Շտապօգնության ծառայության ոլորտը բարեփոխելուց հետո կանչերի թիվը կտրուկ աճել է: Այսօր մեր քաղաքացիներն անգամ թեթեւ գլխացավի կամ ներարկում անելու համար էլ զանգահարում են «Շտապօգնություն», մինչդեռ կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա, իրենց ընտանեկան բժշկին:
«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության «Աջակցություն շտապբուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը կանչերի թվի ավելացումը պայմանավորում է «Շտապօգնության ծառայության» նկատմամբ բնակչության վստահության բարձրացմամբ: ՀՀ բնակչության համար կարեւոր գործառույթ իրականացնող այս ծառայությունը 2011 թվականից սկսած՝ բարեփոխվում է. ավտոպարկը համալրվել է նոր մեքենաներով, համակարգի համար նորագույն սարքավորումներ են ձեռք բերվել, բժիշկները, բուժքույրերն ու վարորդները վերապատրաստվել են:
Նարինե Բեգլարյանի վստահեցմամբ՝ այս հարցում իր ուրույն աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որի շրջանակներում ներկայումս իրականացվում է «Աջակցություն շտապբուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագիրը:
Այս ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը «Շտապօգնության ծառայության» վերաբերյալ, ինչպես նաեւ ծառայությունում ներդնել մշտադիտարկման համակարգ: Ըստ մեր զրուցակցի՝ ծրագրի կողմից արդեն մշակվել եւ գործում է www.1-03.am վեբկայքը, որտեղ հանրության համար հանրամատչելի ներկայացված են «Շտապօգնության ծառայության» վերաբերյալ ամբողջական տվյալներ: Օրինակ՝ վեբկայքից կարելի է տեղեկանալ, թե Երեւանի եւ մարզերի որ բժշկական հաստատություններում է ծավալվում շտապբուժօգնության ծառայությունը: Զետեղված է նաեւ տեղեկատվություն, թե մարզերում ինչ հեռախոսահամարով կարելի է ահազանգել շտապօգնություն: Նարինե Բեգլարյանի խոսքերով՝ մարզերի բնակիչներին ոչ բոլոր բջջային օպերատորներն են հնարավորություն տալիս բջջայինից շտապօգնություն զանգել: Մարզաբնակն իր բջջայինից 1-03 հավաքելով՝ ընկնում է Երեւանի շտապօգնության ծառայություն, եւ շատ հաճախ զուգադիպող փողոցների անունները թյուրիմացություն են առաջացնում: «Միայն ՎիվաՍելլի բաժանորդները կարող են զանգահարել 1-03 եւ ընկնել իրենց տարածաշրջանի շտապօգնության ծառայություն: Եթե այլ բջջային օպերատորից են զանգում, եւ քաղաքացին էլ հնարավոր է՝ այդ պահին շփոթված է լինում եւ չի նշում, որ ինքը Վանաձորից կամ Գյումրիից է զանգում, իսկ այդ քաղաքներում, ասենք՝ նույնպես կա Թումանյան փողոց, ապա թյուրիմացություն է ստացվում: Այդ իսկ պատճառով վեբկայքում նշված են բոլոր այն տեղական հեռախոսահամարները, որոնք նախատեսված են մարզերի շտապօգնության համար»,- մեկնաբանում է տիկին Բեգլարյանը:
1-03 կայքում տեղադրված է նաեւ միջազգային չափանիշներին համապատասխանեցրած դեղերի ցանկը: Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ անկախ նրանից՝ շտապօգնությունը Երեւանինն է, թե մարզայինը, ապահովված է այդ դեղերով: Կայքի նորմատիվային փաստաթղթեր բաժնում ներկայացված է օրենսդրական դաշտը, որով կարգավորվում է շտապօգնության ծառայությունը:
Կարդացեք նաև
Վեբկայքը պարունակում է նաեւ վիճակագրական տվյալներ: Նարինե Բեգլարյանի տվյալներով՝ կանչերի կառուցվածքում բավականին շատացել են ոչ շտապ կանչերը, ինչի հետեւանքով էլ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, եւ պատահում է, որ շտապ դեպքի համար այդ պահին ծառայությունում մեքենա չի լինում. «Մարդիկ այնքան էլ չեն գիտակցում, որ իրականում եթե դա շտապ կանչ չէ, պետք չէ զանգահարել շտապօգնություն, որովհետեւ այդ պահին, հնարավոր է, այդ շտապօգնությունը մեկ ուրիշին շատ ավելի անհրաժեշտ է»:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել են շտապ եւ ոչ շտապ կանչերի դասակարգումները: Փաստաթուղթն այժմ ներկայացված է առողջապահության նախարարի հաստատմանը: Այդ փաստաթղթով հստակ կտարանջատվեն շտապ եւ ոչ շտապ կանչերը, շտապ կանչերն էլ կդասակարգվեն՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի: Նարինե Բեգլարյանն ասում է, որ կանչերի դասակարգումը նույնպես միջազգային փորձի հիման վրա է կատարվելու, եւ ըստ այդմ էլ՝ ամեն կարգի կանչի համար սահմանվելու է համապատասխան ժամանակահատված. «Օրինակ՝ եթե կյանքին վտանգ սպառնացող դեպք է, շտապօգնության մեքենան պետք է առնվազն 8-ից 15 րոպեում հասնի հիվանդին: Եվ կանչը սպասարկող դիսպետչերը գիտի, որ առաջին հերթին մեքենան պետք է սպասարկի 1-ին կարգի կանչը, հետո 2-րդ, ապա 3-րդ: Այսինքն՝ դա մեզ հնարավորություն է տալիս հստակ դասակարգել եւ հնարավորինս ըստ գերակայության սպասարկումը կազմակերպել»:
«Շտապօգնության ծառայության» բուժաշխատողների համար վեբկայքում զետեղված է նաեւ ապացուցողական բժշկության վրա հիմնված տեղեկատվություն, եւ քանի որ ոչ բոլոր բժիշկներն են հնարավորություն ունենում մասնակցել գիտաժողովների, դասընթացների, ապա, ըստ տիկին Բեգլարյանի, այդ նյութերը կարող են նրանց համար որպես ուղեցույցներ ծառայել: Կայքում տեղադրված են նաեւ Եվրամիության կողմից ընդունված գործելակարգեր: Մեր զրուցակիցը կարեւորում է նաեւ գործելակարգերի մշակումը: Ըստ նրա՝ որոշ գործելակարգեր նախարարության կողմից արդեն մշակվել են, ասենք՝ առավել հաճախ հանդիպող իրավիճակներում բժիշկն ինչ պետք է անի. «Անկախ նրանից՝ Երեւանում է, թե մարզում, պետք է բժշկին հնարավորություն տալ ճիշտ այդ ալգորիթմով շարժվել, որպեսզի ինքն էլ պաշտպանված լինի եւ արդեն բուժումն էլ համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Դրանք բժիշկների համար հստակ ուղեցույց են, որոնց կարող են հետեւել»:
Վեբկայքն ունի տեսադարան: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված մոտ 10 հեռուստահաղորդում է հեռարձակվել, որոնց տեսագրություններն այժմ տեղադրված են այդ բաժնում: Մանրամասն ներկայացված է, թե որ դեպքում պետք է շտապօգնություն կանչել, ինչ անել տարբեր իրավիճակներում եւ այլն:
Նարինե Բեգլարյանի ներկայացմամբ՝ համակարգի մշտադիտարկումն ապահովելու համար «Լոկատոր» կազմակերպության կողմից մշակվել է շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգը. «Բոլոր կանչերն ավտոմատացված գրանցվում են համակարգում: Էլեկտրոնային կանչի թերթիկ է մշակվել, կանչը եղավ՝ հենց սեղմում են այդ թերթիկի վրա, հստակ նշվում են կանչի ընդունման, փոխանցման ժամերը: Այսինքն՝ մենք բոլոր կանչերի համար ունենալու ենք հստակ պատկեր, եւ բացառվում են այնպիսի դժգոհությունները, թե մեքենան ուշացումով է տեղ հասել եւ այլն: Ծառայության 1200 աշխատակից դասընթաց է անցել»:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ համակարգի մշտադիտարկման համար որակի գնահատման շուրջ 80 ինդիկատոր է մշակվել, որից 17-ն ընտրվել է առաջին տարում կիրառելու համար. «Հիմնական ռազմավարական ցուցանիշներն ենք ընտրել, կգնահատենք, կտեսնենք՝ ինչպես է համակարգն աշխատում, եւ եթե խնդիրներ գտնենք, արդեն նպատակային միջոցառումներ կձեռնարկենք»:
Նշենք, որ այդ ծրագիրը 1-2 րոպեի ընթացքում տարատեսակ հաշվետվություններ ստանալու հնարավորություն է տալիս, ինչը նախկինում կատարվում էր մարդկանց կողմից, եւ մարդկային գործոնով պայմանավորված՝ հնարավոր էին եւ ոչ ճշգրիտ տվյալներ:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
27.06.2014