«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը հույս ունի, որ Յուրի Վարդանյանը կշարունակի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի արդյունավետ քաղաքականությունը:
– Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս ընդունվեց այս որոշումը Վրաստանի հայ համայնքում` հաշվի առնելով այն կենսական նշանակությունը, որն ունի հարեւան Վրաստանը Հայաստանի համար:
– Հայաստանի դեսպաններից յուրաքանչյուրը առանձնացել է իր հատկանիշներով: Մասնավորապես, Վրաստանում ՀՀ նախկին դեսպանն ուներ հայ-վրացական հարաբերությունների զարգացման իր հստակ տեսլականն ու պատկերացումները հայկական համայնքի զարգացման հարցում: Իհարկե, հիմա էլ հույսեր կան նոր դեսպանի հետ, ակնկալիքներ, որ նախորդի արդյունավետ քաղաքականությունը կշարունակի: Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի մասին առայժմ շատ բան չգիտենք, միայն գիտենք այն, որ նա որոշակի ազդեցություն ունեցող գործիչ է, նաեւ շփումներ ունի Վրաստանի հետ, ինչը կարեւոր է տարբեր հարցերի լուծման առումով: Որպես քաղաքական գործիչ նրան, իհարկե, չեն ճանաչում, որովհետեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը հնարավորություն չի տվել որպես քաղաքական գործիչ նրան ճանաչելու: Ժամանակը ցույց կտա, այժմ բավական բարդ է գնահատել նոր դեսպանի նշանակումը: Անշուշտ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես նոր դեսպանն իրեն կդրսեւորի, եւ ինչ անձնակազմ է աշխատում դեսպանատանը, իսկ այնտեղ աշխատում են հիմնականում մարդիկ, ովքեր լինելով Վրաստանի քաղաքացի` բավական քաղաքականացված են եւ վաղուց են աշխատում դեսպանատանը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներ, որոնք դիվանագիտական աստիճան եւ լուրջ պատկերացումներ ունեն եւ կապահովեն անհրաժեշտ քաղաքականության իրականացումը: Ես ձեռնպահ կմնայի կանխագուշակումներ անել նոր դեսպանի գործունեության վերաբերյալ, որովհետեւ մենք նրան լավ չենք ճանաչում:
– Այսօր Վրաստանը ԵՄ-ի հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Մի քանի օր առաջ պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նշեց, թե վստահ է, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար ներդրումներ կատարելու Վրաստանում, եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա ՌԴ-ում կամ Մաքսային միության այլ երկրներում: Նման հնարավորություններ Դուք տեսնո՞ւմ եք:
Կարդացեք նաև
– Ես լիովին համաձայն եմ նախագահի հետ այն առումով, որ հայ գործարարները ակտիվորեն ներդրումներ կանեն Վրաստանում, դա հիմա էլ է տեղի ունենում: Իսկ վրացի գործարարները արդյոք կիրականացնե՞ն ներդրումներ Հայաստանում` դրանում այնքան էլ վստահ չեմ, որովհետեւ եթե համեմատենք, ապա հայկական բիզնեսի հնարավորություններն ավելի մեծ են Վրաստանում, քան վրացականինը` Հայաստանում, մի քանի պատճառներով: Եվրոպական շուկան ավելի հետաքրքիր է թե հայ, թե վրացի գործարարների համար, դրանում կան մեծ հնարավորություններ, որոնցից դեռեւս չեն օգտվել, մինչդեռ ռուսական շուկայի հնարավորություններն ու կարողությունները, դրա անկայունությունը, դրա բացասական կողմերը նույնպես հայտնի են: Կարծում եմ՝ վրացի այն գործարարները, որոնք կուզենային աշխատել ռուսական շուկայում, ունեն հնարավորություններ խոշոր բիզնես իրականացնելու ուղիղ ՌԴ-ի հետ եւ զուգահեռաբար` նաեւ Վրաստանում: Այդ իսկ պատճառով Հայաստանի միջոցով իրականացնելը գուցե հնարավոր լինի միջին եւ միջինից ցածր բիզնեսի պարագայում, այսինքն` նրանց համար, ովքեր ուղիղ չեն կարող աշխատել Ռուսաստանի հետ: Մեկ անգամ էլ կրկնեմ. կարծում եմ, որ հայկական բիզնեսն ավելի ակտիվ կգործի վրացական շուկայում, քան վրացականը` հայկական շուկայում:
– Սերժ Սարգսյանը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը ցանկանում է Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնում, թեեւ այդ թեմայով լուրջ խոսակցություններ դեռ չկան: Վերջերս «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը Երեւանում նշեց, որ իրենք դիտարկելու են Աբխազիայի ու Վրաստանի միջոցով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման հարցը: Մի քանի օր առաջ էլ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկին հայտնեց, թե Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Աբխազիայի միջոցով Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: Արդյոք ռուս-վրացական հարաբերություններն այն փուլո՞ւմ են, որ հնարավոր լինի աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում հանգուցալուծման հասնել:
– Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում այդ խնդրի լուծմանը հասնելը իրատեսական չէ: Աբխազական երկաթուղու վերագործարկման խոսակցությունները վաղուց են գնում եւ բավական ինտենսիվ: Քաղաքական իրավիճակը Աբխազիայում եւ Վրաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ տարածաշրջանում այնպիսին չէ, որը նպաստեր այդ խնդրի շուրջ համաձայնության կայացմանը: Հնարավոր է, երբ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները հստակեցվեն, այսինքն` այսօր, երբ Վրաստանը ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանն էլ Մաքսային միությանն անդամակցի, դրանից հետո արդեն նախադրյալներ ստեղծվեն այդ հարցի ավելի հստակ դիտարկումների համար: Այսինքն՝ ամեն ինչ կախված կլինի տարածաշրջանում նոր ազդակներից, թեեւ չի կարելի բացառել, որ նոր ազդակները հանգեցնեն առհասարակ այդ հարցի սառեցմանը: Այնուամենայնիվ, այս հարցում դիրքորոշումների փոփոխությունը նոր քաղաքական իրողությունների պայմաններում չի կարելի բացառել:
– Թբիլիսիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ոչ «Վրացական երազանքի», ոչ «Ազգային շարժում» կուսակցությունների ցուցակներում ազգությամբ հայ թեկնածուների անուններ չկային: Ի՞նչն է պատճառը, որ Թբիլիսիում Քաղաքային խորհրդում հայկական ազգանունով պատգամավոր ընդգրկելու ցանկություն չի եղել:
– Այստեղ մի քանի պատճառներ կան: Նախ` իշխող կոալիցիան մրցակցության մեջ է ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների հետ, այլեւ հենց ներսում` միմյանց միջեւ: Պայքարը, այսպես ասած` ցուցակներում անցողիկ տեղերի համար բավական մեծ է: Կոալիցիայում յուրաքանչյուր կուսակցություն կարողացավ ապահովել անցողիկ տեղերի համար մի քանի թեկնածուների, որոնք ազդեցիկ թեկնածուներ էին իրենց կուսակցություններում, եւ դրանց շարքերում հայազգի կուսակցական, ազդեցիկ գործիչներ չկան, այսինքն՝ հայերը չեն զբաղվում քաղաքական սուբյեկտների կառավարմամբ եւ առավել եւս` պետական կառավարմամբ: Հետեւաբար այս հանգամանքը արտացոլվում է նաեւ ընտրական պրոցեսի վրա: Թե ինչու հայերն ընդհանրապես ընդգրկված չեն կոալիցիայի ցուցակում, ապա կարծում եմ, որ այդ հարցը մեծ նշանակություն չունի, որովհետեւ եթե լինեին, օրինակ` 38-րդ հորիզոնականում, այսինքն` ոչ անցողիկ տեղում, միեւնույն է` լինի հայի անուն, թե չլինի: Այսինքն՝ դա կունենար միայն բարոյական նշանակություն, որ կուսակցությունը հանդուրժող վերաբերմունք ունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, քանի որ հայի ազգանուն է ներառել, եւ ոչ ավելին, իսկ դա ոչ այնքան արդար մոտեցում է: Այդպիսի մոտեցում կիրառում էր նախկինում իշխող կուսակցությունը, իսկ այժմ «Վրացական երազանքը» ցույց է տալիս այն, ինչ կա` հայեր չկան, որովհետեւ համարում են, որ ցուցակում չպետք է լինեն հայեր: Սա ավելի անկեղծ մոտեցում է: Այս հանգամանքը` քաղաքական կյանքում հայերի մասնակցության առումով, պետք է հաշվի առնել եւ պատրաստվել հաջորդ ընտրություններին: Նույն իրավիճակն է նաեւ ընդդիմադիր կուսակցություններում` ցուցակների անցողիկ տեղերում հայեր չկան, «Ազգային շարժում» կուսակցության ցուցակում` նույնպես, հավանաբար նույն պատճառով՝ ակտիվ հայեր չկան, որոնք անցողիկ տեղերում կարող էին ընդգրկվել: Այլ կուսակցությունների ցուցակում եղել էին հայեր, բայց ոչ՝ անցողիկ տեղերում, օրինակ` Նինո Բուրջանաձեի կուսակցությունում եղել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված հայազգի թեկնածու, բայց այս դեպքում էլ պարզ էր, որ նա նվազ հնարավորություններ ունի հաղթելու:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2014