Արամ Հարությունյանի կարծիքով՝ նախագահը խանգարում է վարչապետի աշխատանքին
«Եթե անգամ քառյակը գրեր՝ 2 անգամ 2 հավասար է 4, ապա դրա մեջ նախագահի եւ իշխանությունների հրաժարականը կա»,- այսօր՝ հունիսի 28-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ իշխանությունների հրաժարականը ոչ միայն կա քառյակի 12 կետերի մեջ, այլեւ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ: Նա զարմանալի է համարում նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը, թե քառյակը չպետք է գրեր, որ պահանջում են.
«Ակնհայտ է, որ ժողովուրդը դժգոհ է, ակնհայտ է, որ այս իշխանությունը սպառել է իր բոլոր ռեսուրսները եւ քառյակը դարձել է իշխանությունների աչքի փուշը, որովհետեւ քառյակն ունի այն պոտենցիալը, որ միավորելու է ողջ ընդդիմադիր դաշտը: Իսկ նրանք, ովքեր կփորձեն սեպ խրել քառյակի մեջ, ուրեմն՝ նրանք ծառայում են Բաղրամյան 26-ին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, պարոն Հարությունյանը հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը պատվեր է կատարում եւ հույս հայտնեց, որ հաջորդ իշխանությունները չեն օգտվի նրա ծառայություններից:
«Տղե՛րք հեռու գնացե՛ք, այս ժողովուրդի համբերությունը մի օր հատելու է, եւ քաղաքական ուժերի մի կողմ է տանելու. մենք վերապրելու ենք Լիբիայի դեպքերը: Եթե ուզում եք, այս երկրում ապրել, ուրեմն՝ հեռու մնացե՛ք: Եթե ուզում եք, ժողովուրդը ամբոխները խելագարված տարբերակի ժամանակ ձեզ խնայի, ուրեմն՝ ձեզ զուսպ պահե՛ք, եւ իմացե՛ք, որ նախագահը իր ձեռագիրն է՝ փչացնում է, որ էլ ուրիշ տեղ չունենաք գնալու»,- բացականչեց Արամ Հարությունյանը՝ իր խոսքերով պատվեր կատարողների մասին:
Պարոն Հարությունյանը նշեց, որ արդեն վարչապետի հրաժարական տալու խնդիրը չկա, այլ կա ընդամենը մեկ խնդիր՝ մեկ մարդու հրաժարականի խնդիր եւ բոլորը գնում են այդ ուղղությամբ: Իսկ, եթե այդ ճանապարհին խանգարող հանգամանքներ կան, ապա դրանց պետք է մաքրել. «Նա, ով դեմ է համախմբմանը, նա ծառայում է իշխանություններին»:
Նրա կանխատեսմամբ՝ եթե աշնան այդ համախմբումն լինի, ապա Սերժ Սարգսյանն իրենից բացի ոչ մեկին չի կարողանա զոհաբերել: Իսկ վարչապետն ինչքան էլ աշխատի, չի կարող որեւէ արդյունքի հասնել, քանի որ նախագահն իրեն խանգարում է.
«Կա՛մ Հովիկ Աբրահամյանը դառնալու է մահապարտ, կա՛մ Տիգրան Սարգսյանը պետք է նստի, ուրիշ տարբերակ չկա: Հովիկ Աբրահամյանը փորձում է բոլորի հետ լավ լինել, բայց այդպես չի կարող լինել, եթե կա խանգարող, իսկ կառավարությանը խանգարում են հենց Բաղրամյան 26-ից, դա նշանակում է, որ վարչապետից ոչ մի բան կախված չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ