Հունիսի 24-ին՝ ժամը 08.30-ին, Ստեփանավանի բնակիչ Արեն Հարությունյանն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին՝ համաքաղաքացի մի կնոջ հաղորդման հիման վրա եւ ձերբակալվել բնակարանից գողության փորձի կասկածանքով: Կինը հայտնել է իրավապահներին, որ գիշերը՝ ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հարությունյանին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձում էր ներս մտնել, սակայն իրեն տեսնելով՝ դիմել է փախուստի, որի ընթացքում գետնին է գցել բջջային հեռախոսը: Հեռախոսն առգրավված է: Փաստի առթիվ Քր. օր.-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
25-ամյա Արեն Հարությունյանի վերաբերյալ Լոռու դատախազությունը օրերս (հունիսի 13-ին) էր որոշում կայացրել մեկ այլ քրեական գործով՝ սպանության, համաձայն որի՝ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում (ՀՀ քրեական օրենսգրքի 42 հոդված), եւ այդ հիմքով էլ քրեական գործի վարույթը կարճվել է: 7 ամիս Արեն Հարությունյանը կալանքի մեջ էր՝ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Ստեփանավանում Արիչոկ մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար: Ըստ մեղադրանքի՝ Ստեփանավանի Արեւելյան փողոցի իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ իրեն վիրավորելու պատճառով նա վիճաբանության մեջ էր մտել Արա Հախվերդյանի հետ, ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել էր նրա մարմնի տարբեր մասերին եւ զրկել կյանքից:
Սակայն նախաքննության ժամանակ տված ցուցմունքում Արեն Հարությունյանը հայտարարել էր, որ իր ընտանիքի քնած ժամանակ Արիչոկը ոչ սթափ վիճակում ներխուժել էր իրենց տուն՝ ասելով, թե ցանկանում է զրուցել: Զրույցի ընթացքում վեճ էր ծագել նրանց միջեւ, եւ Արիչոկը սպառնացել էր հարվածել դանակով: Արենի մայրը, փորձելով բաժանել կռվողներին, ինքն էր դանակի հարված ստացել: Տեսնելով, որ վեճը թեժանում է, Արենը վազել, խոհանոցից դանակ էր վերցրել ու վերադառնալով՝ մի քանի անգամ հարվածել Արիչոկին: Սակայն նկատելով, որ դիմադրությունը կոտրվել է, ու Արիչոկն այլեւս չի կարող իրենց վնաս պատճառել, դադարեցրել էր, ապա պահանջել ընտանիքի անդամներից ոստիկանություն ու շտապօգնություն զանգահարել:
Արեն Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունում վերին մակարդակներով քննարկելով այս գործը՝ հստակ կարծիք են հայտնել, որ կատարվածն անհրաժեշտ պաշտպանություն է: «Մարդն իրավունք ունի իր ընտանիքը պաշտպանել»,- նկատել է փաստաբանը: 7 ամիս անազատության մեջ մնալու համար էլ չէին պատրաստվում փոխհատուցման պահանջ ներկայացնել իրավապահներին, քանի որ նախկին մեղադրյալը ցանկություն չուներ նորից հայտնվել դատական քաշքշուկների մեջ:
Կարդացեք նաև
Բայց այդ քաշքշուկներից հազիվ ազատված՝ Արեն Հարությունյանին փաստորեն նոր մեղադրանք է առաջադրվում: Ինչպես փաստաբան Գուրգեն Հարությունյանը փոխանցեց, տեղյակ է նոր դեպքից, բայց այս գործով իրեն դեռեւս չեն դիմել Արեն Հարությունյանի շահերը պաշտպանելու համար, ուստի այս պահին որեւէ տեղեկատվության չի տիրապետում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
27.06.2014