Անցած անգամ խոսեցինք Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց չկարողացանք սպառիչ ու համոզիչ բացատրություններ տալ: Որովհետև Քոչարյանի ֆենոմենն ինչքան որ պարզ, նույնքան էլ բարդ է: Պարզն այն է, որ Հայաստանի երկրորդ նախագահը, ի տարբերություն առաջինի, առանձնապես դեմ չէ իշխանության վերադառնալ: Բոլոր պատճառներն ու հանգամանքները կան, որպեսզի դեմ չլինի: Պատճառ առաջին. եթե Հայաստանը Մաքսային միության լիիրավ անդամ է դառնում, Քոչարյանի` իշխանության վերադառնալու ցանկությունը ոչ միայն տրամաբանական ու բնական է լինելու, այլև` միանգամայն հնարավոր: Պատճառ երկրորդ. Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամների մեծ մասն էս պահին էլ իշխանական ղեկերին են, և, փաստորեն, միայն ինքն է բացակա: Երրորդ ու ոչ երկրորդական պատճառն իշխանասիրությունն է, չորրորդը` անձնական շահերն ու անձնական խնդիրները: Եվ այլն, և այդպես շարունակ:
Այսինքն, Քոչարյանի` իշխանության վերադառնալու պատճառները բազմաթիվ են: Հիմա տեսնենք` ինչը կարող է այդ հարցում խանգարել երկրորդ նախագահին: Առաջին հերթին, իհարկե, Սահմանադրության փոփոխությունը, որի մասին արդեն միանգամայն լուրջ խոսակցություն է գնում, և եթե Սահմանադրության ենթադրյալ դրույթների փոփոխությունն իրականություն դառնա, ոչ միայն Քոչարյանը, այլև Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն էլ չեն կարող վերստին նախագահ դառնալ: Երբևէ: Եթե, իհարկե, Հանրապետության չորրորդ ղեկավարը Սահմանադրության մեջ միանգամայն այլ փոփոխություններ չմտցնի: Ասվածն ամենևին էլ ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև եթե երրորդ նախագահին հաջողվի նոր Սահմանադրություն ընդունել, կստացվի, որ անկախությունից հետո մենք երեք սահմանադրություն ենք ունեցել. այսինքն, ինչքան նախագահ` էնքան սահմանադրություն:
Այսինքն, արդեն պարզից էլ պարզ է, որ նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին, միանշանակ դեմ են Քոչարյանի նախագահ դառնալուն, ինչպես նաև` Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալուն, և ինչքան էլ ասենք ու կրկնենք թե` Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն մարդն են, ստացվում է, որ երրորդ նախագահը սահմանադրական տվյալ փոփոխություններով նպատակ ունի կանխել երկրորդի վերադարձը: Ինչպես նաև` առաջինի:
Այսինքն, մեզանում ամեն ինչ փոփոխության է ենթակա, ներառյալ` Սահմանադրությունը, ներառյալ` երկրորդի և երրորդի հարաբերությունները, ներառյալ` առաջինի և երկրորդի հարաբերությունները, և եթե մի ժամանակ առաջինը հրապարակավ հայտարարում էր, որ եթե երկրորդն առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվի, ինքն էլ է առաջադրվելու, հիմա էդ մասին փիլիսոփայորեն ու մեծահոգաբար լռում է, և, փաստորեն, չլռելու պատճառ էլ չունի, որովհետև, կրկնում ենք, ամեն ինչ կախված է լինելու սահմանադրությունից, և սահմանադրական ենթադրյալ կետերի փոփոխությունից հետո միանգամայն այլ թեկնածուներ են առաջանալու` Հովիկ Աբրահամյանը ներառյալ: Արթուր Բաղդասարյանը` վերստին: Նիկոլ Փաշինյանը` նմանապես: Գագիկ Ծառուկյանին չմոռանանք: Միգուցե նաև Դավիթ Հարությունյանը: Վազգեն Մանուկյանն էլ` ձեզ նվեր: Րաֆֆի Հովհաննիսյանը` նույնպես: Եվ այլն, և այսպես շարունակ: Այսինքն, եթե առաջին ու երկրորդ նախագահների մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների միջոցով բացառվի, մոռացված շատերը կփորձեն իրենց գոյության մասին հիշեցնել:
Այսինքն, այս ու էլի շատ քաղաքական երևելիներ իրենց հոգիների խորքերում կարող են լավ էլ կողմ լինել սահմանադրական փոփոխություններին, և նրանցից շատերը Քոչարյանին կողմ ըլլալով` կարող են միանգամայն դեմ ըլլալ, և նրանցից շատերը սահմանադրական փոփոխություններին կողմ լինելով` կարող են ամենևին այդ մասին չարտահայտվել ու չբարձրաձայնել, որովհետև իրենց փոխարեն Գալուստ Սահակյանը, Աշոտյանն ու էլի շատ ուրիշներ կարտահայտվեն ու կբարձրաձայնեն: Մանավանդ` բավական ժամանակ լռած Ահարոն Ադիբեկյանը:
Կարդացեք նաև
Կարճ ասած, սահմանադրական փոփոխությունների հետ կապված ամենից ավելի առաջին ու երկրորդ նախագահի շահերն են համընկնում, որովհետև նախատեսված սահմանադրական փոփոխությունները եթե իրականություն դառնան, հենց նրանք են զրկվելու առաջադրվելու հնարավորությունից, և չնայած առաջին նախագահը մի առիթով հայտարարել է իր տարիքի մասին, դա ամենևին չի նշանակում թե` ինքն ու իր համակիրներն առաջադրվելու հնարավորությունից էլ կհրաժարվեն: Ասվածը նշանակում է, որ առաջինն ու երկրորդը, իրենց համակիրներով հանդերձ, իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի սահմանադրական փոփոխությունները չնախորդեն Հայաստանի նախագահի հերթական կամ արտահերթ ընտրությանը:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Չի լինի, ավերակները չեն թագավորում, ավերակները դառնում են կամուրջ:Երկիրը չի լինելու, հեքիաթի ժանրը վերջակետ: