«Երբ մեր մարզիկներն անգամ 6-րդ տեղն են գրավում ինչ-որ մրցույթում, մերոնք գնում օդանավակայանում դիմավորում են նրանց, դա լուսաբանվում է հնարավոր բոլոր ձևերով, իսկ միջազգային հեղինակավոր մրցույթներում առաջին տեղեր զբաղեցնող երիտասարդ կոմպոզիտորներին չեն ճանաչում»,- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը մտահոգված է: Ըստ նրա՝ մեր կոմպոզիտորների հաջողությունների մասին տեղեկատվական դաշտը դատարկ է, մինչդեռ, վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին շատ աշխատանքներ են իրականացվել միությունում` կառուցվածքային, ֆինանսական, համերգ-փառատոնային և այլն. «Վերջին ամիսներին միությունը հասցրել է 3 փառատոն անցկացնել, 4-րդն ընթացքի մեջ է, իսկ հունիսի 30-ին կմեկնարկի 5-րդ փառատոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Սաթյանը:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Ա. Սաթյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին միությունը միջազգային նշանավոր ֆիրմաներին կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ դրանք ձայնագրել-տպագրելու համար: Բացի այդ, Նյու Յորքում և Քվեբեկում առաջիկայում կլինեն համերգներ, որոնց ընթացքում կհնչեն Տ. Մանսուրյանի, Լ. Չաուշյանի, Դ. Սաթյանի, Ջ. Տեր-Թադևոսյանի և Ա. Աքշելյանի ստեղծագործությունները:
Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահը համաձայն չէ տարածված այն կարծիքին, թե հայկական դասական երաժշտության պահանջարկ չկա. «Երիտասարդ կոմպոզիտորների մի խումբ վերջերս եղավ Գորիսում և Ղափանում: Դուք պետք է տեսնեիք, թե ինչպիսի խանդավառությամբ այնտեղ ընդունեցին այն երաժշտությունը, որն այսօր հեռուստատեսությամբ և ռադիոյով չի հնչեցվում,- ասում է Ա. Սաթյանը,- դա հեռուստատեսությունների պնդումն է, թե պահանջարկ չկա: Այդ ինչպե՞ս է՝ ամբողջ աշխարհում Ա. Խաչատրյանի երաժշտության պահանջարկը կա՞, իսկ մեզ մոտ չկա՞: Պահանջարկը մենք ենք ստեղծում: Մեր երաժշտարվեստն այսօր շատ ծանր վիճակում է: Դուք տեսնում եք, թե ինչով են հեղեղված հեռուստաէկրանները: Եվ եթե ցանկանանք մեր աչքերը փակել ու երգել հեռուստատեսությամբ հնչող երգերից որևէ մեկը, կարող ենք հանգիստ նույնը երգել նաև անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, որովհետև այստեղ հայկական մտածողություն չկա: Շատերին թվում է՝ եթե հայերեն են բառերը, ուրեմն՝ դա հայկական երգ է: Ո´չ»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Այսօրվա մեր ժանգոտ ԶԼՄ-ի համար, հայտարարություններով հեղեղված Աշոտ Ղազարյանի որդու հարսանիքն ավելի կարեւոր եւ նշանակալից է,քան հայ կոմպոզիտորի որեւէ հաջողություն արտասահմանում, եւ ոչ միայն:Սելավի……