Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխան տալու 2008-ի «մարտի մեկի» եւ տասը զոհերի համար

Հունիս 30,2014 14:59

«Թե ինչպես Հայաստանի հիմնադիր նախագահը, որն իր ոխերիմ թշնամին էր համարում ՀՀ երկրորդ նախագահին, հանկարծ դարձավ նրա դաշնակիցը»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը հայաստանյան իրավիճակում ոչինչ չի բացառում: Համենայնդեպս, տիկին Ալավերդյանն այդպես արձագանքեց «Առավոտի» հարցին` հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների համագործակցությունը ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերի՝ քառյակի ֆորմատում: Լարիսա Ալավերդյանը ոչինչ չբացառելու հարթությունում երկու գործոն է նշում` մեր քաղաքական գործիչների, նախկինում առաջին դեմքերի անսպառ էներգիան եւ դարձյալ առաջինը լինելու ցանկությունը, ապա մեր ժողովրդի դյուրահավատությունն ու մոռացկոտությունը:

marti-1-2

«1988 թվականին ասում էին` Դեմիրճյան, գնա, Լեւոն Տեր-Պետրոսյան, արի: Տասը տարի անց հնչեց հակառակը»,- հիշեցնում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նաեւ այդ փորձն է ցույց տալիս, որ նախկին առաջին դեմքերը չեն կորցնում կրկին առաջին դեմք դառնալու հույսը. «Ըստ երեւույթին, դա բավականին լավ տեղ է, լավ պաշտոն է, որ այդպես ձգտում են: Ես չեմ հավատում, որ իրենք ուզում են գալ եւ փրկել երկիրը, որովհետեւ այն գործունեությունը, որն իրենք ծավալել են, նաեւ երրորդ նախագահին է վերաբերում, չի վկայում այն մասին, որ իրենք ուզում են գալ եւ փրկել երկիրը: Հակառակը՝ վկայում է այն մասին, որ այդ տարիների ընթացքում իրենք ստեղծել են սեփական կապիտալ` լինի քաղաքական, ֆինանսական, հասարակական եւ այլ, ինչը լրիվ բացատրում է, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ակտիվ»: Հարցին` 2008 թվականի մարտի մեկի տասը զոհերի փաստը ինչպե՞ս կմարսեն քաղաքական ուժերը, մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքական ուժերի մոտ էլ ինքը տեսնում է տենդենց` երբ միավորվում են որեւէ գործի համար, անտեսում են շատ բան: Դա տիկին Ալավերդյանն ամրագրում է նույնիսկ առանց կշտամբանքի՝ նկատելով, որ միջազգային պրակտիկայում էլ բազում օրինակներ կան: Նա գտնում է, որ ընդհանրապես ոչինչ մոռանալ պետք չէ, բայց ավելի կարեւոր հարցեր լուծելու համար, հավանաբար, որոշ հարցեր ժամանակավորապես մի կողմ պետք է թողնվեն` հետագայում անդրադառնալու միտումով: «Ավելին՝ ես կարող եմ ասել, որ հնարավոր է ասեն, թե հենց այդ համագործակցությամբ վերջապես կարելի է բացահայտել այդ հանցագործությունը: Որեւէ մեկը չի կասկածում, որ մարտի մեկի տվյալների տերն ու տիրականը, դրանց տիրապետողը հենց երկրորդ նախագահն է: Երկրորդ նախագահի հրահանգն է եղել եւ գործողությունների սկսումը, եւ գործընթացները մարեցնելը: Այնպես որ՝ բացատրություն միշտ կարելի է գտնել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Հարցին` Ձեր կարծիքով՝ հանրությունը լոյա՞լ կընկալի Ռոբերտ Քոչարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան համագործակցությունը, մեր զրուցակիցը նկատեց, որ հանրությունը միշտ առավել կոշտ է վերաբերվում գործող իշխանությանը, քան անցածին: Այս առումով չթաքցնելով զարմանքը՝ տիկին Ալավերդյանն ասաց, որ ինքը քաղաքական դաշտից սպասում է այն ամենը, ինչը որ հնարավոր է, որ որեւէ մեկի մտքով անցնի: Համենայնդեպս, ինքը չի ընդունում նման գործելաոճը ու հիշեցնում է, որ «Ժառանգության» հետ համագործակցությունը դադարեցրեց հենց մարտավարության փոփոխությունների պատճառով:

«Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք խորհրդարանական քառյակին` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», դիտարկում են որպես «խիստ ժամանակավոր եւ կեղծ մի միավորում, որի հետեւից հենց սկզբից երեւում էին քաղաքական շահեր, ոչ միայն քառյակի ներսի շահերը, այլ նաեւ նույն Ռոբերտ Քոչարյանի, եւ միայն կարելի էր զարմանալ, որ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա իր ականջները կամ այլ բարեմասնությունները ցուցադրի քառյակի ետեւից»: Տիգրան Խզմալյանը հեգնանքով նկատեց, որ մի հիսուն տարի անց կարելի է, իհարկե, ընկեր Փանջունու նման մի վեպ գրել այն մասին, «թե ինչպես Հայաստանի հիմնադիր նախագահը, որն իր ոխերիմ թշնամին էր համարում ՀՀ երկրորդ նախագահին, հանկարծ դարձավ նրա դաշնակիցը»: «Քառյակը հայտարարել է իր քաղաքական նպատակների մասին, առաջին նախագահը հայտարարել է, որ անշրջելի է համարում դեպի ռուս-թուրքական միավորում մեր շարժումը: Մենք այդպես չենք համարում: Մարդիկ, ովքեր աջակցում են դրան, իրենց ֆինանսական, մամուլի եւ մարդկային ռեսուրսներն են ներդնում, մեր գաղափարական եւ ազգային հակառակորդներն են: Հանրության գոնե մի մասը, որին նաեւ ես եմ պատկանում, ամեն բան կանենք, որ դա տեղի չունենա: Այդ պատճառով Ռոբերտ Քոչարյանն ու քառյակը նույնացվել են բավական, եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Տիգրան Խզմալյանը: «Առավոտի» հարցին` մարտի մեկի տասը զոհերի արյունն ո՞ւմ խղճին պետք է ծանրանա, Տիգրան Խզմալյանն ասաց, որ ինքը բարոյական իրավունք չունի այդ պատասխանատվությունը բաժանելու. «Դա ողբերգություն է, որը շարունակվում է: Մարտի մեկը չի ավարտվել, մարտի մեկը շարունակվում է: Հայաստանը մի երկիր է, որն այդպես էլ մարտի 2-ը չի տեսել: Եվ մինչեւ այդ քառյակը, հնգյակը պաշտպանում ու քողարկում է այդ ողբերգությունը` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, իսկ հիմա` նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգնությամբ, քողարկելու այդ էջը, մենք շարունակելու ենք պտտվել այդ արյունոտ շրջանակում: Մենք քաղաքական ձմռան մեջ ենք, քաղաքական գարունը Հայաստանում դեռ չի եկել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Իրականում, ժողովրդի կարճ հիշողության վրա հենվելու վառ վկայությունը հենց այսօրինակ հրապարակումներն են։ Հանրապետականի հետ Տիգրան Խզմալյանի ընտանեկան խաղերն իրոք դեռ չենք մոռացել։ Ինչ վերաբերում է Մարտի 1-ը մոռացության տալուն, պարզ տեսնում ենք, թե ինչպես են աստիճանաբար ավելի ու ավելի շրջում իրականությունն ու Մարտի 1-ը ներկայացնում լրիվ հակառակ դիրքերից հենց իրենց «ընդդիմադիր» հռչակող, իրականում հայտնի ու անհայտ ուժերի ծառայող ամեն գույնի խզմալյաններն ու այլ հանձնարարություն կատարողներ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30