Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեստորանների մեծ մասն ուսանողների ավարտական միջոցառումների համար զեղչեր չի անի

Հունիս 30,2014 14:40

«Առավոտի» հարցումը՝ ուսանողների ավարտական երեկոների մասին

«Առաջին իսկ կուրսից երազել եմ դիպլոմ ստանալու, դրա հետ լուսանկարվելու եւ մի լավ քեֆ անելու մասին: Հաճելի է, երբ ուրախությունդ կիսում ես կուրսընկերներիդ (նրանցից ոմանք դառնում եմ քո իսկական ընկերները), չարախոսների եւ նրանց հետ, որոնց այս 4 տարիների ընթացքում միայն բարեւել ես: Կարեւորն այն է, որ բոլորդ միմյանց հետ կիսել եք նույն տարածքը, լսել նույն դասախոսությունները, միասին անհանգստացել քննությունների ժամանակ»,- ասում է Լիանա Բադալյանը, ով վերջերս ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

Բուհական ավարտական քննություններին սովորաբար հաջորդում են ավարտական երեկոները, որոնց շատերը պատրաստվում են նույնքան մանրակրկտորեն, որքան քննություններին: Մենք հետաքրքրվեցինք 15 երիտասարդներից, թե ինչպես են ծրագրավորել իրենց ժամանցը եւ որքան գումար են նախատեսում: Պարզեցինք՝ միջինը 30 000 դրամ՝ հագուստի, վարսահարդարի, դիմահարդարի, ռեստորանի եւ այլ ծախսերի դիմաց: «Միայն կոշիկ եմ գնել եւ գումար նախատեսել սանրվածքիս, դիմահարդարմանս եւ ռեստորանի համար, ընդհանուր կազմում է 35 000 դրամ: Հագուստս վաղուցվա է, բայց կուրսընկերներիցս ոչ ոք չի տեսել»,- ասում է Նոնա Գաբրիելյանը, ով մեկ ամսից կավարտի Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Մեր հարցման մասնակիցները նշեցին, որ դպրոցն ավարտելու կապակցությամբ ոգեւորությունն ավելի մեծ է եղել, քան հիմա, երբ ավարտում են համալսարանը: «Գուցե պատճառն այն է, որ այն ժամանակ նոր էինք մտնում կյանքի նոր փուլ, չարաճճիություններ անում՝ առավոտվանից մեքենաներով պտույտներ տալով քաղաքում եւ անսպառ խմելով: Հիմա արդեն մեծ ենք եւ ավելի լուրջ, բացի այդ, ավարտական երեկոյի օրը գնում ենք ուղիղ ռեստորան եւ ոչ թե «աղմկում» քաղաքում»,- ասում է 22-ամյա Հայկը, ով ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Այնուամենայնիվ, բոլորն էլ ուզում են ինքնատիպ տեսք ունենալ, ոմանք դրա համար չեն խնայում ոչինչ, իսկ ոմանք փնտրում են քիչ ծախսատար տարբերակներ:
Այս օրերին երեկոյան հագուստի վարձակալման վայրերում շատացել են պատվերները: Փաստում է հարսանյաց եւ երեկոյան հագուստի վարձակալման կենտրոններից մեկի ներկայացուցիչ Լիդիա Սերոբյանը: «Սովորաբար, ամռանը խնջույքներ ավելի շատ են լինում: Մեզ դիմողների թվում քիչ չեն նաեւ ուսանողները, ովքեր ուզում են ավելի սեղմ գնային պայմաններում «տեղավորվել», շատ դեպքերում ընդառաջում ենք»,- ասում է նա: Հարցին՝ որքա՞ն է կազմում զգեստի մեկ օրվա վարձակալման արժեքը, պատասխանում է. «5000 դրամից սկսած, կախված է զգեստի ինքնարժեքից եւ այն հանգամանքից, թե որքան են կրել այդ զգեստը»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ երեւանյան ռեստորաններից մեկից՝ արդյոք զեղչեր արվո՞ւմ են ուսանողների համար, չէ՞ որ վերջիններս նվազ վճարունակ են: «Մարդիկ հիմնականում ռեստորան են գալիս հարսանյաց հանդեսների, ծննդյան տոների, ավարտական երեկոների կապակցությամբ, այսինքն՝ այն ժամանակ, երբ կա ինչ-որ առիթ, ու միշտ չէ, որ մարդիկ ֆինանսապես ապահովված են, ստացվում է, որ մենք պետք է բոլորի՞ն զեղչեր անենք: Ճիշտ է, մեզ մոտ երբեմն ակցիաներ են գործում, բայց կոնկրետ ուսանողների համար զեղչեր չունենք»,- պատասխանեցին ռեստորանի տնօրինությունից (ռեստորանի անունը չենք նշում՝ գովազդից խուսափելու համար-Ն.Բ.):

Բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտողները հավաստիացնում են, որ չեն ընկնում ճոխությունների հետեւից, իրենց համար կարեւորն այն է, որ կուրսընկերների, ինչու չէ՝ նաեւ սիրելի դասախոսների հետ միասին կիսեն իրենց ուրախությունը, որ վերջապես ավարտել են համալսարանը եւ ստացել այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունման համար: Թե որքանով կարդարանան նրանց սպասելիքները, ցույց կտա ժամանակը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30