«Կագեբե»-ի հիմքում վախերի շահագործումն է
Ի՞նչ գիտեի ես Յուրի Անդրոպովի մասին 1980-ականների սկզբին: Որ նա երկար տարիներ ղեկավարում էր «կագեբե»-ն՝ այն հիմնարկը, որը հետապնդում էր Ռաֆայել Պապայանին եւ Էդմոն Ավետյանին: Որ Բրեժնեւի մահվանից հետո նա դարձել էր երկրի ղեկավար եւ պայքարում էր «կարգապահության» համար՝ ցերեկը վճռական տեսքով երիտասարդներ «ստուգայցեր» էին կազմակերպում խանութներ, շուկաներ եւ կինոթատրոններ ու հայտնաբերում էին այն մարդկանց, որոնք այդ վայրերն էին այցելում աշխատանքի ժամին:
Պետք է ասել, որ Հայաստանում «կարգապահության ուժեղացմանն» ուղղված միջոցառումներն անցկացվում էին չափազանց ձեւականորեն՝ հավանաբար, հանրապետության ղեկավարությունը հասկանում էր, որ այդ ձեւով ոչ մի կարգուկանոն էլ չի հաստատվի: Հիշում եմ նաեւ, որ Անդրոպովի իշխանության ժամանակ խանութներում հայտվել էր կանաչ պիտակով էժան օղին, որն արժեր ոչ թե 3 ռուբլի 62 կոպեկ, այլ, եթե չեմ սխալվում, 2 ռուբլի 80 կոպեկ:
Եվ հանկարծ մոտ 30 տարի անց «պարզվեց», որ Անդրոպովը մեր պատմության ամենապայծառ կերպարներից մեկն է, կարելի է ասել՝ մի սրբապատկեր, որին մենք՝ նախկին խորհրդային մարդիկ, պետք է երկրպագենք: Ռուսաստանյան երեք դաշնային ալիքներով ցույց են տրվել «փաստագրական» ֆիլմեր, որոնք կոչված էին դա ապացուցել:
Կարդացեք նաև
Այդ ֆիլմերից կարելի է եզրակացնել, որ խորհրդային «կագեբե»-ի նախկին ղեկավարը մեծ ժողովրդավար էր, ազատական հայացքների մարդ, բարեփոխիչ, բարձր ինտելեկտուալ եւ քնարական բանաստեղծ: Մեծն Ստալինի, ոչ այնքան վատ Բերիայի հետ միասին այս հրաշալի Անդրոպովը կազմում է այն եռամիասնությունը, որը հիմք է ծառայել ՌԴ ներկայիս նախագահի գործունեության համար, վերջինս իր մեջ միավորում է այդ բոլոր արժանիքները:
Պարզ է, որ Վլադիմիր Պուտինը սկսել է ծառայությունը հարազատ հիմնարկում հենց Անդրոպովի օրոք, եւ այն ժամանակ է ստացել հայրենասիրության եւ երկրի թշնամիների նկատմամբ անողոք պայքարի առաջին դասերը: Եվ իսկապես, «կագեբե»-ի «բարեփոխիչ» շեֆի շատ գաղափարներ է լայն շրջանառության մեջ դրել, որոնք կիրառվում են այսօրվա Ռուսաստանում, ու այս իմաստով «խորհրդային ռենեսանսը», որն ապրում է մեր բարեկամ երկիրը, եւ որը պարտադրվում է նաեւ մեզ, միանգամայն օրինաչափ է:
1972 թվականին խորհրդային «կագեբե»-ի ղեկավար Յուրի Անդրոպովը քաղբյուրոյին էր ուղարկել գաղտնի զեկույց, որում պահանջում էր պայքար մղել ոչ միայն բառիս բուն իմաստով լրտեսների, այլեւ, այսպես կոչված, «ազդեցության գործակալների» դեմ: Առաջին անգամ լայն կիրառություն էր ստացել այս եզրույթը, որն, ըստ էության, հնարավորություն էր տալիս դավաճանության մեջ մեղադրելու ցանկացած մարդու, որը շփվում է արտասահմանցիների հետ կամ ազատական հայացքներ ունի:
Թե ինչ է նշանակում «ազդեցության գործակալ»՝ դրա մասին կա հարուստ գրականություն: Ահա թե ինչ է գրում ժամանակակից ռուսաստանցի հետազոտողներից մեկը. «Ազդեցության գործակալը ոչ թե կոնկրետ մարդ է, այլ հասարակական ինստիտուտ: Խորհրդային Միության փլուզման (ոչնչացման) իրավիճակի հետ կապված ազդեցության գործակալներ էին եւ մնում են՝ միջազգային մրցույթները, փառատոները, զանգվածային լրատվության միջոցները, տուրիստական շրջագայությունները, միջազգային պարգեւները, հիմնադրամները, կուսակցությունները եւ այլն»:
Քանի որ Խորհրդային Միությունն այլեւս չկա, իսկ «ազդեցության գործակալները» մնում են, ուրեմն պետք է ենթադրել, որ այդ «գործակալները» հիմա էլ կոչված են ոչնչացնել Ռուսաստանը: Ահա թե որտեղից է գալիս վերջերս Պետական դումայի կողմից ընդունված օրենքը, ըստ որի՝ արտասահմանյան դրամաշորհներ ստացող հ/կ-ները պարտավոր են իրենց անվանել «արտասահմանյան գործակալներ»: Հենց այդ պրակտիկան էլ ՌԴ դեսպան Պյոտր Վոլինկինը խորհուրդ է տալիս կիրառել Հայաստանում:
Դա մի ամբողջ փիլիսոփայություն է, որը հիմնված է պարանոյիկ վախերի վրա: «Կագեբե»-ն (այդ բառի լայն իմաստով՝ ոչ թե որպես հատուկ ծառայություն, այլ որպես համակարգ) հիմնված է հենց այդ վախերի շահագործման վրա: Համակարգն այդքան կենսունակ չէր լինի, եթե դրա հիմքում լիներ միայն բռնությունը. մարդկանց հնազանդության մեջ է պահում միստիկ վախը «թշնամական» շրջապատի հնարավոր ագրեսիայից. որքան «թշնամական» է շրջապատը, որքան սարսափելի են դրա «ազդեցության գործակալները», այնքան ավելի շատ կարիք կա ինչ-որ «ուժային կառույցի», որը քեզ կպաշտպանի այդ «թշնամիներից»: Դե, Հայաստանն էլ, որը, մեր պատկերացմամբ, շրջապատված է «թուրքերով», չափազանց պարարտ հող է այդ վախերը շահագործելու համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
…)))…