Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս օր Հայոց աշխարհի շուրջ

Հունիս 28,2014 14:09

Մարտունիից Մարտունի. օր առաջին

«Երբ վերադառնամ Ղարաբաղից, կփորձեմ գրել այն, ինչ տեսա։ Այստեղ հոդված գրելը մի տեսակ չի ստացվում։ Իմ եւ ուրիշների գրվածքները միայն ժպիտ են առաջացնում (համոզված եմ՝ ոչ միայն ինձ համար)։ Այդուհանդերձ, ուզում եմ առանց պաճուճանքների ներկայացնել առաջին տպավորություններս»,- «Հայք» թերթին Ղարաբաղից ուղարկած նյութս այսպես էի սկսել: 1992 թիվն էր, հուլիս. ծանր մարտեր, ավեր, պատերազմ: Դար անցավ, քսաներկու տարի, աշխարհը նույն կլոր աշխարհն է եւ դարձ ի շրջանս յուր: Սակայն մյուս կողմից՝ եւ աշխարհն է այլ, եւ դարձը ուրիշ…

Երբ ամերիկահայ բարեկամիս՝ Համբարձումին Ղարաբաղ գնալու մտադրությանս մասին ասացի, առանց վարանելու վճռեց. «Պապիին ես պիտի Ղարաբաղ տանեմ»: Պապին՝ 90-ին մոտեցող հայրս, անպայման ուզում էր իր հայրենի Գիշիի թութն ուտել, պապերի, ծնողների, եղբայրորդու՝ Երջանիկի շիրիմին այցելել: Եղբայրս՝ Երջոն, հազիվ 20-ը բոլորած՝ 1993-ի գարնանը զոհվեց Մարտունու բարձունքներից մեկում:

Համբարձումն Ամերիկայից բերած «Լենդ Ռովեր»-ը մանրակրկիտ զննման ենթարկեց, կնոջը՝ Բալասանին պատրաստվելու մեկ օր սահմանեց ու Ղարաբաղ ճամփա ընկանք: Հայաստան վերադարձած ընտանիքի դստերը՝ 12-ամյա Աննային, իր մորական տատ ու պապի տնից վերցրեցինք՝ Հայաստանի Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղից եւ Վարդենիսով, Քելբաջարի լեռներով Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղը գնացինք, ուր պապին պիտի թութ ուտեր: Երկու մարտունեցիներ՝ ղարաբաղցի Կիմն ու հայաստանցի Գառնիկը համոզված էին, որ աշխարհի ամենասքանչելի տեղը Գիշին է ու Արծվանիստը: «Դրախտ ա, դրախտ»,- կրկնում էր հայրս: «Բա էլ ո՞ւր ես գնում, մնա, էլի»,- ասում էր Գառնիկը. այնպես որ՝ մեր ուղեւորության առաջին հատվածը «Մարտունիից Մարտունի» անվանեցինք: Կարծիք կա, որ Հայաստանի Մարտունու շրջանը մեր հայրենիքի մյուս հատվածներից առավել բարեկեցիկ է, եւ այստեղից արտագաղթն ավելի քիչ է, նույն կարծիքի են նաեւ ղարաբաղցիները իրենց Մարտունու շրջանի մասին: Մի էական տարբերություն կա Մարտունի անվանումը կրող հայոց երկու աշխարհների միջեւ՝ Հայաստանի Մարտունին ԾՈՎ ունի՝ ՍԵՎԱՆ անունով: «Անտեր երկիր ա, էլի, բա այդպիսի գեղեցկությունն անտեր կթողնե՞ն»,- իր աչքին անծայրածիր թվացող «մեր զմրուխտի» դարդն էր անում մեր պապին: Համբարձումը՝ ամերիկյան պրագմատիզմը հայրենիքում կիրառելու պատրաստ, ոտքի վրա ռոմանտիկ թվացող մի քանի ծրագրեր առաջարկեց Սեւանա լճի, անտառներն առողջարաններ դարձնելու, ջրի մակարդակը բարձրացնելու եւ այլնի վերաբերյալ: Մակարդակի հարցում Հայաստան, Ղարաբաղ, սփյուռք, կամ ինչպես որ Աննան ասաց՝ «կիսասփյուռք» ներկայացնող մեր խմբի մեջ ես մնացի փոքրամասնություն՝ բոլորը վստահ էին, որ մեր աշխարհի տերերն ու հարուստները չեն թույլ տա իրենց ծովափնյա հարստությունները ջրի տակ անցնեն: Ես, հակառակը, համոզված եմ, որ ջրի մակարդակի բարձրացման դեմ նրանք ոչինչ անել չեն կարող եւ կորստի հետ վաղ թե ուշ հաշտվելու են: Սեւանի լճացող եւ փնթի ափերը տխուր պատկեր են ներկայացնում, թեեւ նոր կառուցված ու կառուցվող ռեստորաններն ու սրճարանները, շքեղ առանձնատների նորաոճ տանիքները փոքր լուսանցք են թողնում մեզանում երբեք չմեռնող հույսի համար: Նախկինում ադրբեջանաբնակ մի քանի գյուղերում աղքատիկ կյանքի նշույլներ կային, ինչը եւս հուսադրող է:

«1992-ի խոր աշնանը, երբ ադրբեջանական զորքը ընդհուպ մոտեցել էր Խաչենի ձորակին ու Խաչենի կամուրջը եթե վերցներ, մինչեւ Ստեփանակերտ կես ժամվա ճամփա կմնար, մարտունեցի զինվորներից մեկը ամենայն լրջությամբ ասաց. «Քալբաջարը պիտի յօր օնինք… հա, մի կարիդոր էլ ա պետքը»: 1993-ի ապրիլի 1-ի վաղ առավոտյան Գորիսի ՆԳ տարածքային վարչության պետ Մուշեղ Խոյլունցը հեռախոսափողը վայր դնելով՝ կամաց շշնջաց. «Մերոնք մտել են Քելբաջար»,- սա 1993-ի գարնանը տպագրված հոդվածիցս է: Քարվաճառ հայկական անվանումը մեզ հարազատ չդարձավ եւ շարունակում ենք ադրբեջանականն օգտագործել: Քսան տարի անց ճանապարհն անշուշտ փոխվել է, սակայն տեղ-տեղ դարձյալ դժվար անցանելի է: Ոսկու հանքերի մոտ «լուրջ պոստ» կա, Հայաստանի եւ Ղարաբաղի դրոշով, ասել է թե՝ տարածքը լավ վերահսկվում է: Երբ մեր «Լենդը» Քարվաճառի գրեթե ամայի լեռներում կանգ առավ, մտահոգվեցինք. ի տարբերություն Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի՝ երթեւեկությունն այս մի «կարիդորում» աշխույժ չէր եւ օգնությունը հազիվ թե շուտ հասներ: Մեր մեքենան, կարծես դա գիտակցելով, ինքն իրեն «խոդ ընկավ» ու բերեց, հասցրեց մեզ մինչեւ Իստիսու (դարձյալ ադրբեջանական բառ): Ճանապարհի երկայնքով բնակեցված տեղեր, անգամ դպրոց, փոքր խանութ-կրպակներ անշուշտ կային, ինչը գրավյալ-ազատագրված տարածքների վերաբնակեցման պետական ծրագրերի ապացույցն է, երեւի…
«Հայաստանը Ղարաբաղին կապող երկրորդ մարդասիրական միջանցքը կարեւոր մարտավարական նշանակություն ուներ` կրճատվում էր ռազմաճակատի գիծը եւ դեպի Մարտակերտ գնացող ճանապարհը: Հայաստանի ու Ղարաբաղի գլխին ագրեսիայի մեջ մեղադրանքներ թափվեցին աշխարհի «խաղաղասեր» հանրության կողմից: Ապրիլի 3-ին Սերժ Սարգսյանը իմ հարցին կպատասխանի. «Ոչ, դա ագրեսիա չէ: Մենք միտք չունեինք Քելբաջարը գրավել: Մենք պարզապես ստիպված էինք այդ շրջանի զինակետերը ոչնչացնել: Ընդամենը»,- սա եւս 1993-ին տպագրված իմ նյութերից է… Թշնամու հենակետերն ի չիք եղան, սակայն մեր աշխարհի սահմաններում անդորր դեռ չկա ու պատերազմի զոհասեղանին դեռ թողնում ենք մեր զավակներին: Այսօր Քելբաջարի ճանապարհով հայերս գնում ենք «տաք ջուր»՝ Իստիսու՝ հայերեն հենց Ջերմուկ կոչվող ավազանը վայելելու, զինվոր-երեխա տեսնելու եւ հիասքանչ Դադիվանքում աղոթք շշնջալու: Վերջինս ի կատար ածելու համար Համբարձումի առաջնորդությամբ մեր «համահայկական» խումբը ճանապարհի խորդուբորդերը հաղթահարեց եւ հասավ Դադիվանքին: Վանքի առաջին կառույցները թվագրվում են 4-րդ դարով, ըստ ավանդույթի այն կառուցվել է ի հիշատակ Թադեոսի աշակերտ Դադիի, որը նահատակվեց քրիստոնեությունն այստեղ քարոզելու համար: Դադիի գերեզմանն այսօր ծածկ ունի, որը, սակայն, նրան քայքայումից չի փրկում… Դադիվանքը հայտնի է իր որմնանկարներով, որոնք քսան տարի առաջ տեսած պատկերն այլեւս չունեն: Մեզ ասացին, որ մի գեներալ որմնանկարները պայծառացնելու նպատակով հրամայել էր լվանալ վանքի պատերը, արդյունքում՝ պատկերները խամրել եւ վնասվել են: Ստեփանակերտում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ որմնանկարները վերականգնելու ծրագրեր կան, մնում է դրանք իրականություն դարձնել: Դադիվանքում արտասահմանից զբոսաշրջիկներ կային, որոնք հատուկ եկել էին այս վանքն ու Դադիի շիրիմը տեսնելու: Նրանք մնում էին գյուղում, մեզ էլ առաջարկեցին գյուղում գիշերել. ոմանք իրենց տները հարմարեցրել են չնչին վարձով հյուրեր ընդունելու համար: Դադիվանքի կողքը մի երիտասարդ իր փոքրիկ բիզնեսն էր «դրել»՝ փայտյա, մետաղյա խաչեր, վանքի պատկերներ, շղթաներ էր վաճառում: Մեր Աննային փոքրիկ խաչ նվիրեցի, որ Դադիվանքը հիշի եւ ինձ պես 20 տարի չսպասի այստեղ նորից գալուն: Օրն արդեն դեպի մյուս կեսն էր թեքվել, իսկ մենք դեռ Մարտակերտի շրջանով պիտի անցնեինք ու հասնեինք Մարտունիի Գիշին, ուր պապին պիտի «թոթ» ուտեր, ուստի շարժվեցինք առաջ:

Շարունակելի
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30