Այսօր առավոտյան հայտնաբերվել է Ագարակի կոմբինատի աշխատակից, Ագարակ քաղաքի 54-ամյա բնակիչ Ջանիկ Խաչատրյանի դին:
Հիշեցնենք, որ Ագարակ քաղաքի բնակիչ Ջանիկ Խաչատրյանին Ագարակի կոմբինատի պոմպակայանում հունիսի 26-ի առավոտյան հերթապահություն իրականացնելուց հետո ոչ ոք չէր տեսել: Վերջինիս գտնելու ուղղությամբ հունիսի 26-ից որոնողական աշխատանքներ էին տարվում: Ինչպես քիչ առաջ մեզ փոխանցեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից` այսօր առավոտյան Մեղրու ոստիկանապետն ահազանգել է, որ հայտնաբերվել է բնակչի դին:
Կոմբինատի աշխատակցի դին հայտնաբերվել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում:
Ժամը 11.47-ին հրշեջ-փրկարարները Արաքս գետից դուրս են բերել Ջ.Խ.-ի դին եւ շտապ օգնության ծառայության աշխատակիցները տեղափոխել են Մեղրու բժշկական կենտրոնի Ագարակի տեղամաս: Շրջանառվող նախնական վարկածով` Ագարակի բնակիչը հոսանքահարվել եւ Արաքս գետն էր ընկել: Մեղրու բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ դին այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում, այս պահին պարզ չէ, թե ինչ էր եղել իրականում, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո մանրամասները կպարզվեն:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ