Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ քաղաքացիներ հարգեցին Լեոնիդ Ազգալդյանի հիշատակը

Հունիս 28,2014 17:56

Լեոնիդ Ազգալդյանի քույրը համարում է, որ ժողովուրդը վաղուց իր եղբորն ընդունում է որպես հերոս

Այսօր՝ հունիսի 28-ին, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի մահվան 22-րդ տարելիցից մեկ շաբաթ հետո, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ եւ Հրաձգային ֆեդերացիայի անդամներ ազատամարտիկի կիսանդրու մոտ հարգեցին նրա հիշատակը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ երեխաներ, որոնց Լեոնիդ Ազգալդյանի ապրած կյանքի մասին պատմեցին նախաձեռնության ավագ անդամները:IMG_2596 (1)

Ակցիայի կազմակերպիչ Մարիա Հովումյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք իրենց հետ բերել են նաեւ երեխաներին, որպեսզի նրանք էլ, ի դեմս Լեոնիդ Ազգալդյանի, ճանաչեն հայոց ազգի իրական հերոսներին: Նա մեզ տեղեկացրեց, որ սա իրենց առաջին, բայց ոչ վերջին ակցիան է. իրենք ծրագրավորել են հաջորդ անգամ այցելել Եռաբլուր՝ զոհված ազատամարտիկների գերեզմաններին.

«Հիմա խառնվել է այդ կատեգորիաները, թե ո՞ւմ են շնորհում ազգային հերոսի կոչում, օրինակ՝ Լեոնիդ Ազգալդյանին այդպես էլ չեն շնորհել այդ կոչումը, եւ մենք այդ բացը լրացնում ենք մեր նախաձեռնությամբ, որպեսզի մեր երեխաներն իմանան, որ նա իսկապես ազգային հերոս է»:

Իսկ միջոցառման մասնակից Հայկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք խոնարհվում են բոլոր նահատակների առջեւ, ովքեր իրենց կյանքը եւ ճակատագիրը ներդրել են Հայաստանի հաղթանակի համար, սակայն նա համարում է, որ կան անհատներ, որոնք ավելին են, քան անհատ: Եվ նրա համար այդպիսի անհատ է Լեոնիդ Ազգալդյանը.

«Մենք այս փոքր արարողությունով ուզում ենք, որ մեր երեխաներն իմանան, թե ով է Լեոնիդ Ազգալդյանը, որովհետեւ ցավոք սրտի, ոչ միայն երեխաներն այլեւ մեր հասակակիցների մեջ լայն զանգվածներ կան, ովքեր չեն ճանաչում Լեոնիդ Ազգալդյանին»:

Հրաձգության ֆեդերացիայի մամլո քարտուղար Լաուրա Ավետիսյանը մեզ հայտնեց, որ ֆեդերացիան միացել է ակցիային, քանի որ կարեւորում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Նա նշեց, որ ֆեդերացիան աջակցում է այդպիսի նախաձեռնություններին եւ հետագայում էլ ծրագրեր ունի ոչ միայն այցելել զոհված ազատամարտիկների շիրիմներին, այլեւ ցանկություն կա պատերազմի մասնակիցների հետ հանդիպումներ կազմակերպել.

«Այսօր մեր ֆեդերացիայում հիմնականում երեխաներ են, ովքեր ճիշտ դաստիարակության կարիքն ունեն: Այս նախաձեռնությունը նախ եւ առաջ մեզ համար է, մեր հոգու կրթության համար է, հետո նոր՝ շրջապատին, հասարակությանը մի բան ապացուցելու»:

Aravot.am-ը հանդիպեց նաեւ Լեոնիդ Ազգալդյանի քրոջ՝ Նելլի Ազգալդյանի հետ, վերջինս իր ուրախությունը ու երախտապարտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր հիշում են Լեոնիդ Ազգալդյանին: Ի տարբերություն ակցիայի կազմակերպիչների՝ տիկին Ազգալդյանը կարծում է, որ շատերն են ճանաչում եւ հիշում իր եղբորը.

«Եղբայրս, բացի ինձնից, ոչ ոք չունի հարազատ այստեղ, բայց մարդիկ այնքան ջերմ են: Ինչքան տարիները շատ են անցնում, այնքան արժեքը զգացվում է, թե ինչպիսի մարդ էր Լեոնիդը»:IMG_2589

Տիկին Ազգալդյանը չի ափսոսում, որ իր եղբայրը չի ստացել ազգային հերոսի կոչում. նա հայտարարեց, որ չի կարեւորում այդ կոչումը, քանի որ համարում է, որ ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր հերոսներին.

«Ժողովուրդն իրեն վաղուց է տվել այդ կոչումը, եւ բոլորն էլ գիտեն այդ խաղերը: Ժողովուրդը չի նայում՝ կոչում ստացե՞լ է, թե՞ չի ստացել, բոլորն էլ վաղուց նրան ընդունում են որպես հերոս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30