«Ես դատախազ կամ դատավոր չեմ, որպեսզի գնահատական տամ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ճի՞շտ վարվեցին ոստիկանները հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի տարածքում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելով և նրանց բերման ենթարկելով, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Պարոն Մանուկյանը նշեց, որ այդ միջադեպի փաստերին ամբողջապես չի տիրապետում, մամուլից է հատվածական տեղեկություններ ստացել, երբեմն նաև սուբյեկտիվ բնույթի , ուստի «այդ առումով լուրջ քաղաքական գործիչն ու իրավաբանը չհիմնավորված հայտարարություններ չի կարող անել, համենայն դեպս ես դա չեմ անի»:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին Հովհաննես Մանուկյանը հայտարարեց. «Պետությունը սեփական իրավական համակարգ պիտի զարգացնի` առանցքում ունենալով մարդուն ու նրա արժանապատվությունը»:
Հարցին` արդյոք հունիսի 23-ի կատարվածը տեղավորվո՞ւմ է այս հարթությունում, պարոն Մանուկյանն արձագանքեց. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին գնահատականը ճիշտ չէ, որ ես տամ: Եթե կա օրինազանցություն, ապա կան համապատասխան մարմիններ, որոնք դրա գնահատականը պիտի տան: Այստեղ օրենքի պահպանության հարցն է: Ոստիկանն ունի հասարակական կարգի պահպանության և օրինականության ապահովման ֆունկցիա, միևնույն ժամանակ դա չպետք է խախտի մարդու իրավունքները: Ես ինձ չեմ ուզում ոչ դատախազի, ոչ դատավորի դեր վերապահել այդ առումով: Իմ գնահատականները բխում են օրենքից և ժողովրդավարության սկզբունքներից: Չի կարելի մարդկանց իրավունքները խախտել, բաց միևնույն ժամանակ օրենքը և հասարակական կարգը պիտի պահպանվեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ