Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն իրեն դնում է «Աքիլլես» Հ/Կ նախագահի տեղը

Հունիս 30,2014 14:50

Ըստ Ազատ Արշակյանի՝ երկրորդ նախագահն իր հարցազրույցում պետք է ավելի ծանրակշիռ թեմաներից խոսեր, ոչ թե խլեր «Աքիլլես» Հ/Կ-ի գործը

«Շատ լավ է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին խոսում է երկրորդ նախագահը: Էքսնախագահը պետք է լինի փորձառու, ծանրակշիռ խոսք ասող քաղաքացի: Նրա խոսքի հետ հարկավոր է հաշվի նստել եւ շատ կոռեկտ արձագանքել: Բայց կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում մի լուրջ թյուրիմացություն կա»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին այսպիսի կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ «Առաջին հարցը, որի մասին պետք է խոսի պատասխանատու քաղաքական գործիչը, հետեւյալն է՝ կեցցե անկախ Հայաստանը, ոչ մի քայլ հետ չենք գնա, ինքնիշխանությունից ոչինչ չենք զիջի, ես թողել եմ ժառանգություն, պահպանեք իմ թողած ժառանգությունը՝ ինքնիշխան, ազատ, ժողովրդավար Հայաստանը չհանձնե՛ք: Այդպիսի իրավունք պետք է ունենար ինքը: Որովհետեւ շատ ավելի կարեւոր հարց է Հայաստանի ինքնիշխանության հարցը: Նա պիտի ասեր՝ եթե Հայաստանը հրաժարվում է իր ինքնիշխանությունից, ապա ազատ միության, ժողովրդավարական միության, բարձր կենսամակարդակ ապահովող միության օգտին պետք է լինի մեր ընտրությունը, ոչ թե հետադիմության, հակադեմոկրատական միության օգտին: Նա պետք է այդտեղից սկսեր, քննադատեր Եվրասիական միություն մտնելու քայլը, որովհետեւ այս պահին ինքը գործող նախագահը չի, զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը չի: Ինքը կարող է ավելի համարձակ հայտնել իր քաղաքացու կարծիքը: Իսկ քաղաքացու կարծիքը եթե չի պաշտպանում ինքնիշխանությունը, երկրի անվտանգությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մնացած բոլոր հարցերը երկրորդական են, երրորդական, տասներորդական են»:

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի համակարգերին եւ տուգանքների մեծ չափերին: Նա դժգոհել էր, որ մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները, ինչը անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որեւէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը եւ քաղաքակիրթ աշխարհի փորձին:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն դրել է «Աքիլլես» Հ/Կ-ի տեղը. «Շատ մեծ հաջողությամբ հիմա վարորդների իրավունքները պաշտպանող Հ/Կ նախագահը պաշտպանում է վարորդների իրավունքները: Շատ կուզենայի, որ երկրորդ նախագահն ասեր, որ ես 10 տարի մեծ ջանք եմ թափել, քաղաքական կամք եմ դրսեւորել, ձեւավորել եմ վարորդների պրոֆմիությունը, տրանսպորտնիկների պրոֆմիությունը: Ես կոչ եմ անում նրանց համընդհանուր գործադուլ հայտարարել՝ 1 ամսով, ինչքան պետք է: Տեսնենք՝ ոնց են մեր ճանապարհների վրա կարմիր գծեր քաշում, արագաչափեր դնում: Ո՞վ է մեզ կողոպտում: Ինքը պետք է հանի իր պրոֆմիություններին, որ ստեղծել է 10 տարվա ընթացքում: Այդ դեպքում ես կասեի՝ կեցցե նախագահը, ոչ թե «Աքիլլես» Հ/Կ-ի գործը խլի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30