Լրահոս
Օրվա լրահոսը

Փիփո Միփո

Հունիս 29,2014 17:00

Այս վերնագիրը ներկայացվող պատմության համար չգիտեմ ինչպես հայտնվեց գլխումս, որը անիմաստ և նրա բովանդակության հետ ոչ մի  կապ չունեցող արտահայտություն է: Սակայն, դա կարևոր չէ, դրան ուշադրություն մի դարձրեք, գլխավորը եղելության հետաքրքրական ընթացքն է:

Անդոյի (անձնագրային անունը` Անդրանիկ Վարդանյան) տրամադրությունը շատ էր ընկել: Կնոջ քույրերը և մինուճար եղբայրը,  ընտանիքներով հանդերձ, «դեսանտ» էին իջեցրել, խրախճանք սարքել ու գիշերն էլ` մնացել նրանց տանը: Առավոտյան զոքանչ մայրիկը` աներոջ հետ բազմել էր առատ սեղանի գլխավերևում և հրամաններ էր արձակում: Քաղաքի տարբեր մասերից էին նրանք ժամանել և հիմա էլ չէին պատրաստվում լքել Անդոյի բնակարանը, որը ընդամենը երկու սենյակ ուներ: Նրա սիրտը նեղվել, մի բուռ էր դառել: Մի շաբաթ կամ կիրակի օր չէր լինում, որ նա իր տանը ազատ շունչ քաշեր, մնացած օրերին աշխատանքի էր գնում և այնտեղ էլ` հանգստանում: Իսկ հիմա չափն անցել էին…

Մի օր Ալմաստ  զոքանչի աղջիկներն էին գալիս թոռների հետ, մի ուրիշ անգամ` մարդաթող եղած թոռնուհիները` անհեր ծոռների հետ, մի օր էլ` նրա մինուճար տղան` իր լաչառ կնոջ հետ: Խեղճ Անդոյին ո՞վ էր հարցնում, թե կարելի է արդյոք այդքան անհանգստացնել մարդկանց: Կնոջ բարեկամները գալիս էին Նոր տարվա տոներին, մեծ ու փոքր զատիկներին, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, մայիսի 1-ին, 9-ին, սեպտեմբերի 21-ին, բոլոր երեխաների ու նրանց ծնողների ծննդյան օրերին…

Հեշտությամբ գալիս էին ու դժվարությամբ գնում: Տեղին գալիս էին, անտեղի գալիս ու դժկամությամբ գնում, մի բան բերում էին, երկուսը-երեքը տանում, ուտել-խմելն էլ հո կար ու կար:

Նրա չորս անչափահաս երեխաները շատ հաճախ հատակին փռված փալասների վրա էին քնում հյուրերի շատության պատճով:

«Ցախի մեյդան է, հո տուն չի, իբր թե եվրոխորհրդարան ենք մտել, նրա չափանիշերին համապատասխան քաղաքակիրթ պիտի դառնանք…»,-քթի տակ  նեղսրտում էր Անդոն ու դրանով էլ մխիթարվում:

Բայց եթե Անդոն, աստված մի՛ արասցե, հանկարծ բարձրաձայն էր արտահայտում իր գանգատը կամ նեղսրտում` մատնանշելով եվրոպական քաղաքակրթությունը, ազատությունը, մարդու իրավունքները և շեշտում, որ գոնե հյուրերը գիշերները չմնան, երեխաներին նեղություն չպատճառեն, այդ ժամանակ Անդոյի հարազատ կինը` Փեփրոնը  զայրույթից պայթում էր.

-Ի՞նչ է, բարեկամներս մեր տուն չգա՞ն, հաց չուտե՞ն, ջուր չխմեն, քեզ ի՞նչ վնաս են տալիս, եվրոխորհուրդը ասում է իրարից կարոտ մնա՞ն, իրար տուն չգնա՞ն:

-Տո, սրանից էլ մեծ վնաս,-Անդոն ցույց էր տալիս հատակին քնած երեխաներին ու զայրույթից դեղնում,-նրանց ազատություն է պետք, հանգիստ ապրել է պետք:

-Եվրոխորհուրդը` էդ քո բարեկամներն են,-չհանգստանալով ասածից` ավելացնում էր Փեփրոնը,- որ հազվագյուտ են քո տուն գալիս ու գալուց առաջ էլ` զանգահարում, թե արդյոք հարմա՞ր է, նեղություն չե՞նք պատճառի, բա, պապենական սովորությունները, մեծերին հարգելը, բարեկամասիրությունը որտե՞ղ մնացին:

Այս հակամարտության վերջը չէր երևում և հաճախ Անդոն նյարդայնանում էր, դուռը շրխկացնելով ծածկում ու դուրս գնում` «թարմ օդ շնչելու»:

«Տո, քո մռութին են կարոտ, որ գան»,-իր համար մտքում զայրանում էր Անդոն, հետո լռում, հիշելով հանգուցյալ հոր պատվիրանը, «կնոջը չեն առարկի, նրա մեջ սատանա կա նստած»:

Այդպես էլ գուցե երկար շարունակվեր, եթե մի օր այդ սատանա ասածը չգար ու չմտներ Անդոյի գլխի մեջ: Մի քանի անգամ մտածածը մտքում ծանր ու թեթև արեց, համոզվեց, որ ճիշտ որոշում է կայացրել, վճռական դուրս եկավ տանից, շրջեց քաղաքում ապրող բոլոր բարեկամների ու ընկերների տները, տեղյակ պահեց նրանց իր «դարդին» ու հորդորեց, որ այցելեն իրենց տուն մենակ կամ ամբողջ ընտանիքներով  շաբաթը գոնե մեկ անգամ, որ նա կարողանա իր «վրեժը» լուծել հարազատ կնոջից:

Անդոյի բարեկամները իբր «ըմբռնումով» մոտեցան նրա  «դարդին»,  և շուտով արդյունքը իրեն զգացնել տվեց:

Նկարագրելը ավելորդ է, թե ինչ էր տեղի ունենում Փեփրոնի հետ: Անդոյի բարեկամները գալիս էին մենակ կամ զույգերով, ամբողջ ընտանիքներով, օրը ցերեկով կամ երեկոյան ուշ ժամերին: Գալիս էին ու հաճախ էլ` գիշերը մնում Անդոյենց  տանը:

Այդ ամենը քիչ համարելով` Անդոն իր պահարանում խնամքով պահված «ազգի ծառը» հանեց ու կախեց ընդարձակ միջանցքում և ամեն անգամ կարմիր մատիտով նշումներ էր անում, թե իր բարեկամներից ու ընկերներից ով է եկել, և ով դեռևս պետք է այցելի իրենց տուն:

Գիտափորձը շուտով տվեց իր դրական արդյունքը և մի բան էլ` ավելի, քանի որ Անդոյի բարեկամները, իրենց տանը «պատահաբար» հանդիպելով Փեփրոնի բարեկամներին (հարազատ խնամիներին), նրանց ջախջախիչ պարտության էին մատնում թե’ քաղաքական բանավեճերում և թե’ նարդու ու շախմատի մրցույթներում` ցուցադրելով իրենց բարձր ինտելեկտուալ մակարդակը:

Փեփրոնի բարեկամների այցելությունները օրեցօր սկսեցին պակասել` հասնելով կործանարար չափերի: Նա մտածում էր հակահարված տալ, բայց դեռ պատասխան լուծումը չէր գտնում:

Վերջապես ելքը գտավ: Սկսեց Անդոյին վատաբանել հենց նրա բարեկամների ներկայությամբ:

-Ահավոր մարդ է,-ասում էր նա,-ես եմ, որ դիմանում եմ այսքան տարի, միշտ լռել եմ` մտածելով ընտանիքս չքայքայել, երեխեքիս անհեր չթողնել, բայց էլ չեմ դիմանում, կբաժանվեմ…

-Ժլատ ու անբան մարդ է,-բողոքում էր Ալմաստ զոքանչը:

Բարեկամները սկսեցին Անդոյին «պախարակել»` ակամա ենթարկվելով կնոջ և զոքանչի քարոզարշավի սադրանքներին:

-Ինչ դաժան մարդ ես եղել, Անդո,  չենք իմացել,-ասում էին նրանք` խղճալով Փեփրոնին:

-Էս հրեշտակ կնո՞ջն էլ մարդ բան կասի…

-Հանդարտ գետն էլ իր հատակում տիղմ ունի…

Չդիմանալով բարեկամների կողմից հասցված այս ծանր բարոյական հարվածներին` Անդոն իբր վատացավ ու անկողին ընկավ:

-Ինֆարկտ է, խեղճը չդիմացավ, էլի’…,-խուլ լսվում էր հեռվից:

-Չէ’, ոնց որ ինսուլտ է…,-շշնջում էին ինչ-որ անծանոթ մարդիկ:

-Վա~յ, Անդրանիկ ջան, իմ բարի, հասկացող, ամեն ինչից գլուխ հանող, բոլորին հասնող, բարեկամասեր, հարևանասեր, երեխայասեր, ես ի՞նչ պիտի անեմ առանց քեզ,-հեռուներից Անդոն լսում էր կնոջ ողբը,-ինձ էլ հետդ կտանես, իմ ապրելը ավելորդ է առանց քեզ…

Երբ երազի մեջ լսած կնոջ ողբի ձայնից Անդոն քնից արթնացավ, իրեն նորից շրջապատված տեսավ Փեփրոնի բազմաթիվ  հարազատներով և դիմացի պատից կախված իր ազգի ծառի երևակայական մտապատկերով, հասկացավ, որ իր մտածածը, արածը և տեսածը միայն տեսիլք էր, չիրականացված երազ:

Անդոյի սիրտը այլևս չդիմացավ և իսկականից վերցրեց ու հանգավ…

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30