ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարներին:
Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ձեւավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ է նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում Հայաստանը կրկին տեղ է գտել ամենաբարձր՝ առաջին խմբում: «Սա նաեւ հասարակական հատվածի կազմակերպությունների հետ ձեւավորված աշխատանքի արդյունք է: Մենք, սակայն, չենք բավարարվելու արձանագրված արդյունքներով եւ շարունակելու ենք երեւույթի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը՝ այդ գործում որպես կարեւոր գործընկեր ունենալով հասարակական կազմակերպություններին»,-նշեց փոխվարչապետը:
Հանդիպմանը քննարկվեցին ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում արտացոլված՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող առաջարկությունների իրականացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցն առաջիկայում կքննարկվի Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում՝ առաջարկությունների իրականացման միջոցառումների ծրագիր մշակելու համար: Օրենսդրական լուծումների անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն երկրորդ տարին է ընդգրկվում ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի՝ երկրների դասակարգման սանդղակի ամենաբարձր խմբում: Մինչ այդ տեղ էր զբաղեցնում երկրորդ խմբում:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին