կամ դրսում բնակվող հայազգի երաժիշտներս ուժերի ներածին չափով, իհարկե, քարոզում ենք հայ կոմպոզիտորներին, բայց սա, կրկնում եմ, մեծ հաշվով՝ պետության խնդիրն է»,- ասաց Ջորջ Փեհլիվանյանը: Հավելեց, որ Երեւանում գտնվելու օրերին ծանոթացել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ եւ ծրագրում է հետագա համագործակցություն, կուզենար հանդիպել Տիգրան Մանսուրյանին, բայց ինչպես ցանկացած հյուրախաղ, այս այցն էլ կարճատեւ է: «Առանց մենեջմենթի առաջընթաց ակնկալելը պարապ խոսակցություն է»,- զրույցի ընթացքում քանիցս շեշտեց դիրիժորը: Իսկ թե կոնկրետ ո՞վ է զբաղվում իր մենեջմենթով, Ջորջ Փեհլիվանյանը պատասխանեց. «Աշխարհում տարբեր գործակալություններ»: Ժպտալով էլ հավելեց, թե Հայաստանում իր իմպրեսարիոն ժողովուրդն է:

Օրերս էլ Փեհլիվանյանը հրավիրվել էր Օպերային թատրոն՝ մասնակցելու մեներգիչների լսումների գնահատմանը: Դիրիժորն իր հիացմունքը հայտնեց. «Լավ օպերային ձայներ ունեք: Հասցրել եմ մտերմանալ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, որին ծանոթ էի դեռեւս 1990-ականներից, երբ նա ֆիլհարմոնիկ նվագախմբում ֆլեյտահար էր: Իմիջիայլոց, դիրիժորական առաջին դասերը ինձնից է ստացել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30