Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Ամենաշատը նեղանում էր Արարքցյանը, Վանոն նորմալ էր վերաբերվում»

Հունիս 30,2014 14:18

Հիշում է երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը՝ «ToTo»-ն

Ամենշաբաթյա «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք երգիծանկարիչ, նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանին (Toto) (լուսանկարում):
Նա եղել է Երգիծանկարիչների միության նախագահ: Մինչ «Առավոտը»՝ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, հիմնադրել է «Ոզնի» թատրոնը, հետո՝ 1991 թվականից աշխատել է «Ազգ» թերթում:

«Ազգից» անմիջապես հետո, նույնիսկ օր չեմ կորցրել, դուրս եկա, ու միանգամից եկա «Առավոտ»: «Ազգում» տարբեր անուններ էի փորձում, մի անգամ էլ ասի՝ «ToTo» ստորագրեմ, դրանից հետո բոլորը սկսեցին ինձ «ToTo» ասել, անունն ինձ գտավ»,- հիշում է պարոն Թորոսյանը:

toto2

«Առավոտում» աշխատելու համար ինքն է դիմել գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին: «Եկա Աբրահամյանի մոտ, ասացի՝ ես պետք է այստեղ աշխատեմ: Ասաց՝ շատ լավ, բայց ո՞ւմ հանենք, ասի՝ չգիտեմ (ծիծաղում է- Հ.Հ.), ասաց՝ դե լավ, վաղվանից արի: 96-ի սկզբից սկսեցի աշխատել՝ նախ Մամուլի շենքի 10-րդ, ապա 15-րդ հարկում»:

Ծաղրանկարիչն ի սկզբանե խմբագրի կողմից թեմաների ընտրության լիարժեք ազատություն է ստացել. «Ուղղակի հարցնում էի՝ ո՞նց պետք է անել՝ «լա՞յթսի» մեջ, սարկա՞զմի, հումո՞րի»: «ToTo» ստորագրությամբ ծաղրանկարները հանդիպում էին օրաթերթում տպագրվող բոլոր թեմաներով նյութերի հետ: Երգիծանկարիչը պատմում է, որ շրջում էր սենյակից սենյակ, խոսում լրագրողների հետ թեմաներից, նյութերից, հետո սկսում նկարել: «Ոնց որ ասենք՝ ճաշը եփվում է, դու էլ աղն ես, բիբարը…»,- ասում է նա:
«Առավոտի» ժամանակ ես բավականին թշնամիներ ձեռք բերեցի եւ երեւի տասն անգամ ավելի շատ բարեկամներ: Անձնավորված ծաղրանկարներ էլ կային, ամենաշատը նեղանում էին Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, իսկ Վանոն նորմալ էր վերաբերվում, մենակ հարցնում էր՝ բայց նմա՞ն է ինձ…»,- պատմում է Սուքիաս Թորոսյանը: Հիշում է 90-ականների սկիզբը, երբ մամուլն ազատություն ձեռք բերեց. «Երբ արդեն չկար գլավլիտ, մենք էլ էինք «շշկռված», չգիտեինք՝ ազատությունը որտե՞ղ է սկսվում, որտեղ՝ ավարտվում, ի՞նչ կարող ես, ի՞նչ չես կարող, արդյունքում ներքին կարգապահություն էր ստեղծվում, այսինքն՝ դու քեզ թույլ չէիր տալիս ինչ-որ բաներ անել, հետո կամաց-կամաց «դոզան» ավելացնում էինք, որ տեսնեինք՝ հիմա բան կասե՞ն, թե՞ չէ»:

«Առավոտի» առաջին ծաղրանկարիչը սիրով է հիշում խմբագրության աշխատակազմին, նա էլ է հաստատում՝ բոլորը ջերմ էին միմյանց նկատմամբ, օգնելու պատրաստակամությամբ լի. «Ցավոք սրտի, մարդիկ կան, որ կյանքից հեռացան՝ Ժենյան…Ես չեմ հիշում մեկին, որ չմերվեր կոլեկտիվին, դա գալիս էր երեւի ղեկավարից, լիբերալ լինելով հանդերձ՝ Արամ Աբրահամյանը շատ խստապահանջ էր…»:
Ասում է, որ հյուրասեր խմբագրակազմ էր: «Եթե իջնում էիր մի բան գնելու, կամ պետք է բոլորի համար գնեիր, կամ ոչինչ էլ չգնեիր, ու ոչ թե ստիպողական էր, այլ, հյուրասիրությունից սկսած՝ վերջացրած մասնագիտականով, պատրաստ էին միմյանց աջակցել, օրինակ, երբ լրագրողը մի ոլորտ չի պատկերացնում, իսկ դու տեղյակ ես այդ ոլորտին, դու օգնում ես, հուշում ես, կամ ինքն է քեզ հարցնում,- հիշում է Սուքիաս Թորոսյանը,- մի սենյակում գլազոկ էի դրել, բայց թարս կողմից: Ասացին՝ թա՞րս ես դրել, ասի՝ հա, ինձ չի հետաքրքրում՝ ո՞վ է գալիս, ձեզ է հետաքրքրում՝ ես ինչ եմ անում»:
Պատմում է՝ իրավական թեմայով մի հրապարակում եղավ, որի համար ցանկանում էին դատի տալ լրատվամիջոցին, սակայն հետո հասկացան, որ ծաղրանկարին վերաբերող օրենք չկա: «Ստիպված խնդրեցին «ծաղրանկար-հերքում» տպագրենք, տպագրեցինք, բայց ավելի վատ բան ստացվեց, հետո այդ ծաղրանկարն ուղարկեցի Բելգիա, առաջին տեղ գրավեց»,- հիշում է պարոն Թորոսյանը: Հիշում է խմբագրության առաջին տարիները, երբ ինքը նոր էր աշխատանքի ընդունվել, թերթն էլ դեռ պրպտումների մեջ էր: «Այն ժամանակ Աբրահամյանի համար էլ ինչ-որ առումով նոր ոլորտ էր… Հիմա, երբ կարդում եմ նրա խմբագրականները, միշտ նոր, թարմ մտքեր եմ տեսնում»,- ասում է նա:
Սուքիաս Թորոսյանն «Առավոտում» աշխատել է հինգ տարի, ասում է դուրս եկավ՝ «ֆինանսական հարցեր» լուծելու համար: Հիմա նկատում է, որ երգիծանկարչությունը իր մահկանացուն է կնքում: «Այսօր երեք, նույնիսկ երկուսուկես ծաղրանկարիչ կա Հայաստանում»,- ցավով նշում է Սուքիաս Թորոսյանը: Ասում է՝ ինչ-որ միջոցառումներ կազմակերպում են, որ արվեստը վերջնականապես չմեռնի, եկող տարի էլ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային փառատոն են կազմակերպելու՝ «Արեւավիշապ» անվամբ:

«Առավոտի» նախկին ծաղրանկարիչը շնորհավորում է օրաթերթին. «Ցանկանում եմ, որ այն ընդհանրապես մնա, երկարատեւ բրենդ լինի Հայաստանի համար, չկորցնենք այն ու դեղին մամուլ չդառնա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30