Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ինչպե՞ս մասնակցի «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշարին

Հունիս 28,2014 14:00

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արտաշես Նազարյանը նշանակումից մի քանի օր անց մեկնել էր Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաք եւ մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության խորհրդի նիստին:

Վերադառնալուց հետո փոխնախարարը հանդիպեց մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմեց նիստի արդյունքների մասին:

Ի թիվս այլ հարցերի, արծարծվել է նաեւ ազգային մարզաձեւերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ առաջարկվել համատեղ անցկացնել «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշար, ինչի մասին Ա. Նազարյանը ներկայացրել է հատուկ կարծիք` մնալով ձեռնպահ:

Փոխնախարարը լրագրողներին ասաց, որ ազգային մարզաձեւերին, անշուշտ, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն հատկացնել եւ դրանք զարգացնել: Սակայն ինքը չի պատկերացնում, թե, օրինակ, մշտապես իր բնօրրանում ապրող քրիստոնյա Հայաստանն ինչպե՞ս եւ ի՞նչ ձեւաչափով կարող է մասնակցել «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշարին: Ընդ որում, այդպիսի միջոցառումներ կազմակերպվում են ու դրանց մասնակցում են Ադրբեջանը, ՌԴ արեւելյան տարածաշրջանի ժողովուրդները, Ղազախստանը…

Արտաշես Նազարյանն իր հերթին առաջարկել է ՀՀ-ում անցկացվող մարզական-մասսայական ծրագրերից ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի օրինակով կազմակերպել ԱՊՀ անդամ երկրների «Լավագույն մարզական ընտանիք» միջազգային մրցաշար, որն ավելի արդյունավետ, բոլորի համար մատչելի մարզական-մասսայական միջոցառում է եւ արդեն մեկ տասնամյակ հաջող քննություն է բռնել մեր երկրում:

Արտաշես Նազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում կատարված աշխատանքները եւ որպես դրական փաստ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, այդ թվում այնպիսիք, որոնք հնարավորություն են տալիս գնահատել եւ խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի եւ մարզչի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտը»,- Չոլպոն-Ատայում նշել է փոխնախարարը եւ ավելացրել, որ ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման երկու օրենքներ են գործում` «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» եւ «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքները:

Նիստին մասնակցել է ԱՊՀ անդամ վեց երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30