Հաագա, 27 հունիսի 2014 – Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները’ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող գանգատ են ներկայացրել Նիդերլանդների դատական ատյաններին: Հայցն ուղղված է 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների հակահայ հակազգային գործունեության դեմ: Հանրահավաքն ուղղված էր ընդդեմ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս տեղադրված հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել են Նիդերլանդների տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով հերքվել է հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները նույնպես վանկարկել են հակահայ կարգախոսներ:
Ըստ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների ոտնահարվել է հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը` հայ ժողովրդի դեմ խմբային զրպարտություն, խտրականություն և ատելություն հրահրելու պատճառով:
Այդ հանրահավաքի մասին Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարին, Սոցիալական Հարցերի և Աշխատանքի նախարարին, ինչպես նաև Անվտանգության և Արդարադատության նախարարին գրավոր հարցեր են ներկայացրել հոլանդական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ – CDA), Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն – SP), Ժոել Ֆորդեվինդը (Քրիստոնեական միության – CU), Կեես Վան Դեր Ստայը (Բարեփոխված քաղաքական կուսակցություն – SGP) և Ռեյմոնդ Դե Ռոնը (Ազատության համար կուսակցություն – PVV): Բացի Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող հարցադրումներից, այնտեղ կան նաև հանրահավաքի կազմակերպման մասին հարցեր, քանի որ ցրված թռուցիկներից ակնհայտ է դառնում Թուրքիայի Diyanet Կրոնական հարցերով վարչության դերը, որը նաև անվճար երթևեկության միջոցներ է տրամադրել ցուցարարներին:
Միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի համաձայնություն հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձևը):
«Նիդերլանդական Օրագիր»