ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ներկա իշխանությունից ազատվելուն են ուղղված:
«Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Գիտենք՝ ինչ վարչախմբի պարագլուխն է եղել, ինչ գործունեություն է ծավալել եւ այսօր ինչ գործունեություն է ծավալում: Ռոբերտ Քոչարյանը, նաեւ Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Գտնում եմ, որ նա «Մարտի 1-ի» հիմնական մեղավորն է, որովհետեւ միայն ինքը կարող էր ու հենց ինքն է տվել այդ հրամանը՝ ներգրավել ՀՀ զինված ուժերին քաղաքացիական գործընթացների մեջ եւ այս վարչախմբի սպասարկուներից, հովանավորներից ու հիմնադիրներից մեկն է»,- ասաց տիկին Փոստանջյանը:
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը քառյակի հետ հնարավոր է, հարցրեց. «Ո՞նց եք պատկերացնում համագործակցությունը Հայաստանի թիվ մեկ օլիգարխի, հանցագործի հետ, ում պաշտոնավարման տարիներին ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, տասը զոհ Երեւանի կենտրոնում բազմաթիվ քաղբանտարկյալներ : Բացի դա ոչ հայ-թուրքական արձանագրությունները, ոչ էլ Մադրիդյան սկզբունքները այսօր չեն ծնվել, ինքն է այդ քաղաքական գործընթացների մեջ եղել: Ի՞նչ եք կարծում մեր գաղափարները համընկնո՞ւմ են, իհարկե՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանը առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին»:
Հարցին՝ «Ժառանգությունը» դուրս կգա՞ քառյակից կամ դե՞մ կլինի Ռոբերտ Քոչարյանի համագործակցությանը, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցել օրինակ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ»:
Կարդացեք նաև
Իսկ ԲՀԿ-ի կողմից քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին հայտարարությունը պատգամավորը տարօրինակ չի համարում, որովհետեւ ըստ նրա, ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ:
Իսկ «Ժառանգության» համագործակցությունը Քոչարյանի անմիջական մասնակցությամբ ստեղծված ԲՀԿ-ի հետ նա համարեց խորհրդարանական խմբակցության աշխատանք:
Քառյակի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունն էլ հնարավոր համարեց միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է զղջալ ու ներողություն խնդրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
եդ հիմա չնասկացանք “մեղադրյալի աթոռ” թե “զղջալ և ներողություն խնդրել”: կողմնորոշվեք տիկին: Եթե, ձեր կարծիքով, հանցանք է գործել, ապա ինչ, բավական է ասել “կներես Զառ ջան” ու կանցնի կգնա? կասկածում եմ թե դա ձեզ այդպես են սովորեցրել օրենքի երկիր համարվող պետության առաջատար համալսարանում: թե դեռ եդ դասին չէյին հասել այդ վեց ամսում:
Եվ գոնե Քոչարյանի դեպքում մի ասեք, որ այդքան ինքնավստահություն չունի ձեր հետ կարողանա հաղորդակցել: չեք տենում ինչ թռփոշ խոսնակ ունի: