Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակներից պայթել են գազատարներ, այրվել տնամերձ այգիներ

Հունիս 28,2014 11:50

Բերդի տարածաշրջանի գյուղերը եւ Բարեկամավանը ինտենսիվ գնդակոծվել են

Հունիսի 27-ի երեկոյան, ժամը 17. 30-ից մինչեւ 19-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գարիկ Աբազյանը հայտնեց, որ գնդակները դիպել են գյուղի տների եւ դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը: Գյուղապետի խոսքերով՝ այրվել է գյուղի արոտավայրերի 90 տոկոսը, անասուններն արածեցնելու տեղ այլեւս չկա:

Գարիկ Աբազյանն ասաց, որ ինքը, գյուղի երիտասարդների, սահմանապահների, անտառտնտեսության աշխատողների հետ հրդեհը մարելով, կանգնեցրել են կրակի հետագա տարածումը: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դարձել սարերում գտնվող Շլորկուտ տեղամասի 100-120 հեկտար խոտհարքները Բարեկամավան համայնքին թողնելը: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը դրանց հետ ուղիղ գծով կապ ունեցող համայնքներին միացնելու կառավարության որոշմամբ Շլորկուտի խոտհարքները հանձնվել են Ջուջեւան համայնքին: Գարիկ Աբազյանն ասաց, որ առանց այդ խոտհարքների սահմանամերձ, դժվարին վիճակում գտնվող Բարեկամավանի վիճակն անելանելի կդառնա:

Հունիսի 27-ի ուշ երեկոյան գնդակոծվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ գնդակոծությունը տեւել է ժամը 22-24-ը, գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի գազատարը պայթել է, այն այժմ վերականգնում են: Կամենդատյանն ասաց, որ հունիսի 28-ի առավոտյան մի քանի կրակոց է եղել, սակայն հիմա հանգիստ է: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից տեղեկացանք , որ գնդակոծությունը տեւել է ժամը 22. 15-ից մինչեւ 01.30-ը, ժամը 23. 35-ի սահմաններում անհայտ տիպի մի արկ է պայթել: Նա հայտնեց, որ ազերիների 2 գնդակները ընկել են մովսեսցիների բնակարան,մի դեպքում տան անկողին է վառվել: Մյուս դեպքում մովսեսցին անկողնուց ելնելով եւ քիչ անց վերադառնալով՝ տեսել է, որ ադրբեջանական գնդակը խոցել, շաղ է տվել իր բարձը, նրա բախտը բերել է: Գյուղապետն ասաց, որ հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, սակայն ադրբեջանցիները սրում են իրավիճակը:
«Առաջ որ մերոնք կրակում էին,նրանք ձենները կտրում էին, հիմա շարունակում են կրակել»,-ասաց Ա. Ավալյանը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ հունիսի 27-ի, ժամը 22.30-ի սահմաններում ադրբեջանական կանաչ մի հրթիռ լուսավորել է Այգեպարը, որից հետո սկսվել է գյուղի գնդակոծումը: Այն տեւել է մինչեւ ժամը 23.10-ը, հայ սահմանապահների համարժեք պատասխանից հետո ազերիները կրակը դադարեցրել են: Գնդակոծությունից պայթել է Այգեպարի գազատարը, այն այժմ վերականգնված է, այրվել են այգեպարցի 3 ընտանիքների տնամերձ այգիները: Գյուղապետն ասաց, որ այժմ այրվում է չեզոք գոտին,ծուխը դեպի Այգեպար է շարժվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30