Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի խոստովանությունը.«Ամեն ինչ ճիշտ ենք արել»

Հունիս 28,2014 13:48

«Վերջին տարվա ընթացքում կյանքի բոլոր հույզերն ու եղանակները ապրել ենք, տառապանքը, վերելքը, ցավը: Ամեն մեկը քննադատել ու վերծանել է ամեն ինչ, բայց զղջումից, ներողությունից բացի, ուզում եմ առաջին անգամ ասել, որ մեծ վրձինով, լայն մասշտաբով ամեն ինչ ճիշտ արեցինք: Գրեթե միայնակ փետրվարի տասնութին, ամեն ինչ լայն վրձինով ճիշտ արեցինք, երբ նույնիսկ ապրիլի իննին հարվածները մեր վրա վերցնելով՝ խոսողները խոսեցին, գործ անողները գործ արեցին: Առանց զոհի, առանց սադրիչներին դուր գալու, հավատացինք, որ ժողովուրդը պետք է շարունակի պայքարը եւ իրենց տներում թաղում չի լինելու այդ օրը: Եթե սլաքները ոչ մի բան չանողների կողմից հեշտ էր մեր կողմ ուղղել, թող մեր դեմ ուղղեին, ոչ թե քսան տարեկան երիտասարդի կամ ոստիկանի, որ մատաղ էին գնալու ուրիշի ծրագրին: Ամեն ինչ ճիշտ ենք արել»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, Խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգությունը» իր համեստ ռեսուրսներով օրենքի սահմաններում մասնակցել է նախագահական ընտրություններին եւ հաղթել.«Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում՝ այս մեծ-մեծ խոսացող միջավայրում, խոսքն ու գործը կարող են ցինզիմին հաղթել, հեշտ է ցինիկ դառնալ, պատերի տակ խոսել, մյուսին հարյուր ու մի հարցում մեղադրել:
Բայց դուք ցույց եք տվել, որ հույսը մեր հանրապետությունում կարող է հաղթել»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, փետրվարի 18-ին ժողովուրդը միահամուռ ջախջախիչ հաղթանակ տարավ՝ փոփոխություններ բերելու համար, բայց հաղթանակը պահելու համար խանգարեց անպատրաստ լինելը.« Իմ ցավը ավելորդ անգամ չհիշեմ, բայց մենք ուղղակի ազգովին պատրաստ չենք հաղթանակի: Պատրաստ չէինք ապահովել այդ հաղթանակը, դրա մեջ ամոթ բան չկա, որովհետեւ դրանից մի ամիս առաջ ոչ ոք չէր մտածում հաղթանակի մասին: Ասում էին՝ մենք գնացող ենք, անկարող ենք: Բայց հայ ժողովուրդն արեց ու ցույց տվեց, որ կարող է հաղթանակ ապահովել: Ու սա մարտահրավեր էր ոչ թե թեւաթափ լինելու, այլ ավելի լավ պատրաստվելու համար»:

Նա նկատեց, որ այդ կարեւոր ժամանակահատվածում պետք է իրենց կողքին լինեին նաեւ քաղաքական մյուս ուժերը, քաղաքացիական խմբերը, ոչ թե հետո միանային.« Թող իրենք էլ լինեին, ոչ թե տարեդարձ անեին փետրվարի տասնութին: Եթե քաղաքական հիմնական ուժերը, քաղաքացիական, հակախորհրդարանական հիմնական նախաձեռնությունները ուզում են դուրս գալ իրենց միայնությունից կարող ենք հրապարակ, երկիր կառուցել, եթե ուզենանք… Մեր խնդիրն է՝ այս տարվա ընթացքում այդ արահետների զինվորներին, զորավարներին միասին բերել եւ եթե ուզենան միասնական հրապարակի միջոցով իշխանափոխություն կատարել»:

Հետո պարոն Հովհաննիսյանն ասաց. «Մտնում ենք հերթական պատասխանատու շրջանը: Չգիտենք՝ երբ կլինի ֆիզիկական զանգվածը, երբ հայ ժողովրդի խոսքն ու գործը մեկ կդառնա, բայց դա անպայման կլինի: Կարող է ժամկետների մեջ սխալվենք, կարող է ավելին ցանկանանք, քան հնարավոր է այս պահին: Բայց ակնկալում ենք, որ բոլորը կմասնակցեն այն ամեն ինչին, որ գալու է այս շրջանին…հանուն Հայաստանի փրկության եւ ապագայի՝ մենք կերտում ենք Հայաստանը առանց Սերժ Սարգսյանի նախագահության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30