Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դատարաններն էլ որբերի համար չեն

Հունիս 30,2014 14:30

Աննա Մարգարյանը 1 տարեկանում կորցրել է մորը: Նրա խնամքը ստանձնում է մորաքրոջ աղջիկը: 2004-ին մահանում է եւ նա, իսկ Աննան հայտնվում է դրսում, քանի որ մորաքրոջ թոռը վաճառում է բնակարանը: Մեր դատարաններն էլ որբերի համար չեն: Ստորեւ տպագրում ենք «Առավոտին» դիմած Աննա Մարգարյանի նամակից մի հատված, որն ուղղվել է իրավապահ եւ արդարադատության մարմիններին:

2004թ. սեպտեմբեր ամսին դատի եմ տվել Դատական ակտերի հարկադիր ծառայությանը, դատական մի քանի նիստ տեղի է ունեցել Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի ժամանակ, երբ բացարկ հայտնեցի դատավոր Սմբատյանին, հայտնելով նրա կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին, նա հայտարարեց՝ դե որ այդպես է, ոչ մի նիստ էլ չի կայանում, ոչ մի վճիռ էլ չի լինի, եւ հայցվորիս շենքից դուրս հրավիրելով՝ կարգադրեց, որ «այս քաղաքացուն» դատարանի շենք ներս չթողնեն:

2013-2014թթ. որոշեցի կրկին դիմել Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարան եւ, ի զարմանս ինձ՝ հայտնաբերեցի բավական ստվար գործս՝ 05-1009/2-5852: «Գործումս» կային բազմաթիվ վկայություններ հարկադիր ծառայության աշխատակիցների՝ Ս. Ստեփանյանի, Տ. Թադեւոսյանի կողմից ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի հարցին եւ հավաստիացումներ, թե ինձ՝ Աննա Մարգարյանիս, ծանուցվել է կատարողական գործողության մասին: Այդ «պատշաճ» ծանուցման հիմքով էլ գործում կար դատավոր Սմբատյանի կայացրած վճիռը, վերաքննիչ դատարանի մի որոշում՝ ի նպաստ հակառակ կողմի:

Մեջբերեմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետեւ՝ ԴԱՀԿ) կողմից քաղգործի 37 էջում զետեղված դիմումը՝ ուղղված Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ Հ. Մակարյանին. «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ք. Երեւան, Նժդեհի 7, թիվ 17 բնակարանում 07.09.04թ. ժամը 11-ին նշանակված կատարողական գործողությունների ընթացքում հասարակական կարգը ապահովելու համար խնդրում եմ աջակցության կարգով ապահովել ոստիկանության աշխատակիցների ներկայությունը: Ոստիկանության գնդապետ՝ Ա. Խաչատրյան»:

Ինձ մինչ օրս հայտնի չէ, թե ում է ապահովել Շենգավիթի ոստիկանությունը, ումից է ապահովել, քանի որ արձանագրության մեջ չկա որեւէ ոստիկանության աշխատակցի անուն: Նշված են պատահական մարդկանց տվյալներ, որոնց իրենց հետ բերել էր հակառակ կողմը՝ իմ բնակարանը զավթելուց հետո այնտեղ հայտնաբերված ավարը բաժանելու համար: Նույն այդ քաղգործում կար մի ծրար, որում գրված է. «դուռը չբացեցին»՝ հասցեագրված՝ ք. Երեւան, Նժդեհի 7, թիվ 17, Ա. Մարգարյանին: Ինչպե՞ս պիտի Ա. Մարգարյանը դուռը բացեր հարկադիր ծառայության ծանուցումը ստանալու համար, երբ բնակարանի փականը փոխված է եղել, եւ ես էլ գտնվում էի դրսում: Այս հանգամանքը ապացուցում է, որ ոչ մի ծանուցում էլ ինձ չի եղել եւ այդ պատճառով է, որ հարկադիր ծառայությունում եւ Աջափնյակի դատարանում գտնված քաղգործում բացակայում են 2004թ.-ից հետո արված իմ բազմաթիվ դիմում-հարցումները, որոնք մնացել են անպատասխան:

Զարմանալի է, որ առայսօր ոչ մի արձագանք չեղավ հակառակ կողմերից եւ լռություն պահպանելն ապացույց է այն հանգամանքի, որ դեռեւս 2006թ. փետրվարի 27-ին գլխավոր դատախազության կողմից տրված 16/323-05 պատասխան գրությունը վերջնական է եւ քննարկման ենթակա չէ: ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել էր ինձ. «Դուք ընդունելության եք եղել ՀՀ գլխավոր դատախազությունում, որտեղ Ձեզ հետ քննարկվել են Ձեր դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործի արդյունքները եւ բացատրվել, որ գործի կարճման հիմքեր չկան»: Այսօր միանգամայն պարզ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այս պատասխանին ավելացնելու ոչինչ չունի: Ինչ խոսք, որ ճշմարտությունը մեկն է լինում: Միայն թե գլխավոր դատախազությունը իր կայացրած որոշումից այնկողմ չի անցել եւ այս գրությամբ ընթացք չի տվել խնդրին, հարցը չի լուծել օրինականության շրջանակներում:

Մինչդեռ 2006թ. ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն իր առանձնասենյակում ընդունելության ժամանակ, ի պատասխան իմ բերած փաստերի, ապացույցների, հայտնեց. «Ես գործը կվերցնեմ իմ վարույթ, կզեկուցեմ գլխավոր դատախազին»: Ավելին, նա անընդհատ նայում էր ինձ, գլխով համաձայնության նշան անում՝ կրկնելով՝ դուք ճիշտ եք, դուք ճիշտ եք:

Իմ բազմաթիվ դիմումների չեն արձագանքում: Իսկ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում:

Իսկ որքան արժեցավ 2004 թվից ճամփա ընկած «Պատշաճ ծանուցումը», որն առ այսօր հասցեատիրոջը հանձնված չէ:

«Առավոտ» օրաթերթ
28.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30