Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալի գերեզմանաքարն ու դին դուրս է բերվել օտար գերեզմանատնից

Հունիս 28,2014 14:31

«Առավոտի» բազմաթիվ հրապարակումները՝ կապված Էրեբունու գերեզմանատանը 4 տարի առաջ կատարված աննախադեպ մի պատմության հետ, ավարտվեցին ոչ միայն դատական երեք ատյաններում տարած հաղթանակով, այլ վերջերս՝ դատական ակտի կատարմամբ (վերջին հրապարակումն):

Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունու դատախազին, տարածքային ոստիկանություն, հայտնել, որ հուլիսին այցելելով հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատուն, հայտնաբերել է այլ հանգուցյալի տապանաքար, հուշաքար, այսինքն՝ հայրական գերեզմանատանն այլ հանգուցյալ է հուղարկավորվել: Ոստիկանությունում գործի նյութեր նախապատրաստվեց քաղաքացու հաղորդման կապակցությամբ:

Chitiryan_2

Հարցաքննվեցին ինչպես «Արին Բերդ» գերեզմանատան պատասխանատուները, այնպես էլ «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը, հանգուցյալների՝ երկու տարբեր ընտանիքների անդամները:
«Առավոտի» հրապարակումը զայրացրել էր կողմերից մեկին այնքան, որ խոստացել էին դիակը չհայտնաբերվելու դեպքում փորած փոսում տողերիս հեղինակին գցել, մինչ այդ, իհարկե, նաեւ դիմել դատարան:

2010թ. հոկտեմբերի 27-ին ոստիկանների, Էրեբունու ոստիկանության քննիչի հետ մասնակցեցի գերեզմանատեղիի զննմանը, բացմանը, եւ մեր լուսանկարչական սարքն արձանագրեց, որ Չիթիրյանների գերեզմանատանն ամփոփված է մեկ այլ հանգուցյալ:
Քրեական գործը հետագայում փակվեց հանցակազմի բացակայության հիմքով, չպարզվեց, թե ինչպես է 1991թ. օգոստոսին հուղարկավորվածի կողքին հայտնվել 2009թ.-ից մեկ այլ հանգուցյալ: Աշոտ Չիթիրյանը դիմեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը գտավ, որ Չիթիրյանը ճիշտ է, գերեզմանից պետք է հանվի հանգուցյալը:

Հակառակ կողմը դիմեց վերաքննիչ, ապա Վճռաբեկ, սակայն վճիռը մնաց օրինական ուժի մեջ: Հիշեցնենք, որ պատասխանող կողմը՝ այլ հանգուցյալի հարազատները հակընդդեմ հայցով դիմեցին դատարան, պահանջում էին, որպեսզի նշված գերեզմանատեղիի բարեկարգման ծախսերը՝ 1.860.000 ՀՀ դրամի չափով, այդ թվում՝ վերահուղարկավորման եւ դատական ծախսերը բռնագանձվեն Աշոտ Չիթիրյանից եւ «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունից: Դատարանին հակընդդեմ հայցվորը տեղեկացրել էր. «Գերեզմանատեղիի նկատմամբ բարեխիղճ տիրապետող են հանդիսանում ու փաստացի կատարել են ծախսեր»: Շեշտվում էր՝ մեկ միլիոն 800 հազար դրամի չափով:

Աշոտ Չիթիրյանի հոր գերեզմանը, սակայն, չէր բերվում նախկին տեսքին:

Մի մտավախություն էլ կար. Չիթիրյանի մայրը՝ Շողիկ Չիթիրյանը, անկողնային հիվանդ էր, եւ ցանկացած պահի վտանգված էր նրա կյանքը:

Այդպես էլ եղավ, մայրը մահացավ (խեղճ կինը, որն անկողնային հիվանդ էր 6 տարի, ասում էր՝ մինչ չազատվի գերեզմանը, չեմ մեռնի-Ռ.Մ.):

Դատարանի երեք վճիռները բավարար չեղան մյուս կողմի համար, որպեսզի լքեն օտարի գերեզմանը:

Միայն դատական ակտերի հարկադիր կատարողների միջամտությունից հետո օտար հանգուցյալի հարազատները գերեզմանից…հեռացան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30