Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահի բաց նամակը. «Ամենաթողությանը վերջ տալու համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»

Հունիս 28,2014 19:05

ՀՀ վարչապետ,ՀՀ տարածքային
կառավարման նախարար
պարոն Ա. Գևորգյանին
Սյունիքի մարզպետ
պարոն Վ. Հակոբյանին
Սյունիքի մարզի դատախազ
Պարոն Ա. Աֆադյանին

2014 թվականի հունիսի 22-ին Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից (այս էլ որերորդ անգամ) 40մետր գլորվելով ձորն են ընկել երիտասարդ ազգականներ Կարեն և Գարիկ Օհանջանյանները: Մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի իրական դրդապատճառների ուսումնասիրման և բացահայտման աշխատանքները հերթական անգամ անհույս սպասումներով թողնելով իրավապահ մարմինների՝ հատկապես ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, վաղուց «անշարժ գույքի» և «զբոսաշրջիկի» կարգավիճակ ունեցող Վ. Ավագյանի կողմից ղեկավարվող կառույցի պատասխանատուների իրավասությանը, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա.
Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածը գտնվում է քաղաքի Քրիստափոր փողոցի վերջնամասում: Սյունիքի փողոցի հատման կետից մինչև «Դիտակետ» տանող ճանապարհահատվածը կազմում է 350մետր,որը տարիներ շարունակ համարվում է քաղաքի ամենավտանգավոր, ամենաանբարեկարգ, առանց լուսավորության, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար վատ անցանելի, աղբանոցի վերածված տարածք, և որ ամենամեծ խայտառակությունը կայանում է նրանում, որ «Դիտակետ»-ը քաղաքապետարանի շենքից (այսինքն կենտրոնից) գտնվում է ընդամենը 300մետր հեռավորության վրա,և որ քաղաք այցելած բազմաթիվ հյուրեր և զբոսաշրջիկներ լինելով այդ տարածքում,իրենց վերջնական կարծիքն են կազմում (իհարկե բացասական) քաղաքի մասին:
Հետագա պատահարներից խուսափելու համար (նախկինում եղել են նաև մահվան ելքերով դեպքեր) և կատարված մասնագիտական մոտավոր հաշվարկների արդյունքում Քրիստափոր փողոցի «Դիտակետ» տանող շուրջ 350մետր ճանապարհահատվածի աջ մասի անվտանգությունը ապահովելու,արգելապատ կառուցելու,շրջանակով մետաղական ցանցեր տեղադրելու համար անհրաժեշտ է ընդամենը 20-ից 25 միլիոն դրամի ֆինանսական միջոցներ: Գործող քաղաքային իշխանությանը անցած 14 տարիներին երբևէ չի հետաքրքրել և չի հուզել նմանատիպ անհրաժեշտ և հրատապ հարցերի լուծումը:Այդ տարիների նրանց հիմնական գործառույթը եղել է անօրինական սեփականաշնորհումների, աճուրդների և նվիրատվությունների անվան տակ համայնքի սեփականությունը հանդիսացող տասնյակ շենք-շինությունների, կիսակառույցների և հողատարածքների չնչին գումարներով համատարած թալանը,որոնց վերաբերյալ մամուլում և լրատվական միջոցներում եղել են բազմաթիվ հրապարակումներ:Կատարված բազում անօրինական գործարքներից միայն երկուսի (քաղաքի կենտրոնում գտնվող 700քառ, մետր ընդհանուր մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող երաժշտական դպրոցի երկհարկանի շենքը ծիծաղելի 3 միլիոն 500 հազար դրամով և Սյունիքի 12Ա հասցեի կիսակառույց շենքի 448 քառ. մետր տարածքը հողատարածքի անվան տակ ընդամենը 2 միլիոն 500 հազար դրամով կեղծ աճուրդներով օտարումները) դեպքում քաղաքային բյուջե է մուտքագրվել մի քանի տասնյակ միլիոն դրամի պակաս ֆինանսական միջոցներ: Քաղաքապետարանի թիվ 2 վարչական շենքում անվարձահատույց շուրջ 400քմ տարածք են զբաղեցնում ոչ պետական, ոչ համայնքային ենթակայության մի շարք կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ,որի պատճառով ևս համայնքի բյուջե մուտք չի եղել միլիոնավոր դրամների ֆինանսական միջոցներ: Ցավալի է, որ տարիների ընթացքում շարունակվող այս ամենաթողությանը վերջ տալու համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել թե՛ իշխանության,թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:

Ցավոք,նաև Ձեր լուռ համաձայնության հետևանքով ՀՀ կառավարության և նախագահականի միջանցքներում արված լացուկոծի արդյունքում այս տարվա հունիսի 8-ին կայացած Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ ընտրապայքարից անցողիկ հիմնական թեկնածուին (Տիգրան Կարապետյան) նախապես դուրս թողնելու փորձված մեթոդի հերթական կիրառմամբ և առավելապես 4 տարին մեկ,մի օր մի փոր կուշտ հաց ուտելու հոգեբանություն ունեցող «ընտրողների» շնորհիվ մյուս նախընտրելի թեկնածուից (Հրայր Յոլյան) «հաղթանակ» կորզելով, Վաչագան Ադունցի դիմանկարով վերարտադրվեց քաղաքային ապագա իշխանությունը, որը պետք է շարունակի նախորդի քաղաքականությունը՝ ասպատակությունների ենթարկելով համայնքի ունեցվածքի «վերջին փշրանքները»:
Արդեն իսկ շրջանառվող լուրերի համաձայն քաղաքային նոր իշխանության «առաջնային խնդիրը» լինելու է 2014թ. Հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բյուջեի 72 միլիոն դրամ տարեսկզբի ազատ միջոցների (վերը նշված ալան-թալանը չիրականացնելու դեպքում այդ գումարը կլիներ մի քանի անգամ ավելի) ոչ նպատակային օգտագործումը: Համայնքի վրա ծառացած և հրատապ լուծում պահանջող անթիվ խնդիրների (նաև «Դիտակետի») առկայության պայմաններում նշված գումարի մեծ մասը կփոշիացվի քաղաքապետարանի դիմացի երբեմնի ծառաշատ, հանգստի գոտի հանդիսացած, այժմ հայկական ճարտարապետության հետ որևէ աղերս չունեցող, գորիսեցի հարկատուների հավանությանը չարժանացած,անիմաստ և անճաշակ (ծառերի և թփերի փոխարեն տեղադրվել են մետաղական սյուներ) «կառույցի» վրա: 2013թ. համայնքի սուղ բյուջետային միջոցներից ևս այդ ուղղությամբ «ծախսվել» է շուրջ 20 միլիոն դրամ գումար (https://www.youtube.com/watch?v=TygKaJlZZPs)
Նաև Ձեր թողտվության, Ձեր անտարբերության շնորհիվ է, որ սեփականության, պետական ծառայության դեմ ուղղված և այլ բազմաթիվ հանցանքներ գործած և դեռևս չպատժված գործող քաղաքային և մարզային նախկին իշխանության ներկայացուցիչները ՀՀ քրեակատարողական որևէ հիմնարկության համապատասխան մենախցում կանգնելու փոխարեն իրավունք են վերապահել իրենց կանգնելու ս/թ հունիսի 20-ին Գորիս քաղաքում ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի կազմավորման 18 ամյակին նվիրված միջոցառման հարթակում,հրավիրված հյուրերի՝ ՀՀ Պաշտպանության նախարարի, Սյունիքի մարզպետի և զինվորական բարձրաստիճան սպաների կողքին, առաջացնելով միջոցառմանը այցելած Գորիսի հասարակության զայրույթը, վրդովմունքը և ատելությունը:

Մի՞թե այս երևույթը չի վարկաբեկում մեր պետությանը և մեր բանակին:
Մի՞թե զինվորականները այդքան շուտ մոռացան անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործության դեպքը,որի ժամանակ գնդակահարվեցին գնդապետ Արտակ Բուդաղյանը և բանակաշինության գործի նվիրյալ Ավետիք Բուդաղյանը:

Ի դեպ՝ վերը նշված դեպքի հետ կապված առաջիկայում Բուդաղյանների ներկայացուցիչների, նրանց շահերի պաշտպանի կողմից կլինեն հրապարակումներ՝ ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Գորիսի տարածքային բաժնի, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից նշված գործի նախաքննության ընթացքում թույլ տրված աղաղակող և լրջագույն խախտումների վերաբերյալ (գործի շահերից ելնելով ոչ ամբողջական):
Հարգարժան պարոնայք պետական այրե՛ր.

Սթափվե՛ք և տե՛ր կանգնեք այս համայնքին, նրա հոգսերին, օգտագործե՛ք Ձեր իրավասության շրջանակները և կանխե՛ք տարիներ շարունակ իրականացվող թալանը և լուծե՛ք մեղավորներին օր առաջ պատասխանատվության ենթարկելու հարցերը:

«Դիտակետ»-ի խնդրի լուծումը թողնում ենք Ձեր խղճի վրա:
Կցվում է առաջին լրատվականի 16.04.2014թ. ժամը 18-ի հրապարակումը(https://www.1in.am/265886.html):
Գորիսի հոգսերով և ապագայով մտահոգ հազարավոր համաքաղաքացիների ,իրավապահ մարմինների վետերանների անունից՝
ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների
խորհրդի նախագահ Ռ. Հակոբյան:
28.06.2014թ.
ք. Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30